Պրեմիերա. «Չներվածները» մեծ էկրանին կպատմեն նաև թրաֆիքինգի մասին

ByAAVR

Պրեմիերա. «Չներվածները» մեծ էկրանին կպատմեն նաև թրաֆիքինգի մասին

Հունիսի 3-ին Երևանի մեծ էկրաններ կբարձրանա «Չներվածները» գեղարվեստական ֆիլմը: 

Ֆիլմում առկա է թրաֆիքինգի թեման. ինչպես նշում է ռեժիսոր և ֆիլմի գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանը, թրաֆիքինգի թեման սյուժեի առանցքային թեմաներից մեկն է, ուստի «Աուդիո-Վիզուալ»-ի թիմը որոշեց զրուցել Տիգրանի հետ և պարզել ֆիլմի մանրամասները:

– Ինչպե՞ս ծնվեց հենց թրաֆիքինգի մասին ֆիլմ նկարելու գաղափարը? Չէ՞ որ սա բավականին յուրահատուկ թեմա է ֆիլմում օգտագործելու համար:

– Իրականում ֆիլմ նկարելու գաղափարը կար դեռ վաղուց, ունեի մի քանի պատրաստ սցենարներ և հետևաբար տարբեր թեմաների անդրադառնալու ընտրության հնարավորություն: Թրաֆիքինգի թեման ուսումնասիրել եմ դեռ վաղուց, քանի որ ունեմ իրավաբանական կրթություն, ուսումնասիրել եմ մարդու իրավունքները և զանազան նյութեր թրաֆիքինգի մասին:

Թրաֆիքինգի թեման ինքնին շատ հետաքրքիր է, քանի որ այդ երևույթի արդյունքում մարդկային ճակատագրեր են որոշվում, իսկ մարդկային ճակատագրերը, կոնֆլիկտային թեմաները լավագույն հիմքն են գեղարվեստական ֆիլմ ստեղծելու համար:

Կոնկրետ մեր դեպքում ֆիլմը միայն թրաֆիքինգի մասին չէ` թրաֆիքինգը սյուժեի առանցքային գծերից մեկն է, այն շատ կարևոր դեր է խաղում, քանի որ գլխավոր հերոսի տարբեր իրավիճակներում հայտնվելու շնորհիվ ֆիլմի հերոսների կյանքում շատ բաներ են փոխվում :

Շատ չեմ ուզում պատմել հերոսների մասին սյուժեն չբացահայտելու համար…

– Այդ դեպքում ինչ կասեք ֆիլմի վերնագրի մասին?

– Ինձ հաճախ են հարցնում վերնագրի մասին, սակայն պետք է ասեմ, որ այն ուղղակի հետաքրքրություն առաջացնելու համար չի ընտրված: Ովքե՞ր են չներվածները, ինչու՞ չեն ներվում, ո՞վ և ու՞մ չի ներում՝ այս ամենը առաջացնում է բնական հետաքրքրություն, սակայն դրա հետ կապված ևս շատ բան չեմ ասի կրկին սյուժեն չբացահայտելու նպատակով:
Կասեմ միայն, որ «չներվածները» ֆիլմում ունեն երկակի իմաստ, և հանդիսատեսը երկու կապ կգտնի ֆիլմի վերնագրի և սյուժեի մեջ, որից մեկը կբացահայտվի ֆիլմի վերջին տեսարանի ժամանակ:

– Երբ ֆլիմը արդեն կհանձնվի հանդիսատեսի դատին, չե՞ք վախենում քննադատությունից:

– Քննադատությունից ինչ որ առումով վախ կա, դա ժխտել չեմ կարող, չնայած քննադատությանը շատ նորմալ եմ վերաբերում, նույնիսկ ինքս ինձ շատ կարևոր և հարազատ մարդկանցից հաճախ կարծիք եմ հարցնում, հատկապես՝ պրոֆեսիոնալ առումով:

Այս դեպքում թե՛ մասնագետների, թե՛ ուղղակի հանդիսատեսի կարծիքները ինձ համար շատ կարևոր են: Սակայն, եթե անկեղծ` իմ առաջին քննադատը ինքս եմ: Ես երբեք չեմ «հիանում» նրանով թե ինչ եմ արել:

Կարող եմ հիանալ իմ օպերատորի աշխատանքով, անձնակազմի կամ դերասանների աշխատանքով, բայց երբ ընդհանուր արդյունքի պատասխանատուն ես եմ լինում, ամեն անգամ աշխատանքին նայելիս նոր «նկատողություններ» եմ ինքս ինձ անում, մտածում, թե ինչ կփոխեի, ինչպես ստացվեց, որ այդ օրը ստացա հենց այդ արդյունքը… Դա հանդիսատեսը չի նկատի, բայց ես գիտեմ: Դրա համար ինձ մոտ իմ աշխատանքի հանդեպ հիացական վերաբերմունք երբեք չի լինում:

Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ ֆիլմը հանդիսատեսին դուր կգա, քանի որ այն (ես բնականաբար չեմ համեմատում Հոլիվուդյան ֆիլմերի հետ) նոր տեսակ է մեր շուկայի համար:
Հայաստանում և՛ ժանրային առումով, և՛ սցենարային առումով մենք նոր տեսակի ֆիլմ ենք հանդիսատեսին մատուցելու:

Այսօր Հայաստանում կատակերգությունների շուկան կոմերցիոն առումով արդեն կայացման ճանապարհին է` մենք ունենք բավականին հաջողված օրինակներ, ինչը չի կարելի ասել այլ ժանրերի մասին:

– Այդ դեպքում ի՞նչ մոտիվացիա ունի հայ ռեժիսորը չկայացած շուկայում աշխատելու:

– Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք այս ոլորտում հաջողված օրինակներ ունենք` օրինակ, ինչպես արդեն ասացի, կատակերգության ոլորտում կան Կարգին Հայկոն, Մկոն, Հովոն, «Շարմ» ընկերությունը: Նրանք արդեն կարողանում են կոմերցիոն ֆիլմեր նկարել և կարողանում են հանդիսատեսին բերել կինո և շահույթով աշխատել:

Մեր դեպքում, նկատի ունեմ այլ ժանրերը, հաջողություններ շուկայում չեն գրանցվել, շատ տապալված օրինակներ ունենք, որոնք տապալվել են անճաշակության, անգրագիտության, վատ սցենարի պատճառով:

Ինձ հետաքրքրում են սահմանափակ բյուջեով ֆիլմերը, որովհետև նրանցից մեկը, որը կտեսնեք հունիսի 3-ին, նկարել եմ ինքս: Բնականաբար, կարելի է պատճառաբանել, որ գումարներ չեն ներդրվում, հովանավորներ չկան, և կինոարտադրությունը Հայաստանում դեռ կայացած չէ, սակայն, երբ գալիս ես նկարահանման հրապարակ, որտեղ կա տեխնիկա, եթե դերասանները եկել են աշխատելու, և կան գոնե մինիմալ պայմաններ աշխատելու համար, ապա կարելի է հետաքրքրել հանդիսատեսին գոնե հետաքրքիր սյուժեով, սցենարով և գրագետ աշխատանքով: Վստահ եմ, որ այդքանով կարելի է լրացնել ֆինանսական բացերը, առավել ևս համաշխարհային կինոարտադրությունը ունի նման ֆիլմերի փայլուն օրինակներ…

Լուսանկարները ֆիլմի նկարահանման հրապարակից կարող եք դիտել հետևյալ հղումով՝ “Կադրեր “Չներվածները” ֆիլմի նկարահանման հրապարակից”

Share

About the author

AAVR administrator