Ստրկության, բռնաբարությունների ու տանջանքների մասին հիշողությունները մեկ ու կես տասնյակ տարիների հեռավորությունից էլ դեռևս թարմ են ու շարունակում են ցավ պատճառել թրաֆիքինգի զոհ դարձած 29-ամյա Աննային:
«Երբ ինձ տարան Դուբայ, սկզբում «բախտս բերեց», ինձ շատ թանկ գնով գնեց մի շեյխի տղա, որն ինձ մատով չկպավ, բայց հետո փողոցից ինձ առևանգեցին չորս երիտասարդ, տարան ամայի վայր, ամենադաժան ձևով բռնաբարեցին և ուշագնաց վիճակով թողեցին օտար տեղում, չգիտեմ ոնց ուշքի եկա, չգիտեմ ոնց փրկվեցի էտ դժոխքից, չգիտեմ ոնց դիմացա էտ տանջանքներին»,-տարիներ առաջ իր հետ կատարված դաժանությունների փակված էջերը Աննան (անունը փոխված է) զգուշորեն բացում է:
Յուրաքանչյուր էջի հետ խնամված կնոջ աչքերի փայլն ավելի ու ավելի է խամրում: Շքեղ կյանքի հեռանկարի մասին բարեկամի պատմած հեքիաթը Աննային տարիներ առաջ՝ 16 տարեկանում լիովին իրական էր թվացել, մինչդեռ այդ վարդագույն հեքիաթն ու ապահովված կյանքի ապագան դարձավ նրա չափահասության մեծագույն փորձությունը:
«Մեր հեռու բարեկամներից մեկն եկավ, մամայիս պատմեց, որ իր բարեկամներից մեկն արտերկրում լավ աշխատանք ունի և իրեն աշխատողներ են պետք, նկարներ էր բերել ցույց տալիս, սիրուն տներ, լավ ավտոներ, ասում էր, որ իր մոտի աշխատողերն էնքան փող են ստանում, որ տենց տներում են ապրում, մենք էլ այդ ժամանակ վատ էինք ապրում, ես էլ արդեն չափահաս էի, որոշեցի, որ կարող եմ գնալ, աշխատել, ընտանիքիս էլ օգնել, հատկապես, որ բարեկամ կա մեջը, վստահ էիքն, որ լավ պետք է լիներ»,-պատմում է Աննան:
Բարեկամի հետ խորհրդակցությունից հետո 2000 թվականին նախ նրան ուղարկում են Ռոստով, որտեղից այլ կանանց հետ Արաբական Էմիրություններ:
«Սկզբից ոչ մի բանից գլխի չէի ընկնում, թե ինչով պետք է զբաղվեմ: Մեզ տեղավորեցին հյուրանոցում, ծանոթացա մի հայ աղջկա հետ, երեկոյան միասին գնացինք կլուբ, ինքը հասկացավ, որ լրիվ երեխա եմ, ոչինչ չեմ հասկանում, ասաց ինչն ինչոց ա, հետո ինձ մոտ թողեց իր մատանին ու էլ չհանդիպեցինք, հաջորդ օրվանից սկսեց իմ կյանքի տանջանքները»,- երիտասարդ կնոջ զրնգուն ձայնը նվաղում է, սլացիկ արտաքինով կինը կծկվում է, լարվածությունից ձեռքերի դուրս ցցված երակները մատնում են հուզմունքը:
Հայացքը թեքում է ու պատուհանից դուրս նայելով պատմում, որ հենց հաջորդ օրն իրեն ընտրել են շեյխերից մեկի որդուն սպասարկելու համար:
«Կույս աղջիկներին շատ թանկ գնով էին վաճառում, ինձ համար բավական մեծ գումար էին վերցրել, «իմ բախտը շատ բերեց», շեյխի տղան սիրահարվել էր ինձ, երկու օր պահեց իր մոտ ու մատով չկպավ, ինձ համար շորեր, ոսկեղեն էր գնել, սակայն իրեն գործուղման ուղարկեցին ու ինքն ինձ հետ վերադարձրեց՝ ևս մի քանի օրվա համար վճարելով, որպեսզի ինձ ոչ ոք չտանի, բայց հետո կատարվեց ամենասարսափելին»,- հիշում է կինն ու պատմում, թե ինչպես են իրեն փողոցից առևանգել չորս երիտասարդ ու բռնաբարել՝ թողնելով օտար վայրերում, որտեղից չի էլ հիշում, թե ինչպես է փրկվել:
