ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել են «Կիբեռհանցագործություն» և «Մարդկանց թրաֆիքինգ» թեմաներով դասընթացներ

ByAAVR

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել են «Կիբեռհանցագործություն» և «Մարդկանց թրաֆիքինգ» թեմաներով դասընթացներ

ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) համագործակցության շրջանակում մարտի 13-14-ը ՆԳՆ կրթահամալիրում «Train-the-Trainers» ձևաչափով անցկացվել են «Կիբեռհանցագործություն» և «Մարդկանց թրաֆիքինգ» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։ Դասընթացը վարել են ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք  CEPOL-ի ծրագրերով անցել են համապատասխան վերապատրաստում։

Ձեռք բերված փորձի տեղայնացման և փոխանակման նպատակով, տեսական նյութի մատուցումից բացի, ներկայացվել են կոնկրետ դեպքեր։ Իրավապահ մարմինների՝ ՀՀ-ում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի շրջանակում ներկայացվել են «Կեղծ զանգերի կենտրոնների»  բացահայտման ու դրանց հանցավոր գործունեությունը կասեցնելու համար ձեռնարկված միջոցառումները։

«Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով դասընթացի շրջանակում քննարկվել են աշխատանքային, սեռական և երեխաների շահագործման դեպքեր։ Մասնակիցները ներկայացրել են մանրամասներ ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման,ինչպես նաևդրական միտում արձանագրող վիճակագրական տվյալների մասին, կարևորել արտերկրի փորձի ուսումնասիրումն ու ընդգծել միջազգային վերապատրաստումների արդյունավետությունը, մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, թրաֆիքինգի ենթարկված անձանց հայտնաբերման, պաշտպանության և աջակցության հարցերով իրավապահ մարմինների և հանրության իրազեկվածությանն ու իրավագիտակցության բարձրացմանը նպաստող համատեղ փոխգործակցությունը։

Միջոցառման ավարտին CEPOL-ի ազգային մարմնի ներկայացուցիչ, ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի պետ Կարինե Սաֆարյանը նշել է, որ իրավապահ մարմինների կարողությունների զարգացման ուղղությամբ նման միջոցառումների կազմակերպման համար հնարավոր է ստանալ CEPOL-ի նյութատեխնիկական օժանդակությունը։

Նույն ձևաչափով եզրափակիչ դասընթացը տեղի կունենա սթ ապրիլի 10-ին՝ «Հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով։

Share

About the author

AAVR administrator