Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության նոր կանոնակարգի քննարկում խորհրդի հերթական նիստում

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության նոր կանոնակարգի քննարկում խորհրդի հերթական նիստում

2018թ.-ի ապրիլի 7-ին գումարվեց ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի (Խորհուրդ) հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ փոխվարչապետ, Խորհրդի նախագահ՝ Վաչե Գաբրիելյանը:

Նիստին մասնակից խորհրդի անդամներն էին ՀՀ ֆինանսների, արդարադատության, սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների առաջին տեղակալները, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետը, իսկ Խորհրդի անդամներին փոխարինողներն էին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության փորձագետը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետը:

Խորհրդի նիստին ներկա էին նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդին կից աշխատանքային խմբի (Աշխատանքային խումբ) անդամները՝ ՀՀ գերատեսչական կառույցներից և ՀԿ-ներից, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակիցները:

Նիստի ընթացքում Աշխատանքային խմբի ղեկավար Վ.Կաժոյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2017 թվականին կատարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ արեց ԹԱԽ քարտուղարության կողմից իրականացված դիտարկման արդյունքում բարձրացված հարցերին:

Բանախոսը ներկայացրեց նաև www.antitrafficking.am կայքի հղման տեղադրման վիճակագրական իրավիճակը ՀՀ գերատեսչական կառույցների կայքերում, որից հետո Վաչե Գաբրիելյանի հանձնարարությամբ որոշվեց ՀՀ պաշտպանության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների կայքերում ևս կարճ ժամկետում ապահովել www.antitrafficking.am կայքի հղման տեղադրումը:

Խորհրդի նիստին փոխվարչապետի կողմից եղան նաև այլ հանձնարարականներ, որոնք վերաբերում էին զբոսաշրջային ծառայու­թյուններ մատուցող ընկերությունների, հյուրանոցների և տրանսպորտային կազմակերպությունների աշխատողների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վտանգի և կանխարգելման վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը, առողջապահական և ուսումնական հաստատություններում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի մասին առկա տեղեկատվական նյութերի տրամադրմանը, թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց բժշկական օգնության հետ կապված խնդիրների և տեղեկատվության թեմայով դասընթացների կազմակերպման շարունակականության ապահովմանը, գործող օրենդրությանը համապատասխանեցված տարբերակներով ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյան հյուպատոսական ծառայության աշխա­տող­ների համար նապատեսված «Մարդկանց թրաֆիքինգը և շահա­գործումը և դրա դեմ պայքարը», ինչպես նաև «Մարդկանց թրաֆիքինգ. ինչպես լուսաբանել զանգվածային լրատվամիջոցներով» ձեռնարկների տեղադրման ապահովմանը ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության և պետական այլ մարմինների կայքերում:

Խորհրդի նիստում հստակեցվեց նաև հարկա­դիր աշխատանքի և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի հայտնաբերման համար նախատեսված ստուգաթերթի մշակման ժամկետները:

Խորհրդի նիստի քննարկումների երկրորդ հատվածը վերաբերում էր Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության վերանայված կանոնակարգի քննարկմանը: Հիշեցնենք, որ միջոցառումը իրականացվում է 2011 թվականից սկսած և նպատակ ունի հանրային իրազեկման բարձր մակարդակ ապահովելու համար խրախուսել մեդիա դաշտի ներկայացուցիչներին ավելի հաճախ և պրոֆեսիոնալ անդրադառնալ մարդկանց թրաֆիքինգի թեմային: Փոխվարչապետը հորդորեց կանոնակարգային փոփոխություններում ներառել նաև խրախուսման մեխանիզմներ այն լրատվական դաշտի ներկայացուցիչներին, որոնց աշխատանքների հասանելությունը թիրախ խմբի ներկայացուցիչներին առավել է: Լրագրողական մրցանակաբաշխության վերանայված կանոնակարգը մոտ ժամանակերում կներկայացվի Խորհրդի հաստատմանը՝ միջոցառման հետագա արդյունավետ ընթացքը ապահովելու նպատակով:

Share

About the author

AAVR administrator