Այնուհետև կնոջը կրկին ենթարկել են բռնության, ամիսներ շարունակ ստիպել զբաղվել պոռնկությամբ: Մինչդեռ Հայաստանում գտնվող մորը երբեմն-երբեմն չնչին գումար են տվել՝ ասելով թե ուղարկել է աղջիկը և հանգստացրել, թե նրա հետ ամեն բան կարգին է: Երեք ամսից ավել ստրկության մեջ պահելուց հետո նրան մի քանի այլ կանանց հետ բերման է ենթարկել տեղի ոստիկանությունը, որտեղ տասն օր անցկացնելուց հետո հետ են ուղարկել Հայաստան:
«Ամենաահավորը Հայաստան գալն էր, ես ու մեկ այլ աղջիկ էինք, բարակ, ամառվա շորերով եկանք Հայաստան, իսկ էստեղ սառնամանիք էր, ամաչում էինք տուն գնալ, ոչինչ չունեինք, մատիս միայն առաջին օրը ընկերուհուս տված մատանին էր մնացել, տարանք ոսկու շուկա, 38.000 դրամով վաճառեցինք, հագուստ առանք, գնացինք ամենաէժանանոց հյուրանոցը, մինչև հասկանայինք ինչ պետք է անենք, ինչպես վերադառնանք տուն,-հուզմունքը կոկորդում խեղդելով արտասանում է,- պրծանք դժոխքից»:
Սակայն Հայաստան վերադարձն այնքան էլ հեշտ չէր: Մայրը, եղբայրը, հարազատները, ծանոթները, նրանց բոլորին պետք էր հանդիպել, պատմել, բացատրել եղելությունն ու դժվար էր կանխագուշակելն՝ արդյոք նրանք կընդունեին 16-ամյա աղջկան, ով, փաստորեն զբաղվել է պոռնկությամբ, նույնիսկ եթե բռնի ուժով: Օրեր անց Աննան գտնում է իր մեջ ուժ և վերադառնում է ընտանիք, մորը պատմում ճշմարտությունը, ով թեև դժվարությամբ է ընդունում բարեկամի կողմից իրականացված նման քայլի անպատիժ մնալու որոշումը, սակայն խոստանում է այդ մասին որևէ մեկի չպատմել և օգնել հաղթահարել ամիսների ցավը:
«Մեկ տարի ուշքի չէի գալիս, շոկի մեջ էի, բոլորին վատ աչքով էի նայում, կորցրել էի վստահությունս մարդկանց նկատմամբ, սարսափելի ամաչում էի ինձ հետ կատարվածի համար»,- պատմում է Աննան ու հավելում, որ չնայած գիտակցում էր թրաֆիքինգի զոհ լինելու հանգամանքը, սակայն մոր հետ որոշել էին չդիմել իրավապահ մարմինների՝ խույս տալով «ցեղով խայտառակ լինելուց»:
Պայքարը նորօրյա ստրկության դեմ
Մարդկանց առևտուրը՝ մարդկանց թրաֆիքինգը, ամբողջ աշխարհում հսկայական մասշտաբների հասավ 20-րդ դարում, երբ թվում էր, թե հասարակության կառուցվածքը ստրուկների գոյություն չի ենթադրում:
Աշխատանքի միջազգային կազմակերպության 2012-ի գնահատականներով աշխարհում թրաֆիքինգի 19.5-22.3 միլիոն զոհ կա: Տարբեր գնահատականներով՝ մարդկանց վաճառքով զբաղվող հանցագործ խմբավորումները տարեկան 7-13 միլիարդ դոլարի եկամուտ են ստանում:
Հայաստանում ըստ ոչ պաշտոնական տվյալների թրաֆիքինգը սկսել է զարգանալ 1988 թվականից, երբ երկրի սահմաններն առավել հասանելի դարձան, իսկ երկրի ներսում տեղի ունեցած հուժկու երկրաշարժը, պատերազմն ու սոցիալ-տնտեսական կաթվածահար վիճակը մարդկանց ստիպում էր ապրուստը հոգալու միջոցներ փնտրել: Առհասարակ, գործազրկությունն ու սոցիալ-տնտեսական վատ վիճակը թրաֆիքինգի գլխավոր պատճառները կարող են լինել:
Սակայն թրաֆիքինգի մասին, որը զենքի և թմրանյութերի վաճառքից հետո դարձել է աշխարհում ամենաշահութաբեր կազմակերպված հանցատեսակը և կարող է սպառնալ յուրաքանչյուրին՝ անկախ սեռից, տարիքից, Հայաստանում սկսեցին խոսել 2002-ից, երբ Ամերիկայի Միացյալ նահանգների Պետքարտուղարության «Աշխարհում թրաֆիքինգի իրավիճակի մասին» տարեկան զեկույցում Հայաստանն ընդգրկվեց 3-րդ կարգի երկրների շարքում, որտեղ ընդգրկվում են թրաֆիքինգին ուշադրություն չդարձնող և կանխարգելիչ միջոցառումներ չընդգրկող երկրները:
