«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն 2024թ.-ի հոկտեմբերի 5-ից 6-ը հանդես եկավ շատ կարևոր նախաձեռնությամբ՝ կազմակերպեց դասընթաց լրագրողների համար «Զարգացնելով լրագրողների կարողությունները սեռական բռնության դեպքերի և հիմնախնդրի վերաբերյալ լրատվական նյութեր պատրաստելիս» թեմայով։
Օրակարգում ընդգրկված մի շարք մասնագիտական թեմաների շուրջ հանդես եկան ՀԿ նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը և հրավիրված փորձագետները։ Մասնակիցներին ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական բռնության տեսակները, առանձնահատկությունները, երևույթի ֆիզիկական, հոգեբանական, սեռական, սոցիալական հետևանքները՝ այդ թվում հոգեբանական տրավման և դրա առանձնահատկությունները: Փորձագետների կողմից քննարկվեցին նաև հայաստանյան հասարակությունում սեռական բռնության ենթարկված անձի նկատմամբ առկա մեղադրական վերաբերմունքը, կարծրատիպերը, որոնք ուղղված են և՛ երևույթին, և՛ բռնարարին, և՛ բռնության ենթարկված անձին: Թեմայի մանրամասն քննարկումը նպատակ ուներ հստակ պատկերացում ձևավորելու երևույթի մասին, ինչպես նաև ընդգծելու այն, թե որքանով է կարևոր լրագրողների աշխատանքում հասարակության մեղադրողական վերաբերմունք վերարտադրումից զերծ մնալը, որոնք կարող են հանգեցնել կրկնազոհականացմանը և բռնության ենթարկված անձի ու նրա հարազատների իրավիճակի վատթարացմանը:
Մասնագիտական թեմաներից զատ մեծ տեղ էր հատկացված սեռական բռնությունը լուսաբանելիս լրագրողական էթիկայի կանոնների պահպանմանը և զոհակենտրոն մոտեցմանը։
Հիմնախնդրի ներկայացման և գործնական խորհրդատվության համար որպես փորձագետ հրավիրված էր Արզուման Հարությունյանը՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահը, ով հանդիսանում է նաև Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Աշխատանքային խմբի անդամ և հանրային իրազեկման փորձագետ։
Փորձագետը դասընթացի մասնակիցներին նախ ներկայացրեց 2023-2024թվականների ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ներում սեռական բռնության թեմայով հրապարակումների վիճակագրությունը, համաձայն որի հետազոտված 24 ԶԼՄ-ների կողմից նշված ժամանակահատվածում արվել է 309 անդրադարձ ամենատարբեր մոտեցումներով, դեպքերի ու օրենքների ներկայացմամբ։
Հետազոտության մյուս բաղադրիչը՝ նյութերում լրագրողական էթիկայի կանոնների պահպանման վերլուծությունն էր, որի համաձայն քիչ չէին այն նյութերը, որոնցում կոպտորեն խախտված էին զոհերի անձնական տվյալների գաղտնիությունը, զոհերի անհարկի պիտակավորումները, բառերի ու բառակապակցությունների ոչ ճիշտ օգտագործումը։
Ամբողջ ներկայացման ընթացքում զուգահեռ քննարկվում էր երկու կարևոր դրույթ՝ լրագրող և քաղաքացի, որտե՞ղ են ավարտվում լրագրողի պարտականությունները և սկսվում քաղաքացունը։
Սեռական բռնության տաբուներին էր նվիրված ներկայացման թեմաներից մեկը, թե որոնք են հասարակության մեջ ամրապնդված տաբուները և ինչ մեթոդներով լրագրողը կարող է դրանք «կոտրել»։
Լրագրողների համար շատ կարևոր թեմա էր հասարակության կողմից հետադարձ կապի հետազոտության թեման։ Մասնակիցներին ուղղված այն հարցին, թե որևէ ԶԼՄ ինստիտուցիոնալ մակարդակով իրականացնո՞ւմ է հետադարձ կապի վերլուծություն՝ բոլորի պատասխանը բացասական էր։ Փաստորեն հրապարակված նյութերի ազդեցության գնահատական չի տրվում, անդրադարձ չի արվում սխալներին ու մասնագիտական էթիկայի կանոնների խախտմանը։
Հաջորդիվ փորձագետը ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց բախվում են լրագրողները սոցիալական խնդիրներ լուսաբանելիս և ներկայացրեց դրանց դիմակայման հնարավոր ուղիները։
Մասնակիցներն առանձնակի հետաքրքրությամբ լսեցին լրատվամիջոցների ինքնակարգավորման դիտորդ մարմնի մասին ինֆորմացիան, որն այսօր Հայաստանում կիրառվում է մասնագիտական գնահատականների և վեճերի հարթման համար, առանց դատավարական պրոցեսների մեջ ներգրավվելու։
Դասընթացի օրակարգը շատ հարուստ էր ու նպատակային։ Հրավիրված էին ոլորտի լավագույն փարձագետները։ «Սեռական բռնության դեպքերի լուսաբանման ընթացքում մարդու իրավունքների ու անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց խախտման իրավական հետևանքները» թեմայով հանդես եկավ Դավիթ Թումասյանը։
Մասնակիցների թվում էին առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Թե ինչ գիտելիքներով և տպավորություններով մասնակիցները վերադարձան իրենց աշխատատեղեր, կիմանանք ավելի ուշ, երբ դասընթացի կազմակերպիչները կիրականացնեն հետադարձ կապի հետազոտություն։
Հուսով ենք, որ նման դասընթացները կօգնեն լրագրողներին խուսափել մասնագիտական բացթողումներից, քանի որ դրանք կարող են ծանր անդրադառնալ ճակատագրի բերումով սոցիալական խնդրի առաջ կանգնած մարդկանց համար, որոնց լրագրողն իր մասնագիտական կարողություններով կարող է կամ օգնել զոհին ինտեգրվել հասարակության մեջ կամ կրկնազոհացնել։ Առաջին տարբերակն առավել ընդունելի է, քանի որ այդ մարդիկ ապրում են մեր կողքին և նրանց օգնելը բխում է բոլորի շահերից։
Լուսանկարները՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի
About the author