Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրով վերապատրաստվել է ՀՀ միգրացիոն ծառայության 30 ծառայող

ByAAVR

Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրով վերապատրաստվել է ՀՀ միգրացիոն ծառայության 30 ծառայող

ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 17-18-ին կայացավ ՀՀ միգրացիոն ծառայության ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա վերապատրաստումը։ Վերապատրաստմանը մասնակցել են ՀՀ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ինչպես նաև մասնագիտացված և այլ ստորաբաժանումների ևս 29 ծառայող։

Առկա միգրացիոն հոսքերի պայմաններում հաշվի առնելով Միգրացիոն ծառայության առանձնահատուկ կարևոր առաքելությունն ու դերը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման առերևույթ դեպքերի հայտնաբերման և կանխարգելման գործում՝ վերապատրաստումը միտված էր ծառայողների մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը՝ որպես ուղենիշ դիտարկելով ծրագրային երկուստեք գործողությունների արդյունքում ներդրված «Միգրացիոն ծառայության կողմից մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթադրյալ զոհերի հայտնաբերման վերաբերյալ» ուղեցույցը, ինչը նախատեսում է միգրանտների շրջանում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթադրյալ զոհերի հայտնաբերման, ուղղորդման և աջակցության հստակ կառուցակարգեր, և որոնցով պետք է առաջնորդվեն Միգրացիոն ծառայության ծառայողները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթադրյալ դեպք հայտնաբերելու իրավիճակներում։

Բացի միգրացիային և մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանը վերաբերող միջազգային և ազգային ոլորտային օրենսդրության կարգավորումներից բխող տեսական թեմաների վերլուծությունը, վերապատրաստման ընթացքում անցկացվեցին նաև գործնական սիմուլյացիոն վարժություններ՝ առանձնահատուկ դեպքերով հարցազրույցների վարում, դեպքերի/խնդիրների քննարկումներ և խմբային աշխատանքներ՝ նախապես սույն միջոցառման համար մշակված մասնագիտական ձեռնարկի կիրառմամբ։

Share

About the author

AAVR administrator