2002-ից Հայաստանում գործում է Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Դատախազության, ՀՀ Ոստիկանության, պետական և այլ գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ակտիվ գործունեության արդյունքում Հայաստանը 2012 և 2013 թվականների ընթացքում արդեն ընդգրկվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի առաջին խմբում, որտեղ այն երկրներն են, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն ասում է, որ Հայաստանում արդեն կա թրաֆիքինգի դեմ պայքարի ինստիտուցիոնալ լավ զարգացած համակարգ, որի շնորհիվ հնարավոր դարձավ էապես կրճատել թրաֆիքինգի դեպքերը:
2003-ին ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 132 հոդվածը «Մարդկանց առևտուրը» վերնագրով, որում փորձ կատարվեց հստակեցնել «Թրաֆիքինգ» հանցագործության սահմանումը և խիստ պատժաչափեր նախատեսել այդ հանցատեսակի համար: Այս խնդրի վերաբերող հոդվածը իր ենթահոդվածներով սահմանում են 5-15 տարվա ազատազրկում: 2008թ. ընդունվեց նաև թրաֆիքինգի ենթարկված զոհերի ազգային ուղղորդման կարգը, իսկ 2013թ. ընդունված չորրորդ «Ազգային ծրագրի» շրջանակներում նախատեսված է բարեփոխումներ իրականացնել զոհերի նույնացման և աջակցության ուղղությամբ:
«Աշխարհի 190-ից ավելի երկրների ցանկում միայն 31 երկիր է դասվել առաջին խմբին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն տարածաշրջանի միակ երկիրն է, որն ընդգրկված է առաջին խմբում և համապատասխանում է թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում Պետքարտուղարության չափանիշներին: Մեր մոտակա երկրներից միայն Չեխիան, Լեհաստանը և Սլովակիան են, որ առաջին խմբում են ընդգրկված»,-ասում է Կաժոյանը։
Ըստ վերլուծությունների Հայաստանը հանդիսանում է թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր (ելքի երկիր), սակայն վերջին տարիներին արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանը հանդիսացել է նաև որպես վերջնակետ (նպատակակետ) և տարանցիկ երկիր:
Հայաստանյան պրակտիկայում թրաֆիքինգի ամենատարածված ձևը սեռականն է: Կան նաև աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր, ինչպես նաև անչափահասների թրաֆիքինգ, որի դեպքում ստիպում են զբաղվել մուրացկանությամբ:
Ըստ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության վերջին տվյալների 2013 թ. և 2014 թ. ինն ամիսներին հարուցված 18 քրեական գործերով հանցագործության 22 դեպք է բացահայտվել, որոնցից 10-ը կատարվել են կազմակերպված հանցախմբերի կողմից:
«Հայտնաբերվել և տուժող են ճանաչվել թրաֆիքինգի 28 զոհ, որոնցից 13-ը՝ անչափահաս: Պոռնկության շահագործման փաստով հարուցված 12 քրեական գործերից չորսով շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, երկուսով՝ Թուրքիայում, վեցով՝ Հայաստանում: Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործում իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել 17 անձի, միջազգային հետախուզման մեջ է գտնվում 16 անձ»,-ասում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 28 մարդ դատապարտվել է:
