Հունիսի 3-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Չներվածները» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ներկա էին ֆիլմի անձնակազմի ընկերներն ու բարեկամները, լրագրողներ, Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև “Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի անձնակազմը, որը “Թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմ” ծրագրի շրջանակներում ԱՄՆ դեսպատանատան միջոցով աջակցել էր ֆիլմի հետարտադրողական ընթացքին:
Ցուցադրությունից առաջ, մամլո ասուսիլին, դերասաններ Տիգրան Նալչաջյանը, Միկա Բաբայանը և Լուսինե Իսպիրյանը ներկայացրեցին լրագրողներին ֆիլմի ստեղծման պատմությունը, այն դժվարությունները, որոնց նրանք բախվել էին աշխատանքի ընթացքում և պատմեցին թրաֆիքինգի թեմային անդրադառալու հետաքրքրության մասին:
Տիգրանի խոսքերով, ֆիլմի ժանրը՝ կրիմինալ դրաման, կհետաքրքրի գրեթե բոլորին, քանզի ֆիլմում վեր է հանված նաև մեր հասարակության համար թրաֆիքինգի արդի թեման:
Երիտասարդ ռեժիսորի խոսքերով թրաֆիքինգի թեման նրան շուտվանից է հետաքրքրել, քանի որ մասնագիտությամբ նաև իրավաբան է:
«Այդ երևույթի արդյունքում մարդկային ճակատագրեր են որոշվում, իսկ մարդկային ճակատագրերը, կոնֆլիկտային թեմաները լավագույն հիմքն են գեղարվեստական ֆիլմ ստեղծելու համար: Կոնկրետ մեր դեպքում ֆիլմը միայն թրաֆիքինգի մասին չէ` թրաֆիքինգը սյուժեի առանցքային գծերից մեկն է, այն շատ կարևոր դեր է խաղում, քանի որ գլխավոր հերոսի տարբեր իրավիճակներում հայտնվելու շնորհիվ ֆիլմի հերոսների կյանքում շատ բաներ են փոխվում», – ասում է ռեժիսորը:
Տիգրանը նաև խոստովանեց լրագրողներին, որ նրա երազանքներից է նաև նկարահանել Սողոմոն Թեհլերյանի կյանքի մասին մի ֆիլմ, սակայն դեռ բավականաչափ ռեսուրսներ չունի այն իրականացնելու:
Ֆիլմից հետո երկար ծափահարություններ հնչեցին, ինչը նշանակում է, որ ֆիլմը, չնայած փոքր բյուջեի և որոշ տեխնիկական թերությունների այնուամենայնիվ անտարբեր չթողեց հանդիսատեսին:
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը իր հերթին նշեց, որ թրաֆիքինգի թեման նման ձևաչափով էկրաններին բարձրացնելը ևս մեկ ձեռքբերում է այդ երևույթի վտանգների մասին երիտասարդներին զգուշացնելու գործում և շահագռգիր կառույցները պետք է ավելի հաճախ սատարեն նման աշխատանքներ և երիտասարդ ռեժիսորներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի ստանալ փորձով և սխալներով կոփված բարձր որակի, պրոֆեսիոնալ աշխատանքներ:
Պրեմիերայի ամբողջական ֆոտոշարքը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ “Չներվածները” ֆիլմի պրեմիերան Մոսկվա կինոթատրոնում
About the author