32-ամյա կինը Դուբայում թրաֆիքինգի ենթարկվելուց միայն 9 տարի անց է պատմել իր հետ կատարվածը, տեղեկացնում է pastinfo-ն:
Նա հայտնել է, որ 2006թ.-ին ներկայում «Աբովյան»-ում թրաֆիքինգի համար պատիժ կրող Ծովիկ Ավետիսյանը մաքրուհի աշխատելու պատրվակով հավաքագրել և ԱՄԷ Դուբայ քաղաք է տեղափոխել իրեն:
Այստեղ նա ընկել է հանրահայտ կավատ, 2009թ.-ից թարֆիքինգի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Նելլի Ներսիսյանի ղեկավարած ցանցի մեջ:
Նելլի Ներսիսյանը վերցրել է կնոջ անձնագիրը, և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինը ո՛չ գումար և ո՛չ էլ փաստաթուղթ ունի՝ փախչելու համար, բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքով շուրջ 2 ամիս ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ՝ սեռական շահագործման ենթարկելով նրան և նրանից վերցնելով վաստակած ողջ գումարը:
Իսկ երբ կնոջ առողջական վիճակն այնքան է վատացել, որ նա այլևս չի կարողացել սպասարկել «հաճախորդներին», Նելլի Ներսիսյանը նույն բռնի մեթոդներով վերջինիս աշխատանքային շահագործման է ենթարկել` ստիպելով տարբեր մարդկանց տներում կատարել մաքրման աշխատանքներ:
Այս մասին, թրաֆիքինգի ենթարկված կինը հայտնել է միայն տարիներ անց` թերևս վախենալով իրեն շահագործողների հաշվեհարդարից:
Իսկ այսօր, նրանց մի մասն արդեն պատիժ է կրում, իսկ նրանց ղեկավարը՝ Նելլի Ներսիսյանը, շարունակում է մնալ ազատության մեջ՝ միջազգային հետախուզման մեջ լինելով:
Նելլի Ներսիսյանի ղեկավարած ցանցի անդամներից մեկի՝ Հերիքնազ Խաչատրյանի գործով դատավարությունն այս օրերին ընթանում է Կետրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, զբաղվել է մարմնավաճառությամբ և մարդկանց թրաֆիկինգով՝ մարդկաց հավաքագրելու, շահագործելու, թաքցնելու և սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ։
Համագործակցելով Երևանում բնակվող քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ, նա հանցավոր խումբ է ստեղծել Միացյալ Էմիրություններում գտնվող նույն Նելլի Ներսիսյանի հետ, և հավաքագրած կանանց տեղափոխել Դուբայ՝ հոգալով նրանց ճանապարհի ու վիզային ծախսերը:
About the author