Զոհերի ամենատարածված տարիքը՝ մոտ 41 տոկոս, 30-49 տարեկանի միջակայքն է, իսկ ամենաքիչը՝ 16-18 տարեկան՝ 13 տոկոս: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 97 տոկոսը, չի աշխատել, 69 տոկոսն ունեցել է միջնակարգ կրթություն: Բարձրագույն կրթություն ունի մոտ 5 տոկոսը, աշխատել է՝ 3 տոկոսը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն այս ամռանը խոսելով թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի զգալի առաջընթացի մասին, ասել է, որ թեև ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված ամենամյա զեկույցում Հայաստանի առաջին խմբի երկրների շարքում հայտնվելը մեծ առաջընթաց է երկրի համար, սակայն պետք է զգոն լինել՝ հաշվի առնելով երկրի միգրացիոն և տնտեսական իրավիճակը:
«Պարզապես աղետ է, որ չնայած մեր բոլոր ջանքերին թրաֆիքինգը դեռ գոյություն ունի աշխարհում, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանում վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: Հայաստանի կառավարությունը, հատկապես վերջին երեք տարվա ընթացքում, զգալի ջանքեր է ցուցաբերում թրաֆիքինգի դեմ պայքարի գործում», -ասել է Բուզետտոն:
Իրազեկում և զգուշացում
Հասարակության իրազեկվածության բարձրացման դժվար գործընթացի կարևոր օղակներից մեկը 2003-ին հիմնադրված «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն էր, որի ստեղծած հետաքրքիր, պարզ ու գրավիչ սոցիալական գովազդները այսօր էլ շատերին հիշեցնում են այս նորօրյա ստրկության վտանգների մասին:
«Սկզբում սկսեցինք բառը ներմուծել հասարակության մեջ, որովհետև հասարակությանն անծանոթ բառ էր, ներմուծված դրսից և լուրջ խնդիր էր՝ թարգմանել բառը, թե թողնել մարդկանց առևտուր, մարդկանց վաճառք բառերը: Սակայն հետագայում որոշվեց կիրառել միջազգային բառը, քանի որ այդ բառի իմացությունն ինչ որ տեղ ունի պաշտպանիչ ֆունկցիա, եթե հայտնվել ես նման իրավիճակում, մի երկրում, որտեղ նույնիսկ լեզու էլ չգիտես, դու կարող ես մեկ բառով ոստիկանին բացատրել ու պաշտպանություն գտնել»,- ասում է ՀՀ Կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի աշխատանքային խմբի անդամ, ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը:
Հարությունյանն, ով այս ոլորտում աշխատում է արդեն տասը տարուց ավելի, վստահ է, որ Հայաստանի ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում զբաղեցրած բավական լավ ցուցանիշը պատահական չէ, այլ կառավարության ու հասարակական կառույցների համատեղ հաջող աշխատանքի արդյունք:
«Եթե մի տարի լինես առաջնային խմբում, հնարավոր է, որ բոլորն ատամները սեղմած պայքարեն ու տա արդյունք, սակայն երբ երկու տարի անընդմեջ ես լինում առաջին խմբում, սա նշանակում է, որ երկիրը համակարգային պայքարի շնորհիվ է հասել այդ արդյունքին: Առաջիկայում կլինի նաև 2014-ի հետազոտությունը և ես ավելի քան համոզված եմ, որ մենք դարձյալ կլինենք առաջին խմբում, քանի որ մենք չենք թուլացնում մեր պայքարը»:
