Մարտի 21-23 Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի (ԹԱԽ) եռօրյա նիստը:
Քննարկվեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը:
Նիստը բացեց ԹԱԽ ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ նշելով ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ստացված բարձր գնահատականի մասին կապված ԹԱԽ-ի արդյունավետ գործունեության հետ: Վ.Կաժոյանը ևս մեկ անգամ կարևորեց անցած տարվա ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որում նշվում էր թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը, որն էլ իր հերթին Հայաստանը տեղափոխեց 1-ին խմբի երկրների շարքը:
Սկսելով աշխատանքը ըստ օրակարգի, Վ.Կաժոյանը ներկայացնելով նոր օրենքի նախագիծը, նշեց, որ այն արդեն մեկ տարի է քննարկվում է ԹԱԽ տիրույթում, կառավարությունում և խոսքը փոխանցեց օրենքի նախագծի համակարգող և հեղինակ Տիգրան Պետրոսյանին:
ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը որպես օրենքի նախագծի հեղինակներից մեկը և համակարգողը, հիմնակնում խոսեց օրենքի վերահսկման անհրաժեշտության մասին, քանի որ այն բազմիցս քննարկվել էր ԹԱԽ-ում: Մասնավորապես նշեց, որ հարկավոր է ուշադրություն դարձնել կրկնակի աջակցության հատվածին, այսինքն այն փաստին, որ անձը նույն ծառայություններից մի քանի անգամ չօգտվի: Այդ իսկ պատճառով արված առաջարկությունների հիման վրա փոփոխություններ են արվել նախագծի համապատասխան կետերում:
Տ.Պետրոսյանի խոսքերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ապահովելով թրաֆիքինգի զահերի աջակցություն և պաշտպանություն, նաև ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ խուսափելու կրկնակի աջակցությունից, որպես այդ հարցը համակարգող օղակ:
Նա ներկայացրեց նաև կոմիտեի նիստին հնչեցրած առաջարկությունը. քննարկել գործընկեր հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ընտրության պայմանները ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելու հարցը, այսինքն օրենքում սահմանել մի դրույթ, որով անհրաժեշտություն կառաջանա սահմանելու կառավարության առանձին որոշմամբ պայմանների այն ցանկը, որին պետք է համապատասխանեն ՀԿ-ները կառավարության հետ համագործակցելու համար:
Ոստիկանության և ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ քննարկման և բուռն վերլուծության թեմա դարձավ զոհի մտորումների և կացարանում մնալու ժամկետների հարցը: ՀԿ-ներն առաջարկում էին այն սահմանել միչև 60 օր, իսկ Ոստկանության ներկայացուցիչները դեմ էին՝ պնդելով, որ երկար ժամկետը քաշքշուկներ է ստեղծում թե՛ զոհի համար և թե ոստիկանության աշխատանքի: (Մանրամասները ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանի հետ հարցազրույցում):
Երկրորդ օրվա նիստը սկսվեց ԵԱՀԿ փորձագետ Նազելի Ասրիյանի «ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի վերաբերյալ 2013 թվականի Հայաստանի» զեկույցից և ԳՐԵՏԱ փորձագիտական խմբի զեկույցի առաջարկությունների քննարկումով:
Զեկուցողն ամփոփ ներկայացրեց առաջարկները, որից հետո ԹԱԽ անդամները քննարկեցին այն կետերը, որոնք դեռևս չէին ընդգրկվել նոր օրենքի մեջ:
Ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին համառոտ զեկույցներով հանդես եկան նախարարությունների և պետական կառույցների ներկայացուցիչները, որոնք ներկայացրին նաև ընթացիկ և առաջիկա ծրագրերը:
«ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից իրականացվող հարկադիր աշխատանքի ուսումնասիրության ծրագրի զարգացումների մասին» զեկույցով հանդես եկավ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Օվսաննա Բաբայանը:
Ծրագիրը, որը իրենից ներկայացնում է Հայաստանում հարկադիր աշխատանքի վերաբերյալ հետազոտություն, հատկապես երկու հարցի քննարկման առիթ տվեց. փորձագետի ընտրության, ով կիրականացնի Հայաստանում իրավիճակի մասին հետազոտությունը և վերջնական վերլուծությունը և ՀԿ-ների ընտրությունը, որոնք կզբաղվեն ինֆորմացիա հավաքելով, մշակելով և փորձագետին տրամադրելով:
Հանդիպման երրորդ օրը ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը «Եվրամիության թիվ 2011/36/ԵՄ և 2012/29/ԵՄ հրահանգները. դրանց կիրարկման հնարավորությունը ՀՀ-ում» զեկույցով, որում ամփոփված էին Եվրոպայի օրենսդրության դրույթներ, որոնց կիրառումը հայկական օրենսդրական դաշտում կարող է բերել դրական բարեփոխումների:
Դ.Թումասյանի ելույթը տեղեկատվական բնույթի էր, որը հնարավորություն տվեց ԹԱԽ-ի և նախարարությունների ներկայացուցիչներին ծանոթանալ եվրոպական օրենսդրական դաշտի այն մեխանիզմներին, որոնք կարող են կիրառելի լինել նաև Հայաստանի օրենսդրության մեջ:
Վ.Կաժոյանը, ամփոփելով հանդիպման արդյունքները նշեց, որ օրենքի անհրաժեշտության շուրջ շատ հակասական քննարկումներ են եղել մինչ այժմ, սակայն այդ փուլն էլ կարելի է ավարտված համարել և նախագիծն արդեն կարող է ներկայացվել հետագա օրենսդրական փուլերին մասնակցելու համար: Ավարտելով հանդիպումը Վ.Կաժոյանը բոլորին արդյունավետ աշխատանք ցանկացավ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում:
Աննա Թավաքալյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող
Invalid Displayed Gallery
About the author