FIP.am: Վարձկանները Արցախյան պատերազմում․ չեչեն-մոջահեդների տխուր փորձն ու սիրիացիների թրաֆիքինգը

ByAAVR

FIP.am: Վարձկանները Արցախյան պատերազմում․ չեչեն-մոջահեդների տխուր փորձն ու սիրիացիների թրաֆիքինգը

Այս տարվա հուլիսին՝ Տավուշում հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ և հաջորդող օրերին, լուրեր շրջանառվեցին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից գրոհայինների հավաքագրման մասին։ Սեպտեմբերի 24-ին՝ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից օրեր առաջ, սիրիական երկու աղբյուրներ արդեն հաղորդեցին Թուրքիայի կողմից հավաքագրված գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխման մասին։

Արդեն Արցախում լայնածավալ մարտական գործողությունների առաջին օրերին մի շարք միջազգային լրատվականներ սկսեցին հրապարակել սիրիացի զինյալների հավաքագրման մասին փաստեր։ Reuters-ը, խոսելով երկու զինյալի հետ, որոնք Թուրքիայի հովանու ներքո Սիրիայի հյուսիսում գործող ապստամբ միավորումներում են կռվում, գրել էր, որ 700-1000 գրոհային է նախատեսվում ուղարկել Ադրբեջան։ Գրեթե նմանատիպ տեղեկություն է հաղորդել The Guardian-ը, որը խոսել է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում բնակվող երեք տղամարդկանց հետ, որոնց թուրքական մի ընկերություն գրանցել է Ադրբեջանում աշխատանքի նպատակով։ Ըստ նրանց, հավաքագրումը սկսել է դեռ օգոստոսին։ Թուրքիայի պաշտպանության տակ գործող «Սուլթան Մուրադ» միավորման հրամանատարներից մեկը նրանց ասել է, որ Ադրբեջանում աշխատանք կա՝ ամսական 700-1000 եվրո վարձատրությամբ՝ երեքից վեց ամիս ժամկետով։ Նրանք այնտեղ պետք է նավթի և գազի ենթակառուցվածքները հսկեն։

Մեծ Բրիտանիայի հանրային «Բի-Բի-Սի» լրատվականը (BBC) պարզել է, որ հավաքագրված սիրիացի զինյալների շրջանում արդեն կան առնվազն մի քանի զոհեր և տասնյակ վիրավորներ։ Ավելին, զինյալներից շատերը նախկինում ռազմական փորձ չունեցող մարդիկ են, որոնք փաստացի թրաֆիքինգի են ենթարկվել Թուրքիայի կողմից, քանի որ պարտադրանքի տակ են հավաքագրվել։

Վարձկանները՝ 1992-94 թթ.

Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկան գրոհայինների ներգրավումը արցախյան հակամարտության մեջ հին պատմություն ունի։ Դեռ 1990-ականների սկզբին Ադրբեջանը հավաքագրել էր չեչեն և բազմաթիվ աֆղան գրոհայինների։

Ըստ չեչենական «Իչկերա» թերթի` չեչեն գրոհայինների թիվը 1992-ի հունիսի հասել էր 300-ի։ Նրանց մեջ է եղել նաև տխրահռչակ չեչեն գրոհային Շամիլ Բասաևը։ 1992 թ. մայիսին նա եղել է Շուշին լքող վերջին մարդկանցից մեկը։

Ադրբեջանի կողմից արտերկրից բերված գրոհայինների ամենաբազմամարդ միավորումը եկել է Աֆղանստանից՝ 1993-ի վերջին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ աֆղան մոջահեդների ընդհանուր քանակը տատանվել է 1000-3000-ի սահմաններում։

Ըստ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության կողմից 1994-ին հրապարակված զեկույցի՝ աֆղան մոջահեդների հավաքագրմամբ զբաղվել է Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար, ոստիկանական զորքերի հրամանատար Ռովշան Ջավադովը, որը մեկնել է Աֆղանստան և հանդիպել այդ երկրի վարչապետ Գուլբիդդին Հեքմաթարի հետ։ Մոջահեդների զգալի մասը հենց Հեքմաթարի հետ կապակցված «Հեզբ-ե Իսլամի» միավորումից էին։

Ըստ HRW-ի՝ չնայած, որ Ադրբեջանը հերքում էր նրանց ներկայությունը ռազմական գոտում (և ընդհանրապես Ադրբեջանում), Human Rights Watch-ը 1994-ի մարտին և ապրիլին Բաքվում մի քանի տեղ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության բակում, հանդիպել է աֆղան գրոհայինների՝ իրենց ավանդական և ռազմական հագուկապով։

Ավելին, հայկական կողմը 1993-94 թթ. գերի էր վերցրել որոշ մոջահեդների, ինչպես նաև փաստաթղթեր՝ փաշթո և պարսկերեն լեզուներով, որոնք Աֆղանստանի հիմնական լեզուներն են։ HRW-ի տեղեկություններով՝ աֆղան գրոհայինների շտաբը տեղակայված էր Աղդամի շրջանի Բաշ-Քարվենդ (Baş Qərvənd) գյուղի մոտակայքում։

1994 թ. դեկտեմբերին Հայաստանի այն ժամանակվա փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցողին ուղղված նամակում գրել էր, որ աֆղան մոջահեդները պատժիչ գործողություններ են կատարել առաջնագծի դիրքերը լքած (դասալիք) ադրբեջանցի զինվորների նկատմամբ։

Ինչպես աֆղան վարձկան մոջահեդների դեպքում, այժմ ևս Ադրբեջանը հերքում է սիրիացի գրոհայինների ներկայությունը իրենց տարածքում և մարտի դաշտում։ Սակայն վերջին օրերին սիրիացի գրոհայինների ներկայությունը փաստող ապացույցները գնալով աճում են։

Հղում՝ https://fip.am/13043

Share

About the author

AAVR administrator