Ինչպես բնորոշում է Հարությունյանը, թրաֆիքինգը շատ ճկուն զարգացող հանցատեսակ է, որի դեմ պայքարը ևս պետք է արագ ու համընթաց փոխվի, ինչպես օրինակ այսօր հավաքագրման հիմնական միջոցներից մեկը դարձել են սոցիալական ցանցերը և թրաֆիքյորների այս նոր հնարքների դեմ էլ պետք է կիրառվի համապատասխան քայլեր: Հասարակության մերժումը թրաֆիքինգի զոհին հաճախ դարձնում է թրաֆիկյոր Հայաստանյան պրակտիկան և մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ երբեմն թրաֆիկյորներ են դառնում հենց զոհերը, որի հիմնական պատճառներից մեկը հասարակության մերժումն է այս մարդկանց հետ ընդունել, աջակցել ու վերադարձնել նորմալ կյանք:
«Երբ թրաֆիքինգի զոհ են դառնում և հանրությունը նրան չի ընդունում, նա արդեն բավականին լավ տեղյակ լինելով այդ ամենին, ինքն է դառնում թրաֆիկյոր, սա ամենավտանգավոր թրաֆիկյորներն են, ուստի շատ կարևոր խնդիր է այս մարդկանց հետ ընդունելը»,-ասում է Արզուման Հարությունյանը:
Այս խնդրի լուծման կարևոր դերակատարներից են պետական , հասարակական և միջազգային կազմակերպությունները: Թրաֆիքինգի զոհերին ապաստարանով ու հոգեբանական աջակցության, ուսուցման հնարավորություններ է տալիս 2003 թվականից աշխատող «Հույս և օգնություն» ՀԿ-ն, և միջազգային ԱՄՔՈՐ կազմակերպությունը, որտեղ թրաֆիքինգի զոհ դարձավ կանայք ստանում են ոչ միայն հոգեբանական, իրավական աջակցություն, այլ նաև տարբեր մասնագիտություններ են ձեռք բերում՝ հետագայում կայուն աշխատանք ու ապրուստի միջոց ունենալու համար, որն էլ կարևորագույն երաշխիքներից է խուսափելու թրաֆիկյորների ցանցն ընկնելու հավանականությունից:
«Այս տարիների ընթացքում աշխատել ենք ավելի քան 115 զոհերի հետ, որոնց հետագայում էլ, ապաստարանից դուրս գալուց հետո էլ շարունակում ենք աջակցել, այս կապը կարևոր է նրանց վերաինտեգրման համար: Մենք զոհերին դասընթացների ենք տանում, նրանց համար գնում ենք աշխատանքային գործիքներ, որպեսզի ունենան աշխատելու հնարավորություն»,-ասում է «Հույս և օգնություն» ՀԿ-ի թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրերի համակարգող Նորա Մնացականյանը:
Հայաստան վերադառնալուց ամիսներ անց Աննային ևս օգնության է հասնում «Հույս և օգնություն» ՀԿ-ն: Նրա հետ նախ տարվում է հոգեբանական աշխատանք, այնուհետև նա սովորում է վարսավիրություն և դանդաղորեն ուշքի գալիս ամիսների մղձավանջից:
Տարիներ անց, 19 տարեկանում Աննան գտնում է իր կեսին, ամուսնանում: Նրա երեխան արդեն 9 տարեկան է:
«Ամենասարսափելին այն է, երբ քեզ խաբում են, լավ կյանքի հեռանկարով տանում են, ամենադաժան կերպով ստորացնում են, վաճառում, բռնաբարում, ստիպում զբաղվել պոռնկությամբ, քեզ հետ ստրուկի պես են վարվում, իսկ հետո չեն էլ ուզում լսել գոյությանդ մասին, մինչդեռ սկզբում այնքան սիրալիր էին, այնքան ջերմ…բայց այս ամենն ինձ ուժ է տվել, ստիպել է ոտքի կանգնել, շատ քիչ է լինում, երբ ուղղվում են, բայց ես հպարտ եմ, որ այդ քիչ տոկոսի մեջ եմ, գոհ եմ Աստծուց, որ ամեն բան լավ ավարտվեց»,- ասում է թրաֆիքինգի ողջ սարսափը տեսած ու հաղթահարած կինը:
Գոհար Աբրահամյան
Սկզբնաղբյուր՝ http://www.aravot.am/2014/12/09/523249/
About the author