Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Ազգային ծրագրի կատարմանն ուղղված մշտադիտարկման արդյունքների քննարկում տեղի ունեցավ աշխատանքային խմբի անդամ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022թ.-ի փետրվարի 18-19-ին։
Աշխատանքային խմբի քննարկմանն էր ներկայացված Պալլադիում միջազգային կազմակերպության կողմից իրականացված «2020-2022թ.թ. Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) մշտադիտարկման և փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքները։
Աշխատաժողովի երկօրյա քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան ԳԱԾ-ում նախանշված գործողությունների կատարման մշտադիտարկման արդյունքներին։ Ինչպես և սպասվում էր քննարկումների ընթացքը բավականին բուռն էր և կառուցողական, քանի որ բոլորը հասկանում էին, որ թերությունների վեր հանումն ու դրանց լուծման ուղիների նախանշումը հնարավորություն կտա մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ և Հայաստանը կրկին վերադարձնել առաջին խումբ երկրների շարք, որտեղ պետությունը հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հնարավորինս կանխարգելում է մարդկանց թրաֆիքինգը և աջակցություն տրամադրում տուժածներին։
Քննարկված հարցերի սպեկտրը շատ լայն էր՝ օրենսդրությունից մինչև զոհերի աջակցություն, հանրային իրազեկումից մինչև չափորոշիչներ։ Քննարկումների արդյունավետությանը մեծապես նպաստեց կազմակերպիչների կողմից նյութերի արհեստավարժ մատուցումը և խմբային աշխատանքները։
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի տարիներով ձևավորված մասնագիտական բարձր մակարդակը և փորձառությունը բերում է նրան, որ միշտ հնարավոր է գտնել բարձրացված խնդիրների լուծումներ՝ հիմքում դնելով ինստիտուցիոնալ մոտեցումներ։
Քանի որ մարդկանց թրաֆիքինգն իր բնույթով խիստ լատենտային հանցատեսակ է, այդ իսկ պատճառով դրա դեմ պայքարում ընդգրկված են մեծ թվով պետական և մասնագիտացված հասարակական կառույցներ։ Քննարկման առարկա հանդիսացավ նաև հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվառումը Ազգային ծրագրի հաշվետվական մասում։ Առաջարկվեց մշակել հաշվետվության այնպիսի ֆորմատ, որն իր մեջ կամփոփի նաև հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները։
Աշխատանքային խմբի դիտարկումների հիման վրա Պալլադիումի աշխատակիցները շուտով կներկայացնեն մշտադիտարկման համալրված զեկույցը։
Արզուման Հարությունյան
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԱԽ անդամ
About the author