Ապրիլի 7-ին տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի (ԹԱԽ) արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ քննարկել և տալ եզրակացություն Ազգային ժողովի պատգամավորական խմբի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված “Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Վերոհիշյալ օրենքի նախագիծն ըստ էության ԹԱԽ-ի տիրույթում և ՀՀ կառավարությունում արդեն մեկ տարի գտնվող “Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” ՀՀ նոր օրենքի նախագծի մի մասի կրկնությունն է:
ԹԱԽ ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ անհրաժեշտ է քննարկել ու տալ եզրակացություն ՕԵԿ-ի կողմից մշակած օրենքի նախագծին: Մասնավորապես՝ հայտնեց այն կարծիքը, որ տպավորություն է ստեղծվում, որ ՕԵԿ-ը ընդհանրապես չի ուսումնասիրել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի դաշտը, ծանոթ չի Հայաստանում իրականացվող ծրագրերին: Մշակել է օրենքի մի նախագիծ, որը վաղուց արդեն մշակված է, անցել է ամենատարբեր փորձաքննություններ, հաստատվել ՀՀ կառավարության կողմից և շուտով կներկայացվի Ազգային ժողով:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ, նախագծի հեղինակ՝ Տիգրան Պետրոսյանը: Նա հատկապես ընդգծեց, որ նման իրավիճակն ավելի քան զավեշտական է, քանի որ ՕԵԿ-ի կողմից ներկայացված նախագիծը պարզապես իրենց կողմից մշակված օրենքի նախագծի հին տարբերակն է, այն էլ մասսամբ:
Բուռն քննարկումների ընթացքում ԹԱԽ-ի բոլոր անդամները խիստ քննադատության ենթարկեցին ՕԵԿ-ի նման գործելաոճը և առաջարկեցին մերժել այդ օրենքի նախագծի հետագա քննարկումները:
Նիստի ավարտին որոշվեց կազմել արձանագրություն և ներկայացնել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին (մեջբերում արձանագրությունից).
“Որոշվեց` Հանդիպման ընթացքում ԹԱԽ ներկա բոլոր անդամները միաձայն որոշեցին ՀՀ ԱԺ պատգամավորական խմբի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված “Թրաֆիքինգի շահագործման ենթարկված անձանց օժանդակության մասին” օրենքի նախագիծը և դրա հետագա քննարկումը համարել ոչ նպատակահարմար, քանզի այն համարյա ամբողջությամբ կրկնում է “Մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագծի տեքստը: Վերջինը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից՝ համաձայն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 22.06.2013 թ. թիվ 01/14/47203-13 հանձնարարականի: ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացված նախագիծը մշակելիս հաշվի են առնվել թրաֆիքինգի հարցերով խորհրդի անդամ բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կարծիքները, դրանք բազմիցս քննարկվել են թե՛ աշխատանքային խմբի պարբերական հանդիպումների ընթացում, թե՛ խորհրդի նիստերում: “Մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” օրենքի նախագիծը քննարկվել է նաև ԵԽ ԳՐԵՏԱ-ի փորձագետի հետ: Ավելին՝ “Մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” օրենքի նախագիծը արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության նախարարական սոցիալական կոմիտեում”:
Անդրադարձ կատարելով ՀՀ Ոստիկանության կողմից մշակված “Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” ՀՀ օրենքի ստեղծման գաղափարին, նշենք, որ այս մասին կարող եք կարդալ www.antitrafficking.am կայքի նորությունների բաժնում:
Աննա Թավաքալյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող
Invalid Displayed Gallery
About the author