Թրաֆիքինգ. երեխաները ենթարկվում են սեռական շահագործման, ստիպողաբար մուրացկանություն անում

ByAAVR

Թրաֆիքինգ. երեխաները ենթարկվում են սեռական շահագործման, ստիպողաբար մուրացկանություն անում

Երկու տարի շարունակ ԱՄՆ Պետական դեպարտապենտի զեկույցի համաձայն` Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի առումով գտնվում է առաջին խմբի երկրների թվում, ինչը, սակայն չի նշանակում, թե խնդիրը հաղթահարված է, գրում է iravaban.net-ը: 

Անչափահասների թրաֆիքինգի ենթարկվելու դեպքերը հատկապես ուշադրության կենտրոնում է պատկան մարմինների կողմից: Մեր հարցմանն ի պատասխան` ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից հայտնում են, որ անչափահասների թրաֆիքինգի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թվականին:

Զոհի ամենացածր տարիքը եղել է 13-ը, ամենաբարձրը` 17-ը: 2013 թվականին անչափահասների թրաֆիքինգի 3 դեպք է արձանագրվել. այս գործերով տուժող է ճանաչվել 4 արական և 1 իգական սեռի ներկայացուցիչ: Հայաստանում անչափահասներին թրաֆքինգի մեջ ներգրավելու տարածված հիմնական ձևերը երկուսն են` սեռական և աշխատանքային շահագործումը. փաստում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյան: Նրա խոսքով`սեռական շահագործման զոհերը միայն աղջիկներ են եղել (պոռնկության շահագործում), իսկ աշխատանքային թրաֆիքինգի դեպքում` և տղաները, և աղջիկները շահագործվել են` մուրացկանություն կատարելով: Մեկ դեպք էլ եղել է, երբ տղա երեխային հարկադրել են գողություն կատարել:

Թրաֆիքյորների համար երեխաները «շահութաբեր բիզնես» են, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ. նրանց առավել հեշտ է համոզելը և կախվածության մեջ գցելը. «Չնայած միջոցներն ինքնին չեն ազդում արարքը հանցագործություն ճանաչելու վրա, բայց եթե երեխան մեծահասակին ընկալում է որպես հեղինակություն, նա պատրաստակամ է կատարել նրա բոլոր կարգադրությունները՝ չգիտակցելով դրանց հանցավոր լինելու փաստը››,- նշում է Դավիթ Թումասյանը և հավելում, որ հենց դա է պատճառը, երբ թրաֆիքնգի զոհ առավել հաճախ դառնում են միակողմանի ծնողազուրկ, հատուկ հաստատություններում գտնվող, խորթ ծնողների հետ ապրող կամ մուրացիկ երեխաները:

Ավագ քննիչի փոխանցմամբ` երեխաների ներքին թրաֆիքինգի կամ ներքին շահագործման դեպքերի մեծամասնությունը տեղի է ունեցել Երևանում, երբ մարզերից այստեղ են բերվել աղջիկ երեխաներ, կամ Երևանի արվարձաններից երեխաները տեղափոխվել են կենտրոնական փողոցներ՝ մուրացկանության մեջ ներգրավվելու համար. «Մարզերում հատուկենտ դեպքեր են գրանցվել, այն էլ՝ ոչ բոլոր մարզերում: Երեխայի շահագործման դեպքեր արձանագրվել են Սյունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում: Եղել են նաև դեպքեր, երբ երեխաներին շահագործման նպատակով երկրից դուրս են բերել»,- ասաց Դ. Թումասյանը:

Շահագործման նպատակով երեխաներին երկրից դուրս բերելու դեպքեր գրանցվել է մինչև 2012թվականը: Սա պայմանավորված է նրանով, որ դրանից հետո երեխաների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու օրենսդրական կարգավորումները խստացվել են: «Երեխան ինքնուրույն չի կարող մեկնել ՀՀ-ից: Նա պետք է լինի կամ ծնողի, կամ ծնողի կողմից լիազորված անձի ուղեկցությամբ»,- փաստում է փորձագետը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս մտահոգված է անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու խնդրով և բարձրաձայնում է իր տարեկան զեկույցներում: Սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ օմբուդսմենի աշխատակազմը հաճախակի է արձանագրում դեպքեր, երբ երեխաները ներգրավված են մուրացկանության մեջ. «Հիմնականում հանդիպում ենք դեպքերի, երբ երեխաները մուրացկանության են դրդվել ծնողների կողմից: Վերջիններս երեխայի նկատմամբ նման վերաբերմունքը պատճառաբանում են սոցիալական ծանր պայմաններով»:

Օմբուդսմենի տեղակալի խոսքով` նման դեպքերում երեխաներն առավել խոցելի են դառնում բռնության նկատմամբ, դուրս են մնում կրթությունից, ապրում են կյանքի և առողջության համար վտանգավոր և նորմալ զարգացման համար անբարենպաստ պայմաններում. «Մեկ այլ դեպքում` հատկապես գյուղական վայրերում երեխաները վաղ հասակից ներգրավվում են իրենց առողջության համար վտանգավոր ծանր աշխատանքներում, որպեսզի աջակցեն ընտանիքին սոցիալական խնդիրները լուծելու հարցում»:

Խնդրի լուծման միջոցների մշակման նպատակով ` պաշտպանի աշխատակազմը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Հասարակությանն իրազեկելու նպատակով նաև սոցիալակն տեսահոլովակներ են նկարահանվել. «Նպատակ ունեինք նաև այն միտքը տարածել, համաձայն որի` մուրացիկ երեխային գումար տալով նրան ոչ թե աջակցում են, այլ վնասում, քանի որ նման կերպ երեխային մուրացկանության դրդողն ավելի է շահագրգռվում նրան շահագործելու»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:

Լաուրա Մամյան

Share

About the author

AAVR administrator