Փետրվարի 2-ին՝ Երևանում, տեղի ունեցավ «Երեխաների սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» նոր ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Ձեռնարկը հրատարակվել է «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և երեխաների շահագործման դեմ պայքարի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Ձեռնարկի հրատարակումը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետքարտուղարության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն»:
Ձեռնարկի հեղինակներն են՝
Ձեռնարկը նախատեսված է իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների համար:
ԱՄՆ դեսպանատան անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Մարիցա Հովհաննիսյանը (ԱՄՆ Պետքարտուղարության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի» ծրագրի ասիստենտ): Նա շնորհակալություն հայտնեց ձեռնարկի նախաձեռնողներին ու իրականացնողներին և հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունները հետայսու ևս կլինեն ԱՄՆ Պետքարտուղարության ուշադրության կենտրոնում:
Ներածական մասը ներկայացրեց «Հույս և օգնություն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը: Նա իր խոսքում նշեց, որ նման ձեռնարկի անհրաժեշտություն վաղուց կար, քանի որ երեխաների մասնակցությամբ քրեական գործերը բարդ են, ունեն իրենց առանձնահատկությունները և միշտ չէ, որ վարույթ իրականացնող քննիչները լիարժեք ապահովում են երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Ասվածի հավաստումն է վերջերս քննչական կոմիտեում ներկայացված hետազոտությունը, ըստ որի՝ երեխաների հետ աշխատող քննիչների աշխատանքում հայտնաբերվել էին թերություններ: Կոմիտեի նախագահը հանձնարարական էր տվել՝ երեխաների հետ աշխատող քննիչներին վերապատրաստելու վերաբերյալ: Ձեռնարկի օգտագործումը կնվազեցնի նման ռիսկերը և կապահովի խնդրի արդյունավետ լուծումը:
Ձեռնարկի բովանդակությանն անդրադարձավ համահեղինակ Դավիթ Թումասյանը: Նա խոսեց սեռական հանցագործությունների դասակարգման անհրաժեշտության մասին՝ ըստ տարիքային խմբերի (7 տարեկան, 7-12 տարեկան, 12-16 տարեկան, 16-18 տարեկան):
Երեխաների կենտրոնացման ունակությունները տարբեր են կախված տարիքից, զարգացվածության աստիճանից: Ժամային առումով այն կարող է տատանվել 30 րոպեից մինչև 1.5 ժամ: Այդ իսկ պատճառով երեխաների հետ հարցաքննությունները չի կարելի իրականացնել 2 ժամից ավել: Արդյունավետ տևողություն է համարվում 45 րոպեն (սույն մոտեցումը կիրառելի է և’ անչափահաս տուժողի, և’ անչափահաս մեղադրյալի համար):
Ըստ Դ. Թումասյանի՝ չափազանց կարևոր է երեխայակենտրոն վերաբերմունի դրսևորումը: Տուժող երեխաներին պետք է զերծ պահել երկրորդային զոհացումից (վիկտիմիզացիա): Հատկապես նշվեց, որ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ տրամադրել հետաքննության նախապատրաստական աշխատանքներին, որպեսզի բացառվի տուժող երեխային լրացուցիչ հարցաքննության կանչելու անհրաժեշտությունը: Հնարավորինս պետք է զերծ մնալ նաև տուժող երեխա և ենթադրյալ կասկածյալ առերեսումներից: Նախընտրելի են միջնորդավորված առերեսումները՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ, որը հնարավորություն կտա ամրագրել երեխայի կողմից օգտագործվող դարձվածքները և արտահայտությունները:
Դ․ Թումասյանը շեշտադրեց նաև, որ վերլուծություններից զատ ձեռնարկում տրված են նաև 19 եզրահանգումներ և գործնական առաջարկներ՝ ուղղված երեխաների հետ վարույթ իրականացնող բոլոր մասնագետների գործնական կարողությունների զարգացմանը (քննիչներ, մանկավարժներ, սոց. մանկավարժներ, հոգեբաններ):
Միջոցառման ամփոփումն իրականացվեց լսարանի ակտիվ հարց ու պատասխանով: Մասնավորապես հարցեր հնչեցին վարույթի ընթացքում հոգեբանի և մանկավարժի պարտադիր ներկայության, մասնագիտական կրթական համակարգերում ձեռնարկի ներդրման և կիրառելիության գործընթացների մասին: Առաջարկվեց նաև ձեռնարկը տարածել թրաֆիքինգի թեմայով նյութեր պատրաստող լրագրողների շրջանում։
Ձեռնարկի առցանց տարբերակն այս հղումով՝ «Երեխաների սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները»
About the author