ՀՀ ԿԳՄՍՆ։ Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

ByAAVR

ՀՀ ԿԳՄՍՆ։ Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

ՀՀ կառավարության՝ փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից: Համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք.

  • չեն հաճախել դպրոց, որևէ ուսումնական հաստատությունում երբևէ հաշվառված չեն եղել,
  • հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած երեխաները,
  • հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած և տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչև 18 տարեկան երեխաները,
  • ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա ուսումն անավարտ թողած երեխաները,
  • տնային ուսուցման համակարգում հաշվառված երեխաները, եթե ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում փաստացի չի իրականացվում։

Նոր կարգավորմամբ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է կատարել.

  • դպրոցահասակ երեխաների հաշվառում և ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում,
  • ըստ անհրաժեշտության երեխայի (ընտանիքի) համար սոցիալական աջակցության ծրագրի իրականացում,
  • երեխայի կրթական կարիքների գնահատում և ըստ անհրաժեշտության անհատական ուսուցման պլանի մշակում, ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն:

Առնվազն երեք ամիսը մեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներն իր համակարգի մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի տվյալների հետ, ներկայացնում է 6-18 տարեկան այն երեխաների ցուցակը, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաև էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի կլինի շահագրգիռ պատասխանատու կառույցներին, որոնք ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու հասանելիություն կունենան:

Կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները հասանելի են լինելու նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, ինչպես նաև ոստիկանությանը, տարածքային կառավարման մարմիններին, ուսումնական հաստատություններին (իրենց սովորողների մասով):

Սահմանվում են նշված կառույցների հետ իրավահարաբերությունները, ինչպես նաև հնարավոր դեպքերըերեխաների կրթությունից դուրս մնալու, նրան կրթության համակարգում ներառելու վերաբերյալ: Հստակեցված է նաև ծնողի դիմումի հետևանքով ուսումը կիսատ թողնելու հանգամանք: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է համապատասխան ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն: Դիմումում նշված հաստատությունում չհաշվառվելու դեպքում ընդունող հաստատությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում բացում է նոր հայտ սոցիալական դեպք վարելու և երեխայի հաստատություն հաճախելն ապահովելու համար:

Նշենք, որ «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

Հղում՝ https://escs.am/am/news/7948?fbclid=IwAR1YuHkGOHZzBvSKDsSVEh5drdws_TDRXENGwV4xUIMZ5B1AB5cSYiVx1Qs

Share

About the author

AAVR administrator