Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ByAAVR

Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարդկության պատմության ընթացքում չարագույն ու ամենաամոթալի երևույթներից մեկը՝ թրաֆիքինգը, որը գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում, այսօր ևս սպառնում է մարդկային էակների կյանքին, երբ անխնա շահագործման են ենթարկվում երեխաներ, կանայք ու տղամարդիկ՝ անկախ տարիքից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2013 թվականի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ սիրտն» ընտրվել է իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ:  Այն միջազգային խորհրդանշան է, որը միտված է բարձրացնելու հասարակության իրազեկության մակարդակը: «Կապույտ սիրտը» թրաֆիքինգի ենթարկված մարդկային էակների տխրության արտացոլումն է, որը նաև հիշեցնում է սառնասիրտ թրաֆիքյորներին՝ մարդկային արարածների առք ու վաճառքով, շահագործմամբ զբաղվող հանցագործներին:
2014 թվականին Հայաստանը ի թիվս ՄԱԿ-ի մյուս անդամ երկրների, միացել է «կապույտ սիրտի» գաղափարախոսությանը՝ ի ցույց դնելով իրենց վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ:  Աշխատանքային խումբը ՀՀ հանրությանը ներկայացրեց «կապույտ սիրտի» խորհրդանշական սիմվոլը՝ կազմելով սրտաձև նշան:

Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներում ՀՀ-ի ցուցանիշները գոհացնող են: Այդ մասին են վկայում մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցները, որտեղ Հայաստանը 2013 թվականից ի վեր դասվում է ամենաբարձր՝ առաջին խմբում, այսինքն` այն երկրների շարքում, որտեղ հասարակական և պետական կառույցները լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում:

Թրաֆիքինգի դեմ պայքարում մեծ դեր ունի «Աուդի-Վիզուալ լրագրողների ասոցացիան», որը 2003 թվականից առ այսօր Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի,  ՀՀ պետական գերատեսչական մարմինների, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պայքարում է խնդրի դեմ և զգալի աշխատանքներ է ծավալում այս ուղղությամբ. իրականացնում է տեղեկատվական քարոզարշավներ, հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ, գիտելիքների մրցարշավներ, դասընթացներ, տեսանկարահանում և հրապարակում է հատուկ տեսաուղեցույցներ՝(մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար), սոցիալական հոլովակներ, հեղինակել և հեղինակում է  գրքեր և թռուցիկներ:

Յուրաքանչյուրս կարող ենք մասնակցել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին։ Իրազեկումը առանցքային խնդիր է, քանզի թրաֆիքինգը ամենուր տեղի ունեցող անդրազգային հանցագործություն է:

Միանալով «կապույտ սրտի» գաղափարախոսությանը՝ կօգնենք պայքարել «սպիտակ ստրկության» դեմ ու երկրի երեսից անվերադարձ ջնջել ժամանակակից ստրկության հետքերը:

Share

About the author

AAVR administrator