«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն ամփոփում է «Միգրացիա և թրաֆիքինգ ռեսուրս կենտրոն» ծրագրի արդյունքները

ByAAVR

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն ամփոփում է «Միգրացիա և թրաֆիքինգ ռեսուրս կենտրոն» ծրագրի արդյունքները

Թրաֆիքինգը, լինելով համակարգված և ընդգրկուն հանցագործություն, պահանջում է նույնատիպ պայքար:

Սկսած 2003թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն իրականացրել է տարբեր ծրագրեր ուղղված թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի կանխարգելմանը, որոնցից վերջինի` «Միգրացիա և թրաֆիքինգ ռեսուրս կենտրոն» ծրագրի ձեռքբերումները և բացթողումները քննարկելու համար էլ մայիսի 16-17-ը կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրում:

Քննարկմանը հրավիրվել էին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և միգրացիայի ոլորտում գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցներին միացել էին նաև Տաթևիկ Բեժանյանը «Մարդը կարիքի մեջ» բարեգործական ՀԿ-ից, Արզուման Հարությունյանը «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ից, Մարիցա Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Նազելի Ասրիյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակից, Անի Մնացականյանը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնից, Ամալյա Գրիգորյանը «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ից, Արմինե Մելքումյանը «Հայ օգնության միությունից» և Հեղինե Բաբաջանյանը Արարատի միգրացիոն ռեսուրս կենտրոնից:

Բացելով քննարկումը` ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև քննարկման ներկայացրեց երկու հարց` ծրագրի արդյունքների և ընդհանրապես ոլորտի հետազոտությունը և «թեժ գծի» միջոցով ստացված զանգերի վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները` ծրագրի փորձագետ Լիլիթ Գրեյանը հայտնեց, որ 502 հարցվածներից 350-ը ցանկանում է հեռանալ ՀՀ-ից: Ինչ վերաբերում է թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի վտանգների վերաբերյալ տեղեկացվածությանը, ապա ինչպես նշեց փորձագետը, այստեղ բավականին հուսադրող տվյալներ են ստացվել, հատկապես 14-21 տարիքային խմբում:

Խոսելով «թեժ գծի» միջոցով ստացված զանգերի մասին` «Միգրացիա և թրաֆիքինգ ռեսուրս կենտրոն» ծրագրի համակարգող Գոհար Երանյանը փաստեց, որ ըստ էության թրաֆիքինգին վերաբերող զանգեր չեն եղել: Սակայն շատ են եղել զանգեր Ռուսաստանի Դաշնության միգրացիոն նոր քաղաքականությանը` մասնավորապես` 2014 թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր միգրացիոն օրենքին և արտաքսումներին վերաբերող զանգերը, որոնք կտրուկ աճ են գրանցել: Այնուամենայնիվ, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Արզուման Հարությունյանը նշեց, որ, անկախ գրանցված հաջողությունների, ոլորտում անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որոնցից մեկը կլինի միավորել բոլոր «թեժ գծերը» մեկի ներքո, որը կլինի տեխնիկապես առավել հագեցած և կգործի «24 ժամ» սկզբունքով, որին ի պատասխան` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Միգրացիա և թրաֆիքինգ ռեսուրս կենտրոն» ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց ծրագրի շրջանակներում գործող 8212 «թեժ գիծը» միավորել մյուս «թեժ գծերի» հետ:

Բացի այդ, որոշվեց, որ անհրաժեշտ է պատրաստել տեսանյութեր, որոնցում ներկայացված կլինեն այն մարդիկ, ովքեր որոշ գիտելիքներ ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման հմտություններ են ձեռք բերել արտասահմանում, վերադառնալով Հայաստան պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ձեռքբերումներով: Արզուման Հարությունյանը նաև առաջարկեց, որ ոլորտում գործող ՀԿ-ները նախօրոք կազմված ձևաչափով տվյալների և շահառուներին վերաբերյալ տեղեկատվության փոխանակում իրականացնեն:

Կլոր սեղան-քննարկումը ավարտվեց այն դիտարկմամբ, որ այսօր պետությունը այս ոլորտում ՀԿ-ների աջակցության մեծ կարիք ունի: Չնայած առանց պետական մաշտաբի միջամտության միգրացիայի և թրաֆիքինգի ոլորտի խնդիրները չեն կարող հիմնավորապես լուծվել, սակայն ՀԿ-ները, միավորելով իրենց ջանքերը, կարող են մեծապես նպաստել մի շարք խնդիրների լուծմանը:

Գոհար Երանյան

Share

About the author

AAVR administrator