Հուլիսի 30-ը` թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր

ByAAVR

Հուլիսի 30-ը` թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր», – հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախաձեռնությունը միտված է բարձրացնել իրազեկվածությունն այս համընդհանուր խնդրի վերաբերյալ և ընդգծել այս հանցագործության զոհ հանդիսացող միլիոնավոր կանանց, երեխաների և տղամարդկանց աղետալի վիճակը, ինչպես նաև խրախուսելու միջոցներ ձեռնարկել այդ հանցագործության դեմ պայքարելու ուղղությամբ:

«Հայաստանում կա ինստիտուցիոնալ լավ զարգացած համակարգ, գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի կառավարական խորհուրդը, որի ղեկավարն է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, խորհրդին կից գործում է աշխատանքային խումբը, որի ղեկավարն եմ ես և խումբը իրականացնում է բոլոր այն աշխատանքները, որոնք դրված են խմբի վրա` գործողությունների ազգային ծրագրով», -նշեց Վ.Կաժոյանը, ընդգծելով Հայաստանի մեծ ավանդը թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների մեջ:

Վ.Կաժոյանի խոսքերով Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում ունի մի շարք միջազգային պարտավորություններ, ըստ ստորագրված և վավերացրած մի շարք փաստաթղթերի և պայմանագրերի. ՄԱԿ-ի հետստորագրած փաստաթղթեր, միգրացիոն միջազգային կազմակերպության կոնվենցիաներ, աշխատանքային միջազգային կազմակերպության կոնվենցիաներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններ:

Հայաստանը այսօր հաջողությամբ համագործակցում է տարբեր երկրների հետ: Այդ առումով աշխատանքային խմբի ղեկավարը կարևորեց Հայաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: «Ինչպես գիտեք, ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակում է զեկույց թրաֆիքինգի իրավիճակի մասին աշխարհում: Համաձայն դրա` Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների խմբում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները», – ասեց Վ.Կաժոյանը: Նրա խոսքերով, աշխարհի 190-ից ավելի երկրների ցանկում միայն 31 երկիր է դասվել առաջին խմբին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն տարածաշրջանի միակ երկիրն է, որն ընդգրկված է առաջին խմբում և համապատասխանում է թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում Պետքարտուղարության չափանիշներին:

Աշխատանքային խմբի ղեկավարը նաև ընդգծեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարում շատ կարևոր է համագործակցությունը երկրի ներսում` լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ թրաֆիքինգը մեկ մարդու, մեկ աշխատանքային խմբի, մեկ խորհրդի խնդիր չէ: Թրաֆիքինգի դեմ պայքարում անհրաժեշտ է ամբողջ հասարակության մասնակցությունը:

Վ.Կաժոյանը նաև ավելացրեց, որ իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ ընտրվել է «կապույտ սիրտը»:

Իր ելույթում ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը նշեց, որ ըստ վերլուծությունների Հայաստանը հանդիսանում է թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր: Այնուամենայնիվ վերջին տարիներին արձանագրվել են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր և Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու դեպքեր:

Ռ.Գրիգորյանի խոսքով 2012-2014 թվականների ընթացքում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 31 քրեական գործ, ըստ որոնց հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ՝ 28-ը` կանայք, 14-ը՝ հանցագործության կատարման ժամանակ անչափահաս:

«Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի: 12 գործ վերաբերել է ՀՀ-ում կանանց պոռնկության շահագործմանը, 5-ը՝ աշխատանքային շահագործմանը (մուրացկանության մեջ ներգրավելու համար), 4-ը՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող կանանց պոռնկության շահագործմանը Արաբական Միացյալ Էմիրություններում, 4-ը՝ կանանց շահագործմանը Թուրքիայում, 3-ը` Ռուսաստանի դաշնությունում աշխատանքային շահագործմանը և 2-ը օրգանների և հյուսվածքների վաճառքին», – թվարկեց բանախոսը:

Ռ.Գրիգորյանը նաև նշեց թրաֆիքինգի հետ կապված դեպքերի բացահայտման աճը, որը կապեց մարդկանց իրավագիտակցության և իրազեկվածության աճի հետ:

