2022թ.-ի ապրիլի 2-3-ին Վորլդ Վիժն Հայաստանի (ՎՎՀ) կողմից «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կայացավ ծրագրային և գործընկերային վերապատրաստման շարքի առաջին դասընթացը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատակիցների համար։
Համատեղ ձևավորված օրակարգն ընդգրկել էր հարցեր, որոնք կազմում էին ԱԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքի գործառույթներ։
Որպես վերապատրաստման հիմնական դասընթացավար և փորձագետ հրավիրված էր ի.գ.թ. Արսեն Նիկողոսյանը, որն իր փորձառության և լսարանի հետ աշխատելու ունակություններով կարողացավ վերապատրաստումն անցկացնել մասնագիտական բարձր մակարդակով և մասնակիցներն փոխանցել այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք առաջիկայում կկիրառվեն առօրյա աշխատանքում։
Դասընթացի ամբողջ ընթացքում «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար՝ Տիգրան Հովհաննիսյանի կատարած հստակ մենթորությունը մեծապես նպաստեց դասընթացի արդյունավետ կայացմանը իր բոլոր բաղադրիչներով։
Ցանկացած դասընթաց առավել ընկալելի է իր մեջ ներառված իրավիճակային վարժանքներով։ Այս դեպքում ևս ՎՎՀ-ի ծրագրի աշխատակազմի և փորձագետի համատեղ ջանքերով և իրական պատմությունների վրա հիմնված իրավիճակային վարժանքները հնարավորություն տվեցին մասնակիցներն խորացնել իրենց ունակությունները մարդկանց թրաֆիքինգի նախանույնացման և աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում գործունեություն իրականացնելու մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդեն շրջանառության մեջ դրված Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչների ճիշտ կիրառմանը։
Վերապատրաստման բոլոր մասնակիցների կողմից ցուցաբերվեց միայն շահագրգիռ և պրոֆեսիոնալ մասնակցություն, քանի որ բոլորին հասկանալի էր, որ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման համար շարունակաբար կատարելագործվելը և մասնագիտական կարողությունները զարգացնելը կնպաստեն Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կրճատմանը։
Որպես ծրագրի համակատարող դասընթացին մասնակցեց նաև «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը։
ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ 2021թ.-ի հուլիսին մեկնարկած «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը նպատակ ունի մարդկանց թրաֆիքինգի ոլորտում բարելավել իրավական, կառավարման, կանխման, աջակցության տրամադրման և հանրային իրազեկման ինստիտուցիոնալ համակարգերի աշխատանքը թիրախային խմբերի համար:
Առաջիկայում ԱԱՏՄ մարզային կառույցների աշխատակիցների համար ևս կկազմակերպվի վերապատրաստման դասընթաց։
Հանդիպման ծավալուն ֆոտոշարքը ներկայացված է https://www.facebook.com/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419 ֆեյսբուքյան էջում։
About the author