2021թ․-ի սեպտեմբերի 6-ին կայացավ Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) ներկայացուցիչների հանդիպումը «Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի հետ։ GRETA-ն Հայաստանում իրականացնում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների կատարման տարեկան մոնիթորինգ և գնահատում։
Հանդիպման ժամանակ, վաղօրոք կազմված հարցաշարի միջոցով, պարզաբանվեցին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման հաջողություններն ու խնդիրները։ Հիմնական ոլորտը, որի շուրջ ծավալվեց զրույցը, վերաբերում էր կանխարգելման աշխատանքներին, հանրային իրազեկմանը և ԶԼՄ-ների հետ աշխատանքին։
«Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ի նախագահը, 2003թ.-ից լինելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հանրային իրազեկման և ԶԼՄ-ների հետ մասնագիտական համագործակցության դաշտում, համապարփակ ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում պետության հետ սերտ համագործակցության արդյունքում ձեռք բերված նվաճումները և լուծումներ պահանջող խնդիրները։ Որպես տարածաշրջանում լավագույն օրինակ՝ ներկայացվեց պետության կողմից ֆինանսավորվող http://www.antitrafficking.am կայքը։ Փորձագիտական խմբի անդամները գոհունակություն հայտնեցին կայքի աշխատանքից՝ նշելով, որ մեծ ծավալի տեղեկություն են ստանում։
Ա. Հարությունյանը, խոսելով վերջին տարիների ընթացքում ԶԼՄ-ների հետ համագործակցությունից, շեշտադրեց նրանց հետ ոչ ակտիվ աշխատանքից բխող ոլորտային բացթողումները, ուղղորդող և թարմացված ուղեցույցների, սեմինար-վարժանքների բացակայությունը: Դրամական միջոցների բացակայությունը, քովիդ համավարակը և պատերազմը իր հետևանքներով հանդիսանում են լուրջ խոչընդոտներ վերոհիշյալ խնդիրներին լուծումներ տալու համար:
Խոսվեց նաև տարեկան լրագրողական մրցանակաբաշխությունից, որը ԶԼՄ-ների համար մոտիվացիա էմարդկանց թրաֆիքինգի թեմային անդրադառնալու համար: Ելնելով մի շարք պատճառներից, մրցանակաբաշխությունը կորցրել է իր արդյունավետությունը և կարիք ունի թարմացման։ Հանդիպման ավարտին փորձագետները նշեցին, որ Հայաստանում պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքն ավարտելուց հետո, հանդես կգան զեկույցով: Այն կտրամադրվի ՀՀ կառավարությանը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի համաձայն Մոնիտորինգի մեխանիզմը ներկայացնող ձեռնարկը՝ այստեղ։
About the author