ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Արտ Սայթ» ստուդիայի հետ համատեղ չորրորդ տարին անընդմեջ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքում իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է իրազեկել և կրթել երիտասարդներին, ինչպես նաև կանխարգելել մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը։ Երիտասարդներին թեման փոխանցեցին փորձագետները դասընթացների և մրցակցային խաղի միջոցով:
Դասընթացն ու խաղն այս տարի իրականացվեց ՀՀ 2017թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում:
Դասընթացի ընթացքում երիտասարներին փոխանցվեց անհրաժեշտ գիտելիքներ և նյութեր մարդկանց թրաֆիքինգի, մարդու իրավունքների, միգրացիայի, կիբեր անվտանգության, ինչպես նաև Չարենցավանի պատմամշակութային արժեքների վերաբերյալ, որից հետո մասնակիցներին տրվեց երկու շաբաթ ժամանակ՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու և առաջիկա խաղին պատրաստվելու համար:
Մայիսի 27-ին Չարենցավանի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ ծրագրի երկրորդ փուլը՝ մրցակցային խաղը, որին մասնակցեցին դասընթացից հետո ձևավորված 5 թիմ՝ յուրաքանչյուրում 4 խաղացող։ 20 պատրաստված երիտասարդ ծրագրային հատուկ տեղեկատվական խորհրդանիշներով, շապիկներով և գլխարկներով դուրս եկան մրցասպարեզ։
Խաղի օբյեկտիվությունն ապահովելու համար, կազմակերպիչների կողմից նախօրոք մշակվել էր համակարգչային ծրագիր, որը հնարավորություն էր տալիս ինչպես մասնակիցներին, այնպես էլ հանդիսատես-երկրպագուներին հետևել խաղին մեծ էկրանի վրա։
Խաղում ներառված էր 50 հարց՝ 4 հնարավոր պատասխաններով, որոնցից միայն մեկն էր ճիշտ։ Հարցաշարը կազմվել էր փորձագետ-դասընթացավարների կողմից։
Հարցերը գնահատված էին տարբեր միավորների քանակով և պատասխանների համար նախատեսված տարբեր ժամանակներով։ Հաղթող է դառնում այն թիմը, որը խաղի ընթացքում հավաքում է առավելագույն միավորներ՝ նվազագույն ժամանակում։
Մրցում էին «Ազգ», «Ազգային ոգի», «Անտիթրաֆ», «Ազատություն» և «CanWill» անվանումներով թիմերը: Հաղթանակի միակ երաշխիքը մրցող թիմերի հիմնարար գիտելիքներն էին, կողմնորոշվելու և պատասխանելու արագությունը։
Խաղի առաջին րոպեներից «Ազատություն» թիմն իր հաստատուն տեղը զբաղեցրեց առաջին հորիզոնականում՝ գրանցելով հրաշալի արդյունքներ։ Արագ ու ճիշտ պատասխանների շնորհիվ, մյուս թիմերը ևս երբեմն հայտնվում էին առաջին հորիզոնականում, բայց երկար մնալ այդ դիրքում չէին կարողանում։
Մրցող թիմերի, հանդիսատես-երկրպագուների, ծնողների ու գրադարանի անձնակազմի ոգևորությունն ու էմոցիաները չթուլացան ամբողջ խաղի ընթացքում: Երկրպագուները սրահ էին եկել իրենց թիմերին ոգևորող պաստառներով։
Մեկ և կես ժամ տևած խաղի ավարտին խաղավար Դավիթ Գրիգորյանը հնչեցրեց թիմերի անուններն ըստ իրենց հավաքած միավորների։
Հինգերորդ տեղում էր «Ազգային ոգի» թիմը, որը գրանցեց 56 միավոր 630 վայրկյանում:
Թիմի ներկայացուցիչ Փառանձեմ Գրիգորյանը նշեց. «Շատ եմ հավանել ծրագիրն ու մոտեցման մակարդակը: Մոտիվացնող էր, թե՛ մթնոլորտը, թե՛ խաղավարը, ում շատ եմ սիրում: Ամեն դետալ հաշվի էր առնված՝ վերնաշապիկներից ու գլխարկներից սկսած: Ափսոս, որ պարտվեցինք։ Չնայած մեզ մնաց հիմնական հաղթանակը՝ գիտելիքները»:
Չորրորդ տեղում էր «Ազգ» թիմը, որը 627 վայրկյանում գրանցեց 64 միավոր: Թիմի անդամ Աբգար Աղասարյանը կիսվեց տպավորություններով. «Շատ հետաքրքիր խաղ էր, տպավորված եմ: Ծրագիրը բազմաֆունկցիոնալ գիտելիքներ տվեց մեզ: Ավելին քան գոհ եմ ծրագրից, ծրագրի կազմակերպիչներից ու պատասխանատուներից»:
Երրորդ մրցանակային տեղում էր «Անտիթրաֆ» թիմը, որը գրանցեց 67 միավոր 666 վայրկյանում:Թիմի յուրաքանչյուր մասնակից պարգևատրվեց թվային/համակարգչային անլար մկնիկով։
