Տեղեկատվական առիթը թրաֆիքինգի դեպքերը ԶԼՄ-ներում լուսաբանելիս

ByAAVR

Տեղեկատվական առիթը թրաֆիքինգի դեպքերը ԶԼՄ-ներում լուսաբանելիս

Հայաստանյան լրատվամիջոցները, որպես կանոն, լրատվական հոսքը կանոնակարգում են ոլորտների դասակարգմամբ: Գրեթե բոլոր ԶԼՄ-ներն, ի թիվս այլ բաժինների, ունեն նաև «Հասարակություն» կամ «Սոցիակալան» խորագրերով բաժիններ, որտեղ ներկայացվում է հասարակական կարևորագույն թեմաների լրահոսը: Ի տարբերություն քաղաքական, տնտեսական բլոկների՝ հասարակական թեմաներն ամենաքիչն են լուսաբանվում ԶԼՄ-ներում: Թրաֆիքինգի մասին հրապարակումներ հայաստանյան լրատվամիջոցներում ոչ շատ հաճախ կարելի է հանդիպել: Այդ թեմայով լրատվությունը կարող է ակտիվանալ հատկապես Կանանց բռնության դեմ պայքարի, ստրկության դեմ պայքարի կամ այլ միջազգային օրերի առիթով: Բնականաբար, այդ օրը Հայաստանում նշվում է ոլորտի պատասխանատու բանախոսների հրավիրած մամուլի ասուլիսներով, քննարկումներով և զեկույցների, հաշվետվությունների հրապարակմամբ, որտեղ անդրադարձ է կատարվում թրաֆիքինգին: Լրատվամիջոցները հաճախ այս թեմային անդրադառնում են նաև այն ժամանակ, երբ Հայաստան են ժամանում միջազգային կազմակերպությունների փորձագետներ, ովքեր պատրաստ են իրենց փորձը փոխանակել և կիսվել իմացությամբ: Նման թեմաների լուսաբանման առիթ կարող են հանդիսանալ ՀՀ ոստիկանության «Police.am», ՀՀ դատախազության «Genproc.am», ՀՀ դատական գործերի էլեկտրոնային որոնման «datalex.am» էլեկտրոնային կայքերում տեղ գտած թրաֆիքինգի դեպքի բացահայտման մասին աղմկահարույց փաստեր պարունակող պաշտոնական հաղորդագրությունները կամ հաշվետվությունները:

Ցավոք, ԶԼՄ-ներում թրաֆիքինգի մասին եղած հրապարակումներն էլ մեծամասամբ կառուցվում են համապատասխան պաշտոնյաների մեկնաբանությունների հիման վրա, որտեղ էականորեն բացակայում են լրագրողական բացահայտումները, դիտարկումները կամ սեփական նախաձեռնությամբ ձեռք բերված փաստերի համադրումը պաշտոնական մեկնաբանության հետ: Ժամանակ առ ժամանակ լուսաբանվում են թրաֆիքինգի գործերով դատական նիստերը, որոնք միշտ չէ, որ դռնբաց են լինում:

Հայաստանյան լրատվամիջոցներում հազվադեպ կարելի է հանդիպել լրագրողի սեփական նախաձեռնությամբ թրաֆիքինգի թեմայով հետաքննական հոդված կամ զոհերի հետ հարցազրույց: Բանն այն է, որ նման նյութ պատրաստելը ոչ միայն ժամանակատար է, այլև բարդ` տեղեկատվություն ստանալու իմաստով: Թրաֆիքինգը քրեականացնելուց հետո հայաստանյան լրատվամիջոցներն անդրադարձան առանձին դեպքերի, բայց քանի որ նրանցից շատերը հիմնականում չէին տիրապետում այս թեմայի առանձնահատկություններին, էթիկայի կանոններին՝ դրանք մեծապես վնասեցին այն անձանց, ովքեր պատրաստակամ տեղեկատվություն էին տրամադրում: Օրինակ՝ լրագրողներից մեկը, մասնակցելով դռնբաց դատական նիստին, հրապարակել էր թրաֆիքինգի անչափահաս զոհերի, անչափահաս վկաների, թրաֆիքյորի անձնական տվյալները (անուն, ազգանուն, մինչև անգամ բնակության և ուսման վայր): Այդ հրապարակումն անդառնալի հետևանքներ ունեցավ այդ անչափահասների համար: Նման անզգույշ քայլերը կարող են թրաֆիքինգի զոհին մղել ինքնասպանության փորձի, «զոհերի խարանմանը» և այլ հետևանքների: Տվյալների հրապարակումը կարող է թրաֆիքյորի կողմից զոհին կամ գործով վկային հետապնդելու կամ վնասելու առիթ հանդիսանալ:

Ինչևէ, հայաստանյան լրատվամիջոցներում առկա էթիկայի կոպիտ խախտումներով հոդվածները լրագրողների հանդեպ անվստահություն առաջացրին: Վերջին տարիներին, այնուամենայնիվ լրագրողներն ուսումնասիրում են միջազգային փորձը, մասնակցում են մասնագիտական խորհրդատվությունների, սեմինարների և ավելի պատրաստված են, սակայն առ այսօր կարելի է հանդիպել զոհի արժանապատվությունը վիրավորող, պիտակավորող կամ տվյալների հրապարակմամբ նյութեր: Չնայած այս ամենին, թրաֆիքինգի թեմայով լուսաբանումների որակն ու քանակը հեռու է ցանկալի վիճակից: ԶԼՄ-ների նյութերը չեն արտացոլում հասարակությանը սպառնացող նման վտանգների մասին:

Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի թեմային պարբերաբար անդրադարձող լրատվամիջոցները շատ չեն: Դրանցից են՝ «Հետք»-ը, «Հրապարակ»-ը, «Առաջին լրատվական»-ը, «168 ժամ»-ը, «Իրավունք»-ը, որոնք պարբերաբար անդրադառնում են թեմային` լրատվության տարբեր ժանրերում: Հանուն արդարության պետք է նշել, որ այս լրատվամիջոցներով հրապարակված նյութերում էլ երբեմն թրաֆիքինգի հատկանիշներ չպարունակող երևույթները մատուցվում են որպես մարդկանց թրաֆիքինգ:

Ընդունված է համարել, որ լրատվամիջոցը հասարակության հայելին է, որի պարտականությունը հասարակական խնդիրների վերարտադրումն ու տեղեկատվության ապահովումն է: Մինչդեռ, հայաստանյան լրատվամիջոցների համար թրաֆիքինգը, որպես հասարակական վտանգավոր երևույթ, որը տարեցտարի նոր ձևեր և նոր շերտեր է ներգրավում, տեղեկատվական առիթի չի վերածվում:

Թրաֆիքինգի մասին հրապարակումների բացակայությունն իր հերթին նպաստում է այս հանցագործության աճին, քանի որ լրատվամիջոցը որպես տեղեկատվություն տարածող, իրազեկման օղակ՝ իր գործառույթը պատշաճ չի կատարում:

Տեղեկատվության ճշգրտություն և պահանջվածություն

Մարդկանց թրաֆիքինգը հայտնաբերելը, բացահայտելը և ապացուցելը բարդ է անգամ իրավապահ մարմինների և դատական ատյանների համար: Այն դասվում է ոչ ակներև պայմաններում կատարվող (լատենտային) այն հանցագործությունների շարքին, որի հատկապես սկզբնական փուլերն աչքի են ընկնում հանցավորի իրական նպատակների քողարկմամբ, մոլորության մեջ գտնվող տուժողների կողմից ինքնակամ և գիտակցված վարքագծի դրսևորմամբ: Այդ գործողությունների հանցավոր բնույթը հիմնականում ի հայտ է գալիս` հասարակական վտանգավոր հետևանքներ տեղի ունենալուց հետո:
ԶԼՄ-ների հասարակական թեմաներին անդրադարձող լրագրողները պարտավոր են խորապես ուսումնասիրել այս ոլորտը, որը յուրահատուկ է և տեղեկատվություն ստանալու իմաստով` դժվար: Որևէ հոդված նախաձեռնելուց առաջ լրագրողները պարտադիր պետք է ծանոթանան մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հայաստանյան ներպետական փաստաթղթերին, օրենսդրական դաշտին, Կառավարության որոշումներին, Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին ու արձանագրություններին: Այս ամբողջ տեղեկատվությունը հնարավոր է ձեռք բերել համացանցում՝ նախ և առաջ www.antitrafficking.am ինտերնետային կայքում, պետական կառույցների պաշտոնական կայքէջերում: Տեղեկատվության պաշար կարող է համարվել, ՀՀ-ում ստեղծված Թրաֆիքինգի հարցերով ազգային խորհրդի գործունեության ամբողջ ծավալի մասին պետական փաստաթուղթը, որտեղ մանրամասն ներկայացվում են այս ոլորտում առանձին գերատեսչությունների գործառույթները: Լրագրողների համար շատ օգտակար է նաև ուսումնասիրել Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը, որը թրաֆիքինգի դեմ պայքարի՝ մեր պետության ռազմավարության մոդելն է (ներկայումս գործում է չորրորդ գործողությունների ազգային ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ Կառավարության որոշմամբ 2013թ.-ի փետրվարի 28-ին): Շատ կարևոր է ուսումնասիրել ՀՀ Դատախազության և ՀՀ Ոստիկանության տարեկան հաշվետվությունները: Այդ փաստաթղթերում ամփոփվում է մարդկանց թրաֆիքինգ հանցագործության արձանագրված դեպքերի մասին յուրաքանչյուր տարվա ընդհանուր պատկերը: Ցանկալի է թրաֆիքինգի գործերով դատական նիստերին մասնակցությունը, բայց այն դեպքում, երբ լրագրողը հասցրել է տիրապետել վերոնշյալ կառույցներից ստացված տեղեկատվությանը: Այլ կերպ ասած՝ մարդկանց թրաֆիքինգ երևույթի նախապատմությանը, դրա վերաբերյալ փաստաթղթերին տիրապետելը պարտադիր նախապայման է՝ այս թեմայով որևէ նյութ պատրաստելու, ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար:

