Օգոստոսի 21-ին ՀՀ 2015-ի թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում կայացավ “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” ծրագրի երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը անցավ Brain Ring խաղի ձևաչափով:
2014թ. գարնանը ստեփանավանցի երիտասարդները, ոգևորվելով Ստեփանավանը տարվա երիտասարդական մայրաքաղաք դարձնելու գաղափարով, համախմբվեցին «Երիտասարդությունն ուժ է, մենք հավատում ենք մեր հաղթանակին» կարգախոսի շուրջ և մասնակցեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին:
Համառ պայքարի արդյունքում փորձագետների գնահատականների և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի մասնակից 6 քաղաքներից, որոնք էին Եղեգնաձոր, Ծաղկաձոր, Չարենցավան, Քաջարան, Ստեփանավան և Կապան քաղաքները, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը և տարեմուտին ընդառաջ 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանից վերցրեց երիատարդական մայրաքաղաքի էստաֆետը:
“Գիտոլիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” ծրագիրը իրականցվեց “Արտ Սայթ” ՍՊԸ-ի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ուժերով, ինչպես նաև “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի ստեղծագործական թիմի գործընկերությամբ:
Ծրագրի ստեղծագործական թիմը մշակել էր երիտասարդների հետ գիտելիքները կիսելու և այնուհետև ամրապնդելու և ստուգելու նոր, հետաքրքիր ձևաչափ, որը առաջին անգամ կիրառվեց 2014 թվականին Սիսիանում:
Խոսքը Brain Ring խաղի մասին է, որից առաջ նախապատրաստական դասընթացի ընթացքում մասնակիցները փորձագետների օգնությամբ ծանոթացան մարդկանց թրաֆիքինգի, հայկական սփյուռքի ու Ստեփանավանի պատմամշակութային արժեքների թեմաներին: Այնուհետև ստացած գիտելիքները ստուգվեցին մրցույթային կարգով. որպես խաղի սկզբունք ընտրվել էր Brain Ring խաղի սկզբունքը՝ ճիշտ և արագ հարցերին նախորոք կազմավորված թիմերով պատասխանելը:
2013թ.-ի ՀՀ կառավարության “ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ” հաշվետվության մեջ նշված է, որ ի տարբերություն մեծ քաղաքների, փոքր քաղաքներում և գյուղական բնակավայրերում մարդկանց թրաֆիքինգի իմացության մակարդակը համեմատաբար ցածր է:
Ծրագրին մասնակցեցին Ստեփանավանի տարբեր բնագավառում աշխատող և սովորող 50 երիտասարդներ, ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, պետական և հասարակական կառույցների, բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացներին հրավիրված փորձագետները, որոնք նախորոք մշակել էին նաև խաղի հարցաշարը, դասընթացների ընթացքում մասնակիցների հետ կիսվեցին բոլոր այն անհրաժեշտ գիտելիքներով, որոնք հետագայում կօգնեին երիտասարդներին ոչ միայն ճիշտ պատասխաններ տալ խաղերի ժամանակ և հաղթել, այլև օգնել կանխարգելելու և պայքարելու թրաֆիքինգի դեմ:
Խաղին մասնակցելու համար ծրագրի 35 մասնակիցներն ըստ կազմակերպությունների բաժանվեցին 7 թիմերի, յուրաքանչյուրում՝ 5 խաղացող:
Ծրագրի երկու փուլերն էլ անցկացվեցին հանրության ակտիվ մասնակցությամբ: Թիմերը հանդես էին գալիս խաղի համար հատուկ պատրաստված հանդերձանքով՝ խորհրդանշելով հայկական եռագույնը, “STOP TRAFFICKING” ուղերձը և www.antitrafficking.am կայքի հասցեն:
Խաղի թափանցիկությունն ապահովելու համար օգտագործվեց նախորոք մշակված համակարգչային ծրագիր, որն էլ ապահովեց խաղի անաչառությունը: Հաղթանակած “Ստեփանավան” կապույտ թիմը պարգևատրվեց քնապարկերով և վրանով, որպես առողջ ապրելակերպի և թրաֆիքինգի վտագի մասին իրազեկման յուրօրինակ խորհրդանիշ: Իսկ երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած “Արջասար” և “Անի” թիմերը՝ պարգևատրվեցին քնապարկերով և “anti-trafficking” կարգախոսով հուշանվերներով:
Brain Ring խաղի ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Ստեփանավան. “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի”, Brain Ring
Ծրագրի առաջին փուլի դասընթացի ներկայացումները հասանելի են հետևյալ հղումով՝ Փորձագետների ներկայացումներ
About the author