Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) հերթական նիստը: Նիստը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար՝ Վահրամ Կաժոյանը:
Օրակարգի առաջին հարցով հանդես եկավ UMCOR կազմակերպության ներկայացուցիչ՝ Վիկտորիա Ավակովան, ով ներկայացրեց վերջերս իրականացրած աշխատանքը՝ կապված թրաֆիքինգի զոհերի ինտեգրման և զոհերի աջակցության ցուցիչների և մեխանիզմների հետ: Որպես օրինակ օգտագործել էր Նեքսուս համալսարանի կողմից պարտաստված Վերաինտեգրման ծառայությունների մշտադիտարկման ցուցիչների վերաբերյալ ձեռնարկը: Այս աշխատանքի նպատակն է, ինչպես նշեց Վիկտորիա Ավակովան, ձևավորել զոհերին տրվող աջակցության որակի գնահատման շարունակական գործընթաց` հիմնվելով ձեռնարկում նշված ՀՀ-ի համար կիրառելի կետերի վրա:
Ուղեցույցը ներկայացնում է մշտադիտարկման երկու մակարդակ՝ ընդհանուր երկրի և առանձին դեպքերի մակարդակներով: Ներառված են նաև ընդհանուր դրույթներ մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ, զոհի հետ աշխատելու էթիկան՝ գաղտնիությունը, անձնական տվյալների չհրապարակումը, և այլ կանոններ:
Աշխատանքային խմբի մյուս անդամների կողմից բազմաթիվ հարցեր բարձրացվեցին կապված ձեռնարկի գործածության հետ: Օվսաննա Բաբայանը նշեց, որ ձեռնարկը պետք է տեղայնացվի, այսինքն լինի համահունչ և կիրառելի նոր օրենքի հետ: Դավիթ Թումասյանը հավելեց, որ ուղեցույցում օգտագործված տերմինները պետք է համապատասխանեցնել նոր օրենքում օգտագործված տերմիններին՝ հետագայում նույն երևույթի տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար: Արզուման Հարությունյանը շեշտեց, որ ինտեգրման պրոցեսում շատ կարևոր է նախ որոշել աջակցության տեսակն ու չափը՝ հետագայում մշտադիտարկման ժամանակ գնահատական տալու համար, թե որքանով է օժանդակությունը ճիշտ հասել հասցեատիրոջը:
Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր 2014 թվականի դեկտեմբերի 17-ին երրորդ ընթերցմամբ ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքին: Վ.Կաժոյանը շնորհավորեց անդամներին օրենքի ընդունման և յուրաքանչյուրի ներդրման համար: Ինչ վերաբերում է օրենքի ուժի մեջ մտնելուն՝ պ-ն Կաժոյանը խրախուսեց UMCOR–ի կողմից մշակված ուղեցույցը և առաջարկեց լրամշակել այն շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների հետ՝ համապատասխանեցնելով օրենքի պահանջներին:
Հաջորդիվ, Օվսաննա Բաբայանը ներկայացրեց «Օգնենք երեխաներին» կազմակերպության անդամների ցանկությունը՝ միանալ աշխատանքային խմբին և աջակցել երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին: Որոշվեց աշխատանքային խմբի հաջորդ նիստին հրավիրել այդ կազմակերպության ներկայացուցիչներին՝ իրենց գործունեությունը ներկայացվելու համար, որից հետո կկայացվի համապատասխան որոշում:
Վերջում, Վահրամ Կաժոյանն անդրադարձավ Եվրոպայի Խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբում (ԳՐԵՏԱ) Հայաստանի երկու ներկայացուցիչների ընտրության հարցին: Նշեց որ ներկայացուցիչները ավստրիացի և հոլանդացի մասնագետներ են, որոնք բավականաչափ կոմեպտենտ են Հայաստանը ներկայացնելու համար:
Խոսվեց նաև Եվրոպայի ևս երկու կոնվենցիաների մասին, որոնք են՝ Եվրոպայի Խորհուրդի Կոնվենցիան ընդդեմ օրգանների թրաֆիքինգի, և կանանց նկատմամբ ընտանեկան բռնության արգելման Կոնվենցիան, և շեշտեց Հայաստանում այս Կոնվենցիաների ընդունման և վավերացման արդիականության մասին: Ի լրումն, Դավիթ Թումասյանը հավելեց, որ արդեն ՀՀ-ում քննարկվում է կանանց նկատմամբ ընտանեկան բռնության արգելման մասին օրինագիծը, ապա նշեց, որ Եվրոպայի Խորհրդի երեխաների սեռական շահագործման արգելման կոնվենցիան էլ դեռ չի վավերացվել ՀՀ-ի կողմից:
Վերջում պ-ն Կաժոյանը խոսեց Եվրոպայի Խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) տասյնամյակի կապակցությամբ կայանալիք միջոցառումների մասին՝ հիմնականում, թե ինչպես է ԳՐԵՏԱ-ի տասնամյակը նշվելու Հայաստանում:
Նիստը եզրափակվեց շնորհակալական խոսքերով ուղղված ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրապահ մարմինների համագործակցության բյուրոյին ի դեմս Մարիցա Հովհաննիսյանի՝ ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարում շարունակական մեծ աջակցության համար և այլ աշխատանքի անցնելու պատճառով՝ աշխատանքային խումբը լքող՝ ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանին թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական և օրենսդրական դաշտում մեծ ներդրում ունենալու համար:
ԹԱԽ հերթական նիստի լուսանկարները կարող եք դիտել Ֆեյսբուքի մեր պաշտոնական էջում՝
https://www.facebook.com/media/set/?set=a.1006404819372921.1073741849.815159858497419&type=3
Անահիտ Առաքելյան “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի կամավոր
About the author