Ընդգծենք, որ մասնավորապես եվրոպական երկրների, ԱՄՆ-ի մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակներում հնարավոր է ներբեռնել թրաֆիքինգի մասին հետաքրքիր հրապարակումների օրինակներ, միջազգային փաստաթղթեր և տեղեկատվական միջոցների համար նախատեսված էթիկայի կանոնների ուղեցույցներ: Միջազգային փորձին ծանոթանալը շատ կարևոր է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հայաստանյան լրատվամիջոցներն այս թեմայով լուսաբանման մեծ փորձ չունեն:

Տիրապետելով թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկատվական բազային, լրագրողը կարող է հոդվածաշարը սկսել նախ տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում առկա թրաֆիքինգի պատկերը բնորոշող լրատվությունից: Իրավիճակային գնահատականների, փաստերի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՀՀ գլխավոր դատախազության ՄԴՈՒՀԳՎ, ինչպես նաև՝ ճշտել, թե դատարաններում նման քանի գործի դատաքննություն կա, փորձել առաջիկայում մասնակցել նիստերին: Վերոնշյալ կառույցների պատասխանատուների հետ հարցազրույցների ժամանակ կարելի է հնչեցնել հարցեր՝ հղում կատարելով նախապես ուսումնասիրած պետական փաստաթղթերին, միջազգային կոնվենցիաներին և զեկույցներին: Այդ հարցերն ու պատասխանները ոչ միայն հարստացնում են նյութը, այլև՝ անսպասելիորեն նոր, երբեմն՝ աղմկահարույց բովանդակությամբ մեկնաբանություն են ստանում: Լրագրողի պատրաստվածությունը շատ կարևոր է որևէ կառույցի պաշտոնյային հակափաստարկ ներկայացնելու, թյուր տեղեկատվությանը հակադրելու, բացահայտելու իմաստով: Հաճախ լրագրողները դառնում են այս կամ այն պաշտոնյայի խոսնակ՝ բառացիորեն շարադրելով պաշտոնական մեկնաբանությունը: Սա հիմնականում այն դեպքում, երբ լրագրողը չի տիրապետում ոլորտին և դառնում է գործիք: Մինչդեռ, լրագրողի գրագիտությունը, տեղեկացված լինելը հաճախ ոլորտի պատասխանատու պաշտոնյային կարող է գցել անհարմար վիճակի մեջ, մինչև անգամ՝ բացահայտել ստվերային գործունեություն, կոռուպցիոն փաստ, հանցագործության թվերի աճի թաքցնում, անգործություն, գործառույթների թերացում և այլ պարտականությունների ոչ պատշաճ կատարում:

Մարդկանց թրաֆիքինգի թեմայով հրապարակումները սովորաբար հասարակական մեծ հետաքրքրություն են առաջացնում, երբ հոդվածում կոնկրետ դեպքեր են նկարագրվում: Հայաստանյան լրատվամիջոցներում ամենաընթերցվող թեմաներից է համարվում թրաֆիքինգի զոհերի մասին պատմությունների շարքը: Ընթերցողների այս պահանջարկը բավարարելը դժվար է, զոհերի` լրագրողներից խուսափելու պատճառով: Սակայն որակյալ լրատվություն ապահովելու համար լրագրողները պետք է ճկուն մարտավարություն կիրառեն: Այս թեմայով հետաքրքիր հարցազրույցներ կարելի է պատրաստել թրաֆիքինգի զոհերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Նրանք սովորաբար կազմակերպության կացարաններում աջակցություն ստացող զոհերի օրինակներով հետաքրքիր դեպքեր են նկարագրում: Դրանից բացի, մեր իրականության որոշ առանձնահատկություններ համադրում, փաստերով զուգահեռներ են տանում այլ երկրների հետ: ՀԿ-ները մշտապես աշխատում են թրաֆիքինգի զոհերի հետ և որպես տեղեկատվական աղբյուր լրագրողի հարցերին կարող են պատասխանել իրական դեպք մատնանշելու օրինակով: ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցը, նրանց մեկնաբանության բարեխիղճ վերարտադրումը, համագործակցությունը՝ լրագրողին հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ստեղծել և նրանց միջնորդությամբ թրաֆիքինգի զոհի հետ կապ հաստատել:

Անշուշտ, պետք է նկատի ունենալ, որ լրագրողի համար հետաքննության թիրախ կարող է հանդիսանալ նաև ՀԿ-ների գործունեությունը, որտեղից ստացվող տեղեկատվությունը կարող է խնդրահարույց լինել: Մարդկանց թրաֆիքինգի թեմայով իրավիճակային վերլուծությունների, զոհերի թվի, դեպքերի առանձնահատկությունների մասին պետական կառույցների և ՀԿ-ների մատնանշած փաստարկները երբեմն տարբերվում են: Օրինակ՝ Հայաստանում գոյություն չունեն թրաֆիքինգի վերաբերյալ միասնական վիճակագրական տվյալներ, քանի որ, ինչպես պարզվում է, դրանք տարբեր ցուցանիշներով են հաշվարկվում: Հետևաբար միևնույն հարցի շուրջ լրագրողը կարող է ստանալ հակասական պատասխաններ, ուստի նա կարող է դրանք համադրել և ուշագրավ փաստեր արձանագրել: Ավելորդ չէ նաև՝ այդ փաստերին հավելել թեմային առնչվող պետական ռազմավարական փաստաթղթերից կարևորագույն կետեր: Օրենսդրությանը հղում կատարելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բազմիցս կատարված փոփոխություններին: Լրագրողները հաճախ հոդվածներում մեջբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.2 հոդվածների այն մասերն ու կետերը, որոնք արդեն ուժը կորցրել, լրացվել կամ փոփոխվել են: Ժամանակագրական վրիպումները հաճախ շփոթեցնում են ոչ միայն տեղական, այլև միջազգային այն կառույցներին, որոնց հետ Հայաստանը համագործակցում է:

Վերը նշված ձևաչափով բազմակողմանի տեղեկատվություն պարունակող հրապարակումները ոչ միայն պահանջված են, այլև՝ կարող են նոր փաստերի բացահայտման, հետաքննության առիթ հանդիսանալ: Ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար լրագրողը պետք է հույսը դնի ոչ միայն ձայնագրիչի, այլև սեփական գիտելիքների վրա: Տեղեկատվության ճշգրտությունը ոչ միայն կախված է լրագրողի մասնագիտական բարեխիղճ աշխատանքից, տեղեկատվության աղբյուրի իրավասությունից, այլև՝ լրագրողի արհեստավարժությունից: Լրագրողները հաճախ ապատեղեկատվություն են տարածում` թեմային չտիրապետելու հետևանքով:

“ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳ. Ինչպես լուսաբանել զանգվածային լրատվամիջոցներով”
ՈՒՂԵՑՈՒՅՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևան, “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ, 2013

Հեղինակային խումբ`
Գեղամ Վարդանյան – «Ինտերնյուս» ՀԿ-ի աշխատակից, media.am կայքի խմբագիր
Լուսինե Ստեփանյան – «168 ժամ» թերթի լրագրող
Արարատ Դավթյան – «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող
Դավիթ Թումասյան – ԵԱՀԿ Երևանի գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ավագ իրավախորհրդատու, ի. գ. թ.
Արզուման Հարությունյան – «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Ամբողջական ձեռնարկը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով`
https://docs.google.com/file/d/0B9UN0mSlsfcsNjFtY05Ea09QRnM/edit?pli=1

Share

About the author

AAVR administrator