1lurer.am: Նորածնի առք ու վաճառքից մինչև մուրացկանության դրդում. թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում

ByAAVR

1lurer.am: Նորածնի առք ու վաճառքից մինչև մուրացկանության դրդում. թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում

Ամիսներ շարունակ սպառանալիք-նամակներ, որ Ֆեյսբուքում գրանցված «Ազիզ Մուրադով» կեղծ օգտատիրոջից ստացան պատերազմում սահմանը պահած ու անհետ կորած, գերեվարված տղաների մայրեր, քույրեր ու կանայք: Նրանցից շատերը հավատալով, որ կփրկեն իրենց հարազատին՝ արձագանքեցին Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկի աշխատակից ներկայացած անձին ու դարձան հերթական զոհը: Այնինչ Մուրադովի ներկայացած Հայաստանի քաղաքացին նրանց վաղուց փնտրել, գտել ու թիրախավորել էր՝ հարկադրելով ուղարկել մերկ լուսանկարներ ու տեսագրություններ:

Կեղծ օգտատերը բոլորին վստահեցրել է՝ տղաներն իր հսկողության տակ են և հեռախոսով խոսել կարող են միայն ի՛ր միջոցով:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզել է՝ քաղաքացին ոչ միայն 6 անձի է հետ է նամակագրություն ունեցել, այլև մեսինջերով 115 օգտատիրոջ ուղարկել է նամակներ ու նրանցից 41-ը արձագանքել է… սկսվել է նամակագրություն:

Սա անտիթրաֆիքինգային կայքի նորությունների բաժինն է, որտեղ վերջին ամիսներին գերակշռում են երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքեր: Վիճակագրոթյունը փաստում է՝ աշխարհում թրաֆիքինգի զոհերի 30 տոկոսը երեխաներն են: Հայաստանում այն սկսել է զարգանալ: Դեպքեր են գրանցվում, երբ ծնողները, իրենց անչափահաս երեխաներին ստիպողաբար մուրացկանության են դրդում: Դեպքերից է մեկն էլ Ռիտա Գալստյանի 11-ամսյա երեխային մուրացկանության դրդելն է: Մայրը աղջկան ստիպել է նստել ստորգետնյա անցումի աստիճաններին ու փող մուրալ:

Տիգրան Կիրակոսյան – ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, թրաֆիքինգի վերաբերյալ վարչության պետի տեղակալ- Միջնորդություն է ներկայացվել խնամակալության ու հոգաբարձության մարմնին, որպեսզի սահմանափակվի մոր ծնողական իրավուքն ու հետագայում արդեն քննարկվի ծնողական իրավունքից զրկելու հարցը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց թրաֆիքինգը աշխարհում ամենաարագ տարածվող հանցագործություններից է: Իսկ Ինտերպոլի տվյալով՝ թմրանյութերի և զենքի առևտրից հետո, սպիտակ ստրկությունը ամենամեծ սև փողերն է բերում: Հայաստանում վերջին տարիներին գրանցվում են հատկապես աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր:

Արզումյան Հարությունյան- «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ- Եթե շահագործվումա ու գումար չի ստանում, սահմանափակվածա տեղաշարժը, ինքը արդեն կարող է հասկանալ, որ թրաֆիքինգի զոհա:

Պարզվում է մուրացկանության պարտադրանքը ոչ միայն երեխաների, այլ նաև չափահասների վրա է կիրառվում: 46-ամյա տղամարդը հոգեկան հիվանդությամբ տառապող 47 տարեկան մի կնոջ ստիպել է իր համար մուրացկանություն անել, աշխատած գումարը ձեռքից խլել ու հափշտակել նաև նրա ամենամսյա 26.000 դրամ նպաստը:

Արսեն Հարությունյան – ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ- Տուժողը ցուցմունք է տվել, որ տղամարդը պարտադրում է իրեն մուրացկանությամբ զբաղվել, բռնություն է գործադրում պարբերաբար, երբ գումարը չի տալիս: 

