Բոլոր ծրագրերն ունենում են իրենց խոստումնալից սկիզբը, աշխատատար և բեղմնավոր ընթացքը, ինչպես նաև տրամաբանական ավարտը:
Նմանօրինակ հաջորդականությամբ էլ ընթացավ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագիրը՝ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:
Մարդկանց թրաֆիքինգի լուսաբանման ոլորտում եզակի այս ծրագիրը, որը վերածվեց ոլորտի տեղեկատվական ռեսուրս-հարթակի, հետազոտեց, միավորեց, ուսուցանեց և իրազեկեց մի շարք թիրախային խմբերի՝ ուշադրության կենտրոնում իհարկե պահելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
Շուրջ 3 տարի ընթացող նախագծի ավարտը ևս տարբերվում էր իր ներկայացման մոտեցմամբ. այն համախմբել էր բոլոր մասնակիցներին՝ նվիրատու կողմի առաջին դեմքեր, ԶԼՄ-ների համար նախատեսված մրցանակաբաշխության հաղթողներ, աշխատանքային խմբի անդամներ, ոլորտի իրավական պատասխանատուներ, կամավորներ, որպեսզի մեկ անգամ ևս ի ցույց դներ հավաքական և կայուն աշխատանքի արդյունքները:
Միջոցառման բացման, ողջույնի և հաշվետվական խոսքը «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանինն էր: Նա ներկայացրեց արդեն իսկ կատարված աշխատանքները, վերլուծությունները, առանցքային գործառույթները, վիճակագրական տվյալները, որոնք առավել տեսանելի դարձրին, որ թրաֆիքինգի դեմ պայքարում ընտրված միջոցները արդարացված են: Այս ամենի հավաստումն է վերջին 3 տարիների ԱՄՆ պետքարտուղարության տարեկան հաշվետվությունների ցուցանիշները (ՀՀ-ն հանդիսանում է առաջին խմբի երկիր՝ ըստ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համակցված աշխատանքների արդյունքների):
Ներկայացման վերջում Ա․Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ամերիկացի ժողովրդին՝ ծրագրին աջակցելու համար։
Այնուհետև իր դիտարկումներով հանդես եկավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վ. Կաժոյանը, ով իր խոսքում շեշտեց, որ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի բովանդակային և թվային արդյունքները խոսուն են, ինչը փաստում է ներդրված աշխատանքային մոդելի արդարացված լինելը:
Միջոցառման պաշտոնական մասն ամփոփեցին ՀՀ-ում ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավար Ջեք Անդերսոնը և ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանը:
Ջ. Անդերսոնը ներկաներին ողջունեց հայերենով և ամերիկացիների անունից նշեց, որ նախագծի արդյունքներն իրավամբ գոհացնող են:
Մ․ Հովհաննիսյանն էլ իր հերթին կարևորեց ծրագրի նվաճումները, առանձնացրեց մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում աշխատանքային խմբի դերակատարումը, որի անդամն է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և նշեց, որ այս խմբի աշխատելաոճով կարելի է հասնել հաջողությունների այլ սոցիալական խնդիրների ոլորտում ևս։
Պարզ ճշմարտություն է, որ յուրաքանչյուր հաջողված գործի ավարտ մի նոր գործի հիմնաքար է:
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ թիմը հենց այս կարգախոսով էլ ամփոփեց ծրագիրը՝ սկիզբ դնելով մի նոր ծրագրի:
Հատուկ շնորհակալություն Աուդիո-Վիզուալ թիմին՝ կատարած արհեստավարժ, սրտացավ և ստեղծագործ աշխատանքի համար։
Ծրագրի հաշվետվությանը ծանոթացեք այս հղմամբ՝ “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի ամփոփ հաշվետվություն
Միջացառման ֆոտո անդրադարձը ստորև՝
Միջոցառման բոլոր լուսանկարներն այս հղումով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1325382057475194.1073741885.815159858497419&type=3
About the author