Հունիսի 8-ին «ՆՓԱԿ»-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ռեժիսոր և կինոարտադրող, փառատոնի ժյուրիի անդամ, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի «Ստեղծագործողը դեմ առ դեմ սոցիալական խնդրին» թեմատիկ վարպետության դասը:
Ներկայացման ընթացքում բանախոսը ներկայացրեց թրաֆիքինգին նվիրված սոցիալական գովազդի ստեղծման ամբողջական ճանապարհը՝ գաղափարի ծնունդից սկսած, պատվիրատույի հետ ճիշտ աշխատելուց, եզրույթներն ու սիմվոլները ճիշտ օգտագործելուց, ընդհուպ մինչև հոլովակի հեռարձակումը:
Վարպետության դասը անցավ ջերմ ինտերակտիվ մթնոլորտում. ներկայացումը կառուցված էր այնպես, որպեսզի դահլիճում ներկաները իրենք քայլ առ քայլ անցնեն սոցիալական հոլովակների միջոցով թրաֆիքինգի եզրույթի տարածման, գրագետ լուսաբանման և կանխարգելման բոլոր առանձնահատկությունները:
Ներկայացման ընթացքում ցուցադրված հոլովակները, որոնք նկարահանվել են «Աուդիո Վիզուալ»-ի կողմից տարբեր տարիների ընթացքում, բուռն քննարկումներ և մասնագիտական վերլուծությունների էին վերածվում:
Շուտով, ձեր ուշադրությանը կներկայացնենք նաև դասընթացի տեսագրությունը:
Դասընթացի լուսանկարները կարող եք դիտել այս հղումով՝ Վարպետության դաս. Ստեղծագործողը դեմ առ դեմ սոցիալական խնդրին
«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնն է, որը Երևանում անց կացվեց 2015թ. հունիսի 3-10-ը:
Այս տարի փառատոնին մասնակցեց 31 երկիր, այդ թվում՝ Հայաստան, ԱՄՆ, Բահրեյն, Բելգիա, Բուլղարիա, Բրազիլիա, Գերմանիա, Դանիա, Թայվան, Թունիս, Թուրքիա, Իրան, Իսպանիա, Իսլանդիա, Իտալիա, Լեհաստան, Կանադա, Հայիթի, Հարավային Կորեա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Մեքսիկա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սենեգալ, Սիրիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա «մասնակից» ֆիլմերի թիվը՝ 783 էր:
Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին մեկ րոպեանոց և կարճամետրաժ 140 ֆիլմ, որից 71-ը՝ մրցույթում, 69-ը՝ հատուկ ծրագրերով:
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս մրցանակները շնորհվեցին «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:
«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոֆորում է: Հիմնադրվել է 2003-ին: Փառատոնի հիմնադիրը և նախագահը Գագիկ Ղազարէն է: Փառատոնի ծրագրերի տնօրենն է Վահրամ Ակիմյանը: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:
About the author