«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն «Ամքոր» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ։
Գավառ կատարած այցի շրջանակում մանկատան, Միասնական սոցիալական ծառայության, խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցներին ու համայնքային ծառայողներին ներկայացվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված գործողություններն ու դրանցից բխող մեխանիզմները։
Նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը, կարևորելով բազմամասնագիտական խմբերի հետ անցկացվող հանդիպումները, նշել է, որ իրազեկված լինելուց զատ, անհրաժեշտ է տիրապետել մեխանիզմներին ու գործիքներին, կանխարգելել, իսկ հնարավորության դեպքում տալ համապատասխան աջակցություն․ «Ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջոցով նախատեսում ենք առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը, համախմբել պետության և հասարակական հատվածի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը, բարելավել թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցությունն ու հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաև երեխայի լավագույն շահը»:
Հանդիպման ընթացքում «Ամքոր» կազմակերպության ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրել է աշխատանքային և սեռական շահագործման տեսակները, հարկադիր կամ պարտադիր ձևով իրականացվող աշխատանքներին հավաքագրելու եղանակները, շահագործման հիմնական ցուցիչներն ու այլ մանրամասներ։
Բանախոսի ներկայացմամբ՝ աղքատությունը, գործազրկությունը, գենդերային անհավասարությունը, կրթության անհասանելիությունն ու այլ գործոններ ևս նպաստում են մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ խոցելիության հավանականության աճին:
Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են նաև Գավառի մանկատան սաներին, խաղային և այլ ձևաչափերով ներկայացվել են թրաֆիքինգ երևույթն իր դրսևորումներով, կանխարգելման մեխանիզմներն ու այն իրավիճակները, որոնց հանդիպելու դեպքում երեխան պետք է զգոն և ուշադիր լինի։
Հանրային իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և նախարարության համակարգում գործող՝ երեխայի խնամքի և պաշտպանության հաստատություններում հանդիպումներ կլինեն և՛ մասնագետների, և՛ երեխաների հետ։
Հղումը՝ https://www.mlsa.am/?p=30984&fbclid=IwAR01IMXjAXMq4Zyo-rv12kDXGVtT7ooM1NlnRzlkfjSa95bl3rtYNNx6l7Q
About the author