Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի համար 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանը նույն մեղադրանքով ներկայումս ամբաստանվող քրոջ դեմ քննիչի մոտ ցուցմունք է տվել՝ իրեն 1 օր անօրինական պահել են ոստիկանության վարչությունում, ծեծել, սպառնացել՝ կորզելով իրենց ցանկալի ցուցմունքը:
Ինչպես տեղեկացնում է ՓաստԻնֆո-ն այդ մասին սեպտեմբերի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Բավական Խաչատրյանը, ով ներկայացվել էր դատարան հարցաքննվելու նպատակով, քրոջ՝ Հերիքնազ Խաչատրյանի գործով:
Ըստ Բավականի՝ 2005թ. ինքը քրոջ հետ չի շփվել, որևէ տեղեկություն չի ունեցել, թե քույրը որտեղ է և ինչով է զբաղվում: Նրա մասին մասամբ տեղեկացել է ընտանիքի անդամներից՝ մորից և եղբորից:
Բավական Խաչատրյանը դատարանում հայտնեց, որ Դուբայում ընկերուհի ունի, որի անունը Անո է և ով իրեն ավելի շատ է քույր, քան իր սեփական քույրը:
Ընկերուհի ասված «քուրոն» էլ Դուբայում զբաղվել է «խառը գործերով», այդ թվում նաև՝ մարմնավաճառների հետ է կապ ունեցել:
Դատապարտյալը դատարանում հայտնեց, որ 2008թ. իրեն է դիմել քրոջ գործով անցնող տուժողներից մեկը և հայտնել, որ ցանկանում է Թուրքիա գնալ աշխատելու, որպեսզի Հայաստանում կուտակած պարտքերը փակի: Բավականը խոստացել է օգնել, ասելով, որ «քուրոյին» կզանգի այդ հարցով:
«Քուրո» ասելով, ըստ դատապարտյալի, ինքն ի նկատի է ունեցել Անոյին և ոչ թե իր քրոջը՝ Հերիքնազին, ինչպես որ տուժողներն են ներկայացնում:
Բավականի բնութագրմամբ՝ գործով տուժող ճանաչված այդ աղջիկը «պրոֆեսիոնալ մարմնավաճառ է» և իրեն հայտնել է, որ ինքը միայն այդ գործով կարող է զբաղվել, նշելով, որ գործի մեջ որևէ սահմանափակում և կաշկանդվածություն չկա:
Բավականը օգնել է տուժողին գնալ Դուբայ՝ Անոյի մոտ և քանի որ նա Հայաստանում պարտքեր է ունեցել Բավականից պարտքով գումար է խնդրել, պարտքերը փակել՝ խոստանալով վերադարձնել:
Սակայն երբ տուժողը Դուբայ է հասել, Բավականի ընկերուհին իրեն զանգահարել է և ասել, որ մարմնավաճառության նպատակով իրենց մոտ ուղարկված աղջիկը պայմաններ է դրել՝ մարմնավաճառությամբ զբաղվելուց առաջ ոգելից խմիչք պետք է օգտագործի:
Պարզվել է նաև, որ ոգելից խմիչք օգտագործելուց հետո էլ նա երակները կտրում է: Եվ քանի որ տեսքն էլ չի համապատասխանել պահանջվածին՝ տալով նրան 500-600 ԱՄՆ դոլար և մեկ բջջային հեռախոս, հետ են ուղարկել Հայաստան:
Ինչ վերաբերում է գործով մյուս տուժողին, ապա, ըստ դատապարտյալի, նա ևս մարմնավաճառ է եղել, վերջինս մոր հետ երկար տարիներ բնակվել են Բավականենց տանը, սակայն նա Դուբայ չի հասել, քանի որ Բավականին զանգել ու տեղեկացրել է, որ վիզան կորցրել է, և նա վերադարձել է Հայաստան:
Հիշեցնենք, որ այս տուժողը դատարանում հայտնել է, որ ինքնաթիռում տեղեկացել է, թե ինչ գործով է Դուբայում զբաղվելու, պատռել է վիզան, որպեսզի իրեն հետ ուղարկեն Հայաստան:
Տուժողներից երկուսն էլ, ովքեր իր դեմ ցուցմունք են տվել, ըստ Բավականի, «6-րդ վարչության մարդիկ են»՝ խոսքը Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մասին է:
Բավականի խոսքով՝ գործով մյուս երկու տուժողներն էլ՝ իրենից տեղեկանալով, թե Դուբայում ինչ գործով են զբաղվելու, հրաժարվել են գնալ:
Դատարանում քույրերի փոխհարաբերությունները առերևույթ վատ էին, անգամ Բավականը քրոջ ռեպլիկին պատասխանեց, որ «դու ո՞վ էիր, որ ես քո անունը տայի, էսօր ես եմ դատված»:
Տուժողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի հարցերին դատապարտյալը հրաժարվեց պատասխանել, ապա նաև նրան անվանեց «քննիչի մարդ»:
Բավականը հերքեց գործով բոլոր տուժողների այն պնդումը, թե Բավականը զանգել է քրոջը՝ Հերիքնազին և թե տուժողներն անգամ Հերիքնազի հետ հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Բավականի, ինքը քրոջ հետ ընդհանրապես կապ չի ունեցել, նրա հեռախոսահամարն անգամ չի ունեցել, իսկ իր մորը զանգահարել է փակ համարից:
Չնայած, ըստ Բավականի, ինքը քրոջ հետ չի շփվել տարիներ շարունակ, սակայն լավ հիշում էր, թե քրոջը երբ են վտարել Դուբայից՝ նրա անձնագրի մեջ էր կարդացել:
Դատապարտյալի հարցաքննությունից պարզ դարձավ, որ ինքը բոլորին ցանկացել է օգնել, բայց այդ գործարքներից շահույթ չի ստացել:
Բավական Խաչատրյանի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 19-ին կայանալիք նիստում:
About the author