Թրաֆիքինգի կանխարգելման գործում Հայաստանի հաջողված պատմությունը կարող է օրինակ ծառայել այլ պետությունների համար

ByAAVR

Թրաֆիքինգի կանխարգելման գործում Հայաստանի հաջողված պատմությունը կարող է օրինակ ծառայել այլ պետությունների համար

Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային գրադարանում կայացավ ՀՀ-յում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի հատուկ նիստ նվիրված Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի օրակարգային հարցերից մեկին` թրաֆիքինգին:

Նիստը ողջույնի խոսքով բացեց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը: Իր խոսքում Վ.Կաժոյանը հատկապես շնորհակալություն հայտնեց Երևանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ օգնության և օժանդակության համար:

Վ.Կաժոյանը նաև հայտնեց, որ ապրիլի 12-19-ը Դոհայում կայանալիք Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացված է լինելու ԱԳՆ և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներով:

Ողջունի խոսքով նույնպես հանդես եկավ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, որը հատկապես ընգծեց Հայաստանի առաջնթացը թրաֆիքինգի դեմ պայքարում:

Բուզետտոյի խոսքերով թրաֆիքինգի կանխարգելման գործում Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպություների հետ մեծ աշխատանք է իրականացրել թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս:

«Հայաստանի հաջողված պատմությունը կարող է օրինակ ծառայել նաև այլ պետությունների համար, թե ինչպես կարելի է պայքարել թրաֆիքինգի դեմ», – ասել է Բ.Բուզետտոն, հավելելով, որ սա մեծ հաջողություն է:

Իր հերթին լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ թրաֆիքինգի ծագման երկիր:

Ըստ Ռ.Գրիգորյանի խոսքերի սեռական շահագործման առումով նպատակակետ երկիր շարունակում են մնալ Թուրքիան և Արաբական միացյալ էմիրությունները, իսկ աշխատանքային շահագործման առումով` Ռուսաստանի Դաշնությունը:

Բացի դրանից փոխգնդապետի խոսքերով վերջին շրջանում Հայաստանում առկա են նաև ներքին թրաֆիքինգի եզակի դեպքեր:

Ռ.Գրիգորյանի խոքերով նման դեպքերից է Չինաստանի քաղաքացիներին Հայաստանում սեռական շահագործման ենթարկելու դեպքը:

Գործը դեռ նախաքննության փուլում է. չինացի կանայք Հայաստանում են ապրել և ենթարկվել սեռական շահագործման մերսման սրահի աշխատակիցների պիտակի տակ:

Նիստի ընթացքում ներկայացվեց նաև ուշագրավ վիճակագրություն ՄԱԿ-ից. հայտնաբերված տուժածների շրջանում աճում է երեխաների քանակը, ամեն 3-ից 1-ը երեխա է, նրանց մեծ մասն` աղջիկ:

Ըստ տվյալների ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները կազմում են թրաֆիքինգից տուժածների 70 տոկոսը:

2014 թ. ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հրապարակած Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ համաշխարհային զեկույցի համաձայն` տուժածներ կան 152 ազգությունից, 124 երկրներում:

Թեև 146 երկիր ընդունել են թրաֆիքինգի բոլոր ասպեկտները քրեականացնող օրենսդրություն, 18 երկիր էլ՝ մասնավոր օրենսդրություն, այս ոլորտում անպատժելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ. 2010-2012 թթ. տարեկան կտրվածքով ամեն 10 երկրից միայն 4-ում է գրանցվել 10 կամ ավելի դատապարտում, իսկ երկրների 15 տոկոսի մոտ որևէ դատապարտում չի գրանցվել:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2011 թ. հայտնաբերված տուժողների 53 տոկոսը ներգրավված է եղել սեռական շահագործման մեջ, 40 տոկոսը՝ հարկադիր աշխատանքում` տաժանակիր պայմաններում շահագործում` գյուղատնտեսության, այգեգործության, շինարարության, մանածագործության մեջ, հասարակական սննդի հաստատություններում և ռեստորաններում:

Վերջին շրջանում, սակայն, բացահայտվել են շահագործման այնպիսի ձևեր, ինչպիսիք են հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը, երեխաների ապօրինի որդեգրումը:

Նիստի ամբողջական ֆոտոշարքը տես հետևյալ հղումով` Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հատուկ նիստ

Share

About the author

AAVR administrator