2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին ներկա էին գրեթե բոլոր անդամ կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մեկնարկին, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ողջունելով աշխատանքային խմբի անդամներին խնդրեց ներկայանալ, քանի որ աշխատանքային խմբում փոփոխություններ էին տեղի ունեցել:
Այնուհետև Վ. Կաժոյանը խոսքը փոխանցեց հանդիպման հյուր, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Քաղաքական բաժնի ներկայացուցիչ՝ տիկին Սոմերին, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել նիստին և ավելացրեց. «Արդեն 6 ամիս է, ինչ գտնվում եմ Հայաստանում և միջոցառումների ժամանակ, որպես լավ օրինակ և մոդել բազմիցս այս աշխատանքային խումբն են օրինակ բերել: Հատկանշական է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս իր հանդիպումներում բազմիցս ակնարկել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում տարված աշխատանքները գոհացուցիչ և օրինակելի են»:
Տիկին Սոմերը ներկայացրեց նաև ԱՄՆ Դեսպանության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի» դրամաշնորհային նոր ծրագիրը, որին կարող են դիմել ՀՀ-ում գործող միջազգային այն կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում թրաֆիքինգ երևույթի դեմ պայքարում: Դրամաշնորհի ըձեռնման նախապատվություն կտրվի այն միջազգային ընկերությանը, որի շահերը կհամընկնեն ծրագրի շահերի հետ:
Շահառու կազմակերպությունների առաջարկություններն ստանալուն պես՝ տեղեկատվությունը կտրամադրվի աշխատանքային խմբին:
Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի» ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ հստակեցվեց, թե որ կազմակերպություններն են իրավասու դիմել ծրագրին, այնուհետև ներկայացվեց, թե ծրագիրն իրականացնող կազմակերպությունը ինչ գնահատում պետք է մշակի և ինչպիսի զեկույց ներկայացնի որպես դրամաշնորհային ծրագրի հայտատու:
Տիկին Սոմերը անդրադարձավ նաև TIP (Trafficking in Persons) զեկույցին` առանձնացնելով դրա պահանջներից մեկը, այն է՝ երկրում լավ գործող աշխատանքային տեսչության առկայության ապահովումը:
Օրակարգի հաջորդ հարցն ուղղված էր Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների վերաբերյալ իջեցված հանձնարարականների քննարկմանը:
«Ամքոր Հայաստան» ՀԿ-ի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան խոսեց այնպիսի մտահոգիչ հարցերի մասին, որոնցից է կանանց մարմնավաճառությունը: Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեց մարմնավաճառությամբ զբաղվող կանանց նկատմամբ կիրառվող վարչական տույժերի, ինչպես նաև մարմնավաճառության պահանջարկը նվազեցնելու միտումով կանխարգելման միջոցների մասին:
Քննարկումների դիտակետից անմասն չմնացին դատական գործերի քննության ընթացքում զոհերին ոչ բավարար խորհրդատվություն տրամադրելու հարցերը և կանանց թրաֆիքինգի վերաբերյալ սահմանափակ տվյալների հասանելությունը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար Լուսինե Հակոբյանը ներկայացնելով պետության կողմից նախատեսված ֆինանսական ծախսերի նախորդ (2016թ) տարվա հաշվետվությունը նշեց, որ միակ նախարարությունը, որը ծրագրերի միջոցով ամբողջությամբ իրացրել է ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:
Աշխատանքային խմբի քննարկման հաջորդ թեման Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) գնահատման 2-րդ փուլի Հայաստանի վերաբերյալ զեկույցի հանձնարականների մասին էր: Թեմայի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին անհապաղ գործողություն պահանջող հարցերը, որոնց շրջանակը ներառում սակայն չեն սահմանափակում աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը, երեխաների թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերի ընդլայնումը, պատշաճ կացարանի և աջակցության հնարավորության նախատեսումը թրաֆիքինգի տղամարդ զոհերին, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրերում պետական բյուջեից ֆինանսավորման մասնաբաժնի ավելացումը:
Իրավական դիտարկումներ ՀՀ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի և իրավական ակտերի առնչությամբ, թրաֆիքինգի ենթարկված զոհերի, գրանցված դեպքերի, հարուցված քրեական գործերի, քննված գործերի թվերի անհամապատասխանության պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը:
Աշխատանքային խմբի օրակարգի դիտարկման կետերից էին նաև տարեկան հաշվետվության կատարողականի և նախորդ ԳԱԾ-ի (Գործողությունների ազգային ծրագիր) մշտադիտարկման հարցերի քննարկումները:
Այլ հարցերի շրջանակը լայն էր՝ սկսած աշխատանքային խմբի հանդիպումներին ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների նիստերին պարտադիր մասնակցությունից մինչև www.antitrafficking.am կայքէջի կայուն ֆինանսավորման խնդիրները:
Աշխատանքային խմբի որոշ անդամների ոչ պարբերական մասնակցությունները նպատակային նիստերին հանգեցրին նրան, որ աշխատանքային խմբի քարտուղար Լ. Հակոբյանն առաջարկեց համապատասխան նախարարություններից ստանալ նոր մասնակցիների անուններ, որոնց անդամակցության հաստատումը կքննարկվի խորհրդի նիստին:
Խոսվեց նաև TAIEX-ի կողմից թեմատիկ դասընթացներ կազմակերպելու առաջարկի, ինչպես նաև որոշ նախարարությունների կայքերում դեռևս www.antitrafficking.am կայքի հղման ոչ առկայության մասին:
Հանդիպման ավարտին Վ. Կաժոյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ չնայած ՀՀ-ում թրաֆիքինգի խնդրի առնչությամբ դեպքերը սակավաթիվ են, այնուհանդերձ անհրաժեշտ է բարձրացնել կանխարգելման աշխատանքների ծավալներն ու արդյունավետությունը` գրանցված հաջողությունները կայուն պահելու համար։
Կայացավ ևս մեկ շատ կարևոր հանդիպում՝ ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:
Առաջիկայում Խորհրդի նիստն է, որի ժամանակ կտրվեն պատասխաններ և լուծումներ աշխատանքային խմբի կողմից բարձրացված մի շարք հարցերի։
Հանդիպման ֆոտոշարքը այս հղումով՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի առաջին հանդիպումը
About the author