Աշխատանքային թրաֆիքինգի խնդիրներին նվիրված ԵԱՀԿ փորձնական հետազոտության շնորհանդես

ByAAVR

Աշխատանքային թրաֆիքինգի խնդիրներին նվիրված ԵԱՀԿ փորձնական հետազոտության շնորհանդես

Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացավ Հայաստանում չափահասների և երեխաների շրջանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը բարելավելու նպատակով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ և “Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան” կազմակերպության ու ազգային փորձագետների կողմից իրականացված փորձնական հետազոտության շնորհանդեսը:

Հետազոտությունը միտված է բացահայտել Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի խնդիրները, նպաստել թրաֆիքինգին վերաբերող մարտահրավերների բացահայտմանն ու դրա դեմ պայքարի համատեղ ջանքերի ամրապնդմանը:

Ըստ շնորհանդեսին ներկայացրած տվյալներից պարզ դարձավ, որ հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի առումով առավել խոցելի են բազմանդամ և ֆինանսապես անապահով ընտանիքները:

Բացահայտումներն ավելի շատ վերաբերել են համաձայնեցված և փաստացի աշխատավարձերի չափի, աշխատանքային գրավոր պայմանագրերի բացակայության և աշխատանքից դուրս գալու պաշտոնական ընթացակարգերի հետ կապված խախտումներին, ինչպես նաև առանց պատշաճ փոխհատուցման արտաժամյա աշխատանքի և աշխատանքային օրենսգրքին հակասող աշխատանքային շահագործման հնարավոր դեպքերին, քան հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի ակնհայտ դրսևորումներին:

Երեխաների իրավունքների բացահայտված խախտումների դեպքերը ներառում էին հարկադիր աշխատանքի տարրեր, որոնք պահանջում են համապատասխան մարմինների միջամտությունը:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է ազգային կառույցներին՝ իրականացնելու թրաֆիքինգի դեմ պայքարում ԵԱՀԿ հանձնառությունները, և մեր գրասենյակը շարունակելու է կարևորել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առկա մեխանիզմների բարելավմանն ուղղված գործունեությունը», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Այս ուսումնասիրության նպատակով հարցում է կատարվել 300 տնային տնտեսությունների շրջանում՝ բացահայտելու ելակետային տվյալներ այն մասին, թե որքանով են բնակչությունը և բնակչության առանձին հատվածներ խոցելի թրաֆիքինգի առումով, ինչպես նաև գնահատելու Երևանում, Արարատի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի հետ կապված խնդիրները:

Փորձնական հետազոտությունը նաև նպատակ ուներ բացահայտել, թե որքանով են երեխաները՝ մասնավորապես նշված մարզերում երեխաների խնամքի և պաշտպանության, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խոցելի հարկադիր աշխատանքի և շահագործման առումով:

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված պետական մարմինների և նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսումնասիրությունն իրականացրած ազգային փորձագետները քննարկեցին հետազոտության արդյունքներն այսօրվա շնորհանդեսի ընթացքում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կաջակցի աշխատանքային խմբին՝ ավարտելու թրաֆիքինգի դեմ պայքարի նոր՝ եռամյա պետական ծրագրի մշակումը՝ հաշվի առնելով ուսումնասիրության առաջարկությունները:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ու պետությունների մշտադիտարկման և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակների կողմից:

Շնորհանդեսի լուսանկարները հասանելի էն մեր ֆեյսբուքյան էջում՝ ԵԱՀԿ փորձնական հետազոտության շնորհանդես

Share

About the author

AAVR administrator