Մեկ այլ դեպքով՝ թրաֆիքինգ՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ: Հոգեբուժարանի աշխատակիցը նույն կենտրոնի կանանցից մեկին ստիպել է հարկադրաբար աշխատել խանութում ու դրա դիմաց չի վարձատրել:

Մյուս՝ այս տարվա ամենաաղմկահարույց գործը նորածին երեխայի առքուվաճառքն է՝ 25.000 դրամ և մի քիչ էլ քաղցրավենիք:

Արսեն Հարությունյան – ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ- Խոսքը Կոտայքի մարզի բնակչուհիներից մեկի մասին է, ով իր երեխային վաճառել է զույգի, որը տևական ժամանակ երեխա չի ունեցել, տեղի է ունեցել երեխայի առքուվաճառքը, մեղադրանք է առաջադրվել բոլոր կողմերին:

Այս տարվա միայն առաջին 3 ամիսներին քննվում է 6 քրեական գործ, իսկ 2020 թ.-ին քննվել ու բացահայտվել է 10 քրեական գործ: Արձանագրվել է 9 աշխատանքային և մեկ սեռական շահագործման դեպք: 2019 թ.-ին 2 դեպքով պակաս է եղել, 10 քրեական գործ բացահայտվել է 2018- ին: 17-ին քննվել է 17 քրեական գործ:

Հայաստանից սեռական թրաֆիքգինգի հիմնական ուղղություններն են՝ Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, աշխատանքային շահագործման վերջնականգառները՝ Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսը: Միայն մեկ դեպք գրանցվել է հեռավոր Շրի Լանկայում՝ հեռավոր 2012-ին, օրգանների վաճառքի բացահայտմամբ: Քաղաքացին իր երիկամը վաճառելուց հետո որոշել էր այն բիզնես դաձնել մյուսների միջոցով:

Արզումյան Հարությունյան- «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ- Հավաքագրել էր 6-ին, նրանցից 2-ին տեղափոխել էր Շրի Լանկա:

Ի դեպ, 18 տարի առաջ, երբ Ամերիկայի պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում Հայաստանը դիտարկեց 3-րդ՝ թրաֆիքինգի դեմ չպայքարող խմբի երկիր, պետությունն ու հասարակական կազմակերպությունները ամեն ջանք գործադրեցին ցուցանիշը փոխելու համար:

Արզումյան Հարությունյան- «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ- 3-րդ խումբ շարքից Հայաստանը տեղափոխվեց 1-ին խումբ երկների շարք ու 5 տարի անընդմեջ մնաց 1-ին խմբում: Դա նշանակում ա, որ կա խնդիրը երկրում, սակայն պետությունն ու հկ-երը լուրջ աշխատանքներ են իրականացնում դրա դեմ պայքարելու համար, և կան հաջողություններ:

Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգից, ի՞նչ իմանալ դրա զոհը չդառանլու համար, ում դիմել, հարցերի պատասխանը տալիս է անտիթրաֆիքինգային կայքը, իսկ արդեն զոհ դարձած քաղաքցիներին աջակցությունն է տրամդրում պետությունը՝ հասարակակն կազմակերպությունների միջոցով: Միանվագ 250 հազար դրամ օգնությունից մինչև տևական կեցություն և ոչ միայն:

Սոֆի Բոստանչյան- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի ու կանանց հիմնահարցերի բաժնի պետ- Զոհին տեղափոխում ենք ապահով կացարան, հետո բնաիրային օգնությունն է, հետո փաստաթղթերի կազմակերպումն ենք օգնում, հետո բժշկական օգնության, հոգեբանական, իրավանաբական:

Ըստ պետքարտուղարության զեկույցի՝ վերջին մեկ տարում Հայաստանը կրկին պայքարը զիջել է 1 հորիզոնականով: Մասնագետները վստահեցնում են՝ բոլոր քայլերն իրականացվում են նորից այս պայքարում երկրորդից առաջին խմբում հայտնվելու համար: Իսկ թրաֆիքինգի զոհ դառնալու դեպքում, ոչ թե պետք է ամաչել, այլ հավաքել թեժ գծի հեռախոսահամարը:

Share

About the author

AAVR administrator