Ոստիկանության ներկայացուցիչը հիշատակեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք` այն, որ Հայաստանում մարդկանց ուժով չեն հավաքագրում և տեղափոխում, նաև չեն առևանգում: Բռնությունը հիմնականում կիրառվում է շահագործման պահից:

Հաջորդիվ ելույթ ունեցավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը, ով իր խոսքում նշեցայն, որ Հայաստանի ներգրավումը առաջին խմբում երկու տարի անընդմեջ պատահական չէ:
«Դա նշանակում է, որ արվում է շատ լուրջ աշխատանք հասարակության իրազեկության բարձրացման համար», – նշեց Ա.Հարությունյանը:

Ա.Հարությունյանը ներկայացրեց նաև «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից և որի շրջանակներում վերագործարկված www.antitrafficking.am կայքը լրագրողների համար ծառայում է որպես տեղեկատվական ռեսուրս պլատֆորմ, իսկ հասարակության համար՝ իրազեկության բարձրացման ռեսուրս:

Խոսելով լրագրողական դաշտում թրաֆիքինգի լուսաբանման խնդիրներին՝ Ա.Հարությունյանը ընդգծեց թեմայի յուրահատկությունը, ինչի պատճառով այն լուսաբանող լրագրողն էլ ավելի նրբանկատ և պատասխանատու պետք է լինի լրագրողական էթիկայի կանոնները պահպանելու հարցում:

Ա.Հարությունյանը նշեց նաև, որ թրաֆիքինգը լուսաբանելիս լրագրողների ամենատարածված սխալներից մեկը «թրաֆիքինգ» տերմինի սխալ օգտագործումն է: Տարածված սխալներից է նաև թրաֆիքինգի զոհերի անձնական տվյալների բացահայտումը, որը կարող է բերել կամ կրկնազոհացման, կամ զոհի ճակատագրի խեղաթյուրմանը:

Իր հերթին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն խոսեց այնմասին, որ վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքարում:

«Պարզապես աղետ է, որ չնայած մեր բոլոր ջանքերին թրաֆիքինգը դեռ գոյություն ունի աշխարհում, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանում վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: Հայաստանի կառավարությունը, հատկապես վերջին երեք տարվա ընթացքում, զգալի ջանքեր է ցուցաբերում թրաֆիքինգի դեմ պայքարի գործում», – ասեց Բ.Բուզետտոն:

Նրա խոսքերով աշխատանքները տարվում են հիմնականում երեք ուղղությամբ՝ օրենսդրական և այլ երկրների հետ համաձայնագրեր կնքելու ոլորտներում, գոյություն ունեցող իրավական ակտերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև կրթության ոլորտում՝ օժանդակություն տրամադրելով դպրոցներին և դրանով իսկ բարձրացնելով թրաֆիքինգի մասին իրազեկությունը:

«Հայաստանյան բարեփոխումների գնահատականը տրվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված ամենամյա զեկույցի մեջ, որտեղ Հայաստանը ընդգրկված է առաջին խմբի երկրների շարքում: Սա մեծ առաջընթաց է Հայաստանի համար, սակայն պետք է զգոն լինել՝ հաշվի առնելով երկրի միգրացիոն և տնտեսական իրավիճակը: Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը այդքան կարևորություն է տալիս թրաֆիքինգի հարցին», – նշեց Բ.Բուզետտոն:

Աննա Թավաքալյան
«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի լրագրող

Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ մամլո ասուլիսի լուսաբանմանը այլ լրատվամիջոցների կողմից.

http://newsarmenia.ru/society/20140730/43085386.html
http://news.am/arm/news/221601.html
http://168.am/2014/07/30/392159.html
http://www.panorama.am/am/society/2014/07/30/trafiking-armenia/
http://henaran.am/news_view.php?post_id=45817
http://www.aravot.am/2014/07/30/484287/
http://www.1in.am/1386340.html
http://www.azatutyun.am/content/article/25475561.html
https://www.youtube.com/watch?v=RpiCS6PyD9I&list=UU4pOSYGkPWLmfOpdRVewc-w
http://www.shanttv.com/ru/news/political/2014_07_30/15305/ – 15:55-րդ րոպեից

Share

About the author

AAVR administrator