Սեպտեմբերի 27-ին «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն այցելեց Սևան քաղաք, որտեղ «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացում և աջակցություն» թեմայով: Դասընթացի մասնակիցներն էին Գեղարքունիք և Տավուշ մարզերի զբաղվածության պետական գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական և կրթական բաժինների աշխատակիցները և հասարակական ոլորտի երիտասարդ կամավորները:
Դասընթացի հիմնական նպատակն էր նոր օրենքի դրույթների ներկայացնումն ու պարզաբանումը, ինչի արդյունքում յուրաքանչյուր ներգրավված մասնակից կլինի իրազեկ և կկարողանա պաշտպանել իրեն և իր շահառուներին:
Դասընթացը վարեցին ոլորտի լավագույն փորձագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը և Արզուման Հարությունյանը: Փորձագետները մանրամասն պարզաբանեցին թրաֆիքինգ հասկացությունը, և ոլորտը կորգավորող օրենսդրությունը: Տրվեց հարկադիր աշխատանքի սահմանումը, ներկայացվեց դրա տեսակներն ու դրսևորման ձևերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց հարկադիր աշխատանքի տեղական ու միջազգային մոտեցումներին: Դասընթացի ընթացքում հստակ ներկայացվեց թրաֆիքինգի ենթարկվածների անձնական տվյալների պաշտպանության, նրանց տրամադրվող պետական և ոչ պետական աջակցության ծրագրերի մասին: Բնորոշիչ է, որ որոշ քննարկումների ժամանակ դասընթացի երեք փորձագետներն էլ դինամիկ անցումներ էին կատարում՝ տալով հնարավորություն մասնակիցներին ստանալ հարցի սպառիչ պարզաբանումը:
Սեմինարի առանձնահատկությունը մասնակիցների ակտիվությունն էր՝ առողջ բանավեճի ու բուռն քննարկումների դրսևորումներով:
Այս անգամ ևս փորձը ցույց տվեց, որ վարժանքների արդյունքում է ամրապնդվում մատուցված տեսությունը:
Վարժանքները նպատակաուղղված էին պարզելու, թե որքանով են մասնակիցները հասկացել հարկադիր աշխատանքի էությունն ու հնարավոր հետևանքները, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ինչպես նաև ենթադրյալ զոհի նույնացման և ուղղորդման մեխանիզմները: Մասնակիցները խմբերի բաժանված քննարկեցին և ներկայացրին իրենց տեսակետները՝ առանձնացնելով ձեռնարկվելիք միջոցառումների շարքը, օժանդակող կառույցների գործառույթները:
Հատկանշական է, որ ամփոփիչ խմբային աշխատանքի ժամանակ, երբ փորձագետի մենթորությամբ վերլուծվում էին կոնկրետ իրավիճակներ, մասնակիցների դիտարկումներում արդեն տեսանելի էին դասընթացից ստացված տեղեկությունների հետքերը:
Հանդիպման ավարտին ներկաները նշեցին, որ նման դասընթացները սպիտում են շրջապատի նկատմամբ ավելի զգոն և ուշադիր լինել, իսկ ստացած գիտելիքներն և թեմատիկ պաստառները նրանց կօգնեն անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու և զոհին աջակցություն ցուցաբերելու հարցում:
Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1447378675275531
About the author