Փորձագետ. «Անչափահասների իրավունքները հայկական ԶԼՄ-ներում մեծամասամբ էթիկական բնույթ են կրում»

ByAAVR

Փորձագետ. «Անչափահասների իրավունքները հայկական ԶԼՄ-ներում մեծամասամբ էթիկական բնույթ են կրում»

Մարտի 18-ին կայացավ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հրավիրված կլոր-սեղան քննարկումը՝ «Երեխաների մասին նյութերի լուսաբանումը Հայաստանում. առկա խնդիրներն ու լուծման հնարավոր մեխանիզմները» թեմայով:

Քննարկմանը ներկայացված էր «Անչափահասների իրավունքների պահպանումը Հայաստանի ԶԼՄ-ներում» թեմայով ուսումնասիրության արդյունքները։ Մշտադիտարկումն իրականացվել էր Երևանի մամուլի ակումբի կողմից՝ «World Vision International» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ուսումնասիրության համար ընտրվել էին Հայաստանի 5 հեռարձակվող ԶԼՄ՝ «Հ1», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» և «ATV»։ Հետազոտվել էին վերը նշված ալիքներով հեռարձակվող այն բանավեճային հաղորդումները, որոնք ի թիվս այլ հարցերի, արծարծում են նաև երեխաներին վերաբերող խնդիրներ, որոնք հեռարձակվել են 2015թվականի հունիսի 1-30-ը:

Հանդիպման բանախոսներն էին՝ Ժիրայր Էդիլյանը, Աիդա Մուրադյանը (Վորլդ Վիժն Հայաստան), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբ), Արզուման Հարությունյանը (Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա), Արսեն Ստեփանյանը (Save the children կազմակերպություն), Գեղանուշ Գյունաշյանը (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն), Գևորգ Հայրապետյանը (Արդարադատության նախարարություն), Լուսինե Սարգսյանը (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ), Արտակ Շաքարյանը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ), Գեղամ Մանուկյանը (Երկիր Մեդիա հեռուստաընկերություն):

Մասնակցում էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և մամլո խոսնակներ (Հ1, Հետք, Երկիր Մեդիա):

Ներկաներին ողջունեցին Ժ. էդիլյանն ու Բ. Նավասարդյանը՝ միաժամանակ ներկայացնելով հետազոտության նպատակներն ու խնդիրները։ Ըստ բանախոսների՝ երեխաներին անդրադառնալիս մեդիայում ծագում են մի շարք խնդիրներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության և ինքնության հասանելիության առումներով։ Հետազոտության հրատապությունը պայմանավորված է եղել հենց վերոնշյալ գործոններով:

Հետազոտությունն անցկացվել է հատուկ մշակված մեթոդաբանությամբ, որի հիմքում ընկած են երեխաների իրավունքների պաշտպանությունը կարգավորող միջազգային նորմերը, ՀՀ օրենսդրությունը և երեխաների և մանկության խնդիրների լուսաբանման համընդհանուր էթիկական սկզբունքները:

Ըստ հետազոտության հեղինակների՝ ուսումնասիրված հաղորդումներում հաճախակի առկա է բեմականացումը, ինչը պետք է բացառվի։

Հաղորդման նկարահանման նպատակներով իրավիճակի բեմականացումը կրկին սրում է երեխայի հուզական դաշտը, ինչը ծանր անդրադարձ կարող է ունենալ ինչպես նրա հոգեկան վիճակի, այնպես էլ հասակակիցների հետ հարաբերություններ կարգավորելիս: Հավելվեց նաև, որ նմանատիպ հաղորդումներ ստեղծելիս, ինչքան ավելի շատ են էթիկական և իրավական խախտումները, այնքան մեծ է լսարանը։

Քննարկման ընթացքում զուգահեռ ցուցադրվեցին դրվագներ վիճելի հաղորդումներից, որտեղ որոշ դեպքերում առկա էին բացառապես էթիկական խախտումներ։

Մոնիտորինգի հեղինակները նաև նշեցին, որ հայաստանյան հեռուստաեթերում երեխաների իրավունքների պաշտպանության չափորոշիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ խախտումների մեծամասնությունը կանխամտածված չեն եղել, այլ պայմանավորված են եղել մասնագիտական գիտելիքների բացակայությամբ կամ ոչ լիարժեք տիրապետմամբ։

Բացերը լրացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների գիտելիքների մակարդակը՝ տարբեր դասընթացների և կրթական ծրագրերի միջոցով՝ ունենալով «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» կողմից իրականացվող «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» նախագծի հաջողված փորձը:

Բանախոսները փաստեցին, որ մի շարք ԶԼՄ-ների կողմից ստորագրված (ստորագրությանը մասնակցել են ընդամենը 49 լրատվամիջոցներ) էթիկական կանոնագիրքը համալրվել է նոր կետերով, սակայն խնդիրը նրանում է, որ խնդրառու լրատվամիջոցները հրաժարվում են ստորագրել այդ համաձայնագիրը։

Քննարկման ավարտին ներկաները եզրակացրին, որ խնդրի լուծումը ԶԼՄ-ների պատասխանատվության մակարդակի բարձրացումն է՝ քննարկումների, հետազոտությունների և կրթական միջոցառումների օգնությամբ, ինչպես նաև, ոլորտին առնչվող համապատասխան մարմինների հետևողական աշխատանքը:

 

Քննարկման լուսանկարները հասանել են հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1287342371279163.1073741883.815159858497419&type=3

Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝ «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՄԵԴԻԱ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Share

About the author

AAVR administrator