168.am: Թրաֆիքինգի զոհերը հավաքագրվում են Հայաստանում, ապա տեղափոխվում այլ երկրներ, որտեղ էլ ենթարկվում են շահագործման

ByAAVR

168.am: Թրաֆիքինգի զոհերը հավաքագրվում են Հայաստանում, ապա տեղափոխվում այլ երկրներ, որտեղ էլ ենթարկվում են շահագործման

Սկզբնաղբյուրը՝ https://bit.ly/2ZCupI7

Մարդու ազատությունն ու արժանապատվությունը հասարակական գիտակցության մեջ ամրագրված են որպես պաշտպանվածության երաշխիքներ և կարգավորվում են օրենքի ուժով: Ու թեև մարդկությունն արդեն վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկության մասին, այսօր էլ այն տարբեր դրսևորումներով շարունակում է մնալ մեր իրականության չարիքներից մեկը:

Ամեն տարի ավելի քան 7 հարյուր հազար մարդ է ենթարկվում թրաֆիքինգի, այլ կերպ ասած՝ ժամանակակից ստրկացման: Բարդ և մտահոգիչ այս խնդիրը բազմակողմանի ուսումնասիրման ու վերլուծության առարկա է:

Որպես անդրազգային հանցագործություն՝ թրաֆիքինգի հակազդումը առանձին երկրների իրավապահ համակարգերի խնդիր լինելուց զատ նաև համընդհանուր մտահոգության առարկա է: Հայաստանում էլ մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական հատուկ պատրաստվածություն ունեցող իրավապահների կողմից: Մեր երկիրը համարվում է զոհերի ծագման կամ սկզբնաղբյուր երկիր: Այսինքն զոհերը հավաքագրվում են Հայաստանում, ապա տեղափոխվում այլ երկրներ, որտեղ էլ ենթարկվում են շահագործման: Արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, այսինքն շահագործումը կատարվում է Հայաստանում:

Ներկայացնենք ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողների վերջերս բացահայտած աշխատանքային շահագործման դեպքը։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։

Օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մասնագետները չեն բացառում, որ զոհերը կարող են չդիմել իրավապահներին: Դիմելուց խուսափելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նշենք, որ իրավապահներին չդիմելով՝ զոհերը նպաստում են հանցագործների ազատ գործելուն, ինչը բարդացնում է թրաֆիքնիգին հակազդելու գործընթացը:

Զոհի հասարակական բնականոն կյանքին վերաինտեգրվելու գործընթացը թերևս ամենակարևորներից է: Ոչ պակաս կարևոր է նաև թրաֆիքինգ երևույթի մասին բարձրաձայնելը: Զոհին հասարակական բնականոն կյանքին ինտեգրումըելը կանոնակարգվում է նաև օրենքով:

Այս հանցագործության տեսակը չի ճանաչում ոչ ազգություն, ոչ հավատք ոչ էլ այլ հանգամանք: Իսկ մարդկանց, որոնք չգիտեն կամ տեղեկացված չեն այս երևույթի մասին, առավել հեշտ է խաբել, համոզել և շահագործել: Այս տեսանյութի խնդիրն էր հասարակական իրազեկվածության բարձրացումը, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի: Ներկայացվածով, անշուշտ, թեման չի սպառվում, և պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտություն կա:

Share

About the author

AAVR administrator