«Անտիթրաֆ» թիմի ներկայացուցիչ Անի Դավթյանը կիսվեց տպավորություններով. «Խաղը շատ լավ անցավ: Հավանեցի: Շատ տպավորիչ էր ու ինֆորմացիա պարունակող: Խաղի միջոցով, ինչ խոսք, ավելի հեշտ է նոր բաներ սովորելը: Մեծ տեղ եմ տալիս նման մոտեցմանը, սակայն կցանկանայի, որ հավաստագրեր տրվեր մրցանակակիր խմբերին, որտեղ նշված կլիներ թիմերի հաղթանակի մասին»:
Երկրորդ մրցանակային տեղում էր «CanWill» թիմը՝ գրանցելով 72 միավոր 637 վայրկյանում: Այս թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին ժամանակակից և բազմաֆունկցիոնալ ռադիոընդունիչներով:
Թիմի ներկայացուցիչ Վահան Փարսադանյանը նշեց, որ թիրախային դասընթացն ու խաղը լավագույնս ծառայեցին իրենց բուն նպատակին՝ կազմակերպիչների և փորձագետների լավ պլանավորված ու մշակված ծրագրի շնորհիվ:
Առաջին հորիզոնականում էր «Ազատություն» թիմը, որը վաստակեց 77 միավոր 441 վայրկյանում: Այս թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին կարաոկե սարքերով և բարձրախոսներով:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած «Ազատություն» թիմի ներկայացուցիչ Թագուհի Բաղդասարյանն անկեղծացավ. «Վերջին շրջանում մասնակցել եմ մի շարք ծրագրերի, սակայն այս մեկն առանձնահատուկ էր: Ձեռք բերեցինք և՛ փորձ, և՛ գիտելիքներ՝ արդար ու անկողմնակալ խաղի և դասընթացի միջոցով»:
Նույն թիմի պահեստային խաղացող Տիգրան Ծատուրյանն առանձնացրեց, որ թեև ինքը չէր մասնակցում խաղին, սակայն խաղին պատրաստվելու ողջ ընթացքում թիմի կողքին է եղել, գոտեպնդել ու աջակցել թիմակիցներին և շատ ուրախ ու հպարտ է գրանցած հաջողության համար: «Սա նաև իմ ձեռքբերումն է»,-նշեց Տիգրանը:
Չարենցավանի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Մարի Հովակիմյանը պարզաբանեց, որ «Ազատություն» թիմի հաղթանակի հիմքում միասնականությունն էր, համախմբվածությունն ու ճիշտ մշակված ռազմավարությունը:
Չարենցավանի երիտասարդական կազմակերպության նախագահ Գառնիկ Բեգլարյանը իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ու «Արտ Սայթ» ստուդիային՝ դասընթացի, մրցակցային խաղի, իրազեկման, տեղեկատվության փոխանցման նման մոտեցման, ինչպես նաև դրական ու հրաշալի էմոցիաներ հաղորդելու համար:
Խաղի ավարտին «Արտ Սայթ» ստուդիայի տնօրեն Արզուման Հարությունյանը հանձնեց մրցանակները և հորդորեց երիտասարդներին լինել տեղեկացված և իրազեկ, իմանալ սեփական իրավունքները՝ զերծ մնալու այնպիսի արատավոր երևույթներից, ինչպիսին թրաֆիքինգն է:
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահի օգնական Լուսինե Մնացականյանը ներկա գտնվելով դասընթացին և խաղին, արձանագրեց, որ այն ստացված էր ու ծառայեց իր նպատակին: «Այս կերպ երիտասարներին ոչ միայն կրթում, այլ նաև հիմնարար գիտելիքներ եք հաղորդում ու ամրապնդում դրանք, որը, ինչ խոսք ողջունելի է»:
– Շնորհակալություն եմ հայտնում թիմերին, մասնակիցներին, ոգևորող երկրպագուներին և ներկաներին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա մեր երիտասարդությունը ձգտում է լինել իրազեկ և տեղեկացված: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին ու իր հրաշալի թիմին՝ կատարած փայլուն աշխատանքի համար,-ավելացրեց Լուսինե Մնացականյանը:
Արզուման Հարությունյանը շնորհակալություն հայտնեց խաղի կազմակերպիչներին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Արտ Սայթ» ստուդիային, Չարենցավանի երիտասարդական կազմակերպությանը, Չարենցավանի քաղաքային գրադարանին ու ՓՄՁ կենտրոնին։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց փորձագետներին, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դասընթացն ու խաղն անցան ինֆորմատիվ և արդյունավետ, որի շնորհիվ Չարենցավանի երիտասարդները ստացան հիմնարար գիտելիքներ մարդկանց թրաֆիքինգից խուսափելու համար:
Խաղի ֆոտոշարքը՝ այստեղ:
About the author