04-05.03.2020 – Շարունակվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ինստիտուցիոնալ պայքարը։
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի (Խորհուրդ) աշխատանքային խմբի (ԱԽ) հերթական հանդիպումը, որը կայացավ մարտի 4-5-ին, օրակարգում ուներ մեկ հարց՝ լրամշակել «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Հանդիպման 28 մասնակիցներն էին շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, փոխվարչապետի գրասենյակի, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ողջունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գ.Գասպարյանը և հատկանշեց, որ նոր Ազգային ծրագիրը պետք է լրամշակվի Խորհրդի դեկտեմբերյան նիստի ժամանակ արձանագրված պահանջներին համապատասխան։
Իր ելույթում ՀՀ փոխվարչապետի օգնական Ա.Գրիգորյանը նշեց, որ թրաֆիքնգի դեմ պայքարը կառավարության ուշադրության կենտրոնում է և ամեն ինչ արվելու է, որ բոլոր խնդիրները ամենաբարձր մակարդակով լուծումներ ստանան։
ԱԳՆ ներկայացուցիչ Լ.Հակոբյանը անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպմանը, նշեց, որ նրա կողմից մատնանշվել է այն հանգամանքը, որ եթե Հայաստանը թրաֆիքնգի դեմ պայքարում չբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը և չարձանագրի նվազագույն առաջընթաց, հնարավոր է, որ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում դասվի 2-րդ հսկողական խմբի (2 watch list) երկրների շարքին, այն դեպքում, երբ Հայաստանը 5 տարի անընդմեջ եղել է 1-ին խմբի երկրների շարքում։
Անդրադառնալով Ազգային ծրագրի ցուցիչներին Գ.Գասպարյանը տեղեկացրեց, որ դրանք մշակվել են, բայց դեռևս չեն համապատասխանում Ազգային ծրագր կատարման ու վերահսկման պահանջներին։
Երկօրյա բուռն, համակողմանի և խիստ մասնագիտական քննարկումների արդյունքում լրամշակվեց Ազգային ծրագիրը, որը Խորհրդի հաստատումից հետո կդառնա ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հստակ չափորոշիչներով և ակնկալվող արդյունքներով ուղեցույց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի աշխատանքները կազմակերպելու համար։
Ազգային ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի հաստատումից հետո այն տեղ կգտնի նաև կայքի Ազգային ծրագրեր բաժնում։
Հանդիպման լուսանկարաշարի հղումը՝ https://www.facebook.com/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/
About the author