Սույն թվականի մարտի 2-ին «Սեյվ դը չիլդրեն» (ՍԴՉ) հայաստանյան ներկայացուցչությունը «Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) կազմակերպության հետ համատեղ հրավիրել էր մամուլի ասուլիս ՝ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների համար: Հանդիպման դիտակետում վերջերս ԶԼՄ-ների կողմից երեխաների անձնական տվյալների հրապարակման խնդիրներն էին: Խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների ճակատագրերի վրա։
Ասուլիսի խոսնակներն էին՝ Ա.Ստեփանյանը (ՍԴՉ կազմակերպության տնօրեն), Ժ.Էդիլյանը (ՎՎՀ ծրագրի տնօրեն) և Դ.Թումասյանը (ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ): Համատեղ ասուլիսի շարժառիթը ՀՀ-ի գիշերօթիկ հաստատություններից մեկում տեղի ունեցած դեպքի լուսաբանումն էր, որի ընթացքում լրագրողը թույլ տալով լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ մանրամասն ներկայացրել էր երեխայի տվյալնները և հաստատության անվանումը՝ դրանով իսկ վնասելով երեխայի հետագա հոգեբանական վերականգնմանը: Ասուլիսի ընթացքում կոչ արվեց զերծ մնալ ԶԼՄ-ին թվացյալ վարկանիշ բերող անձնական տվյալների և հնարավոր նույնացումների մասին տեղեկատվությունների հրապարակումներից, փոխել գործելաոճը, առավել զգուշավոր լինել, երբ խոսքը հատկապես վերաբերվում է երեխաներին: Խնդիրները անհրաժեշտ է բարձրաձայնել՝ միայն թե չվնասելով երեխաներին։
Բանախոսներն ասուլիսի սկզբում հակիրճ անդրադարձան երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին և սկզբունքներին, դրանց կարգավորման միջազգային և ազգային օրենսդրություններին։ Խոսակցություն ծավալվեց լրագրողների գործունեության իրավական և էթիկական կարգավորման խնդիրների շուրջ, մատնանշելով՝ այս ասպարեզում առկա ձեռքբերումներն ու թերությունները։ Մասնավորապես բարձրաձայնվեց լրագրողների իրավական պատասխանատվության հարցը, որը դեռևս լիարժեք կարգավորված չէ, ինչպես նաև լրագրողական էթիկայի հարցերը, որոնք կարծես թե ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի գործունեության շնորհիվ քիչ թե շատ կարգավորված է։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե կա՞ արդյոք վիճակագրություն ԶԼՄ-ների սխալ լուսաբանումներից տուժած երեխաների վերաբերյալ, երեք բանախոսներն էլ նկատեցին, որ մեկ դեպքն էլ բավական է, որպեսզի խնդիրը բարձրաձայնվի և լուծում ստանա։ Այնուհանդերձ ՎՎՀ-ի ներկայացուցիչ Ժ․Էդիլյանը նշեց, որ ավարտվում է նմանատիպ մի հետազոտություն, որի արդյունքները շուտով կհրապարակվեն։
Մամլո ասուլիսին մասնակցում էր նաև «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը, ով ունի աշխատանքի փորձառություն մարդկանց թրաֆիքինգի ոլորտը ներկայացնող լրագրողների հետ: Նա առաջարկեց մարդկանց թրֆիքինգի լուսաբանման ասպարեզում վերջին 3 տարիներին ձեռք բերած փորձը փոխանցել երեխաների խնդիրների լուսաբանման կարգավորման գործընթացի մասնակիցներին։
About the author