Սոցիալական աշխատողները կարևոր օղակ՝ թրաֆիքինգի հայտնաբերման և կանխարգելման գործում

ByAAVR

Սոցիալական աշխատողները կարևոր օղակ՝ թրաֆիքինգի հայտնաբերման և կանխարգելման գործում

142 սոցիալական աշխատող հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 11-ը մասնակցել է «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» մոդուլով վերապատրաստման դասընթացին։

Այն կազմակերպվել և անցկացվել է ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրերի շրջանակներում։ Դասընթացն իրականացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը։

«Մոդուլի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 5 ամիս։ Մենք ներգրավել ենք լավագույն մասնագետներին, որպեսզի կարողանանք սոցիալական աշխատողներին փոխանցել թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ աշխատելու համար անհրաժեշտ մանագիտական գիտելիքներն ու հնարքները, ինչպես նաև մշակվել են հավանական զոհերի հայտնաբերման ցուցիչները, որոնցով հնարավոր է նույնացնել դեպքն ու անձին, ապահովել պատշաճ ուղղորդում, այնուհետև նաև օգնություն՝ անձի կենսական և առողջապահական խնդիրների լուծման ն հասարակությանը վերաինտեգրման հարցերում»,- նշեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։

Դասընթացի ավարտական թեստն հաջողությամբ հանձնած 142 սոցիալական աշխատողից 74-ը՝ համայնքային, իսկ 68-ը՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչներ են։ Կազմակերպիչները լիահույս են, որ մարդկանց թրաֆիքինգի զոհերի հետ սոցիալական աշխատանքի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքը, անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու հմտությունները հնարավորություն կտան թրաֆիքինգի ենթարկված անձանց հայտնաբերման, պատշաճ ուղղորդման, օժանդակության տրամադրման և վերաինտեգրման աշխատանքներ իրականացնելիս։

Երկար տարիների սոցիալական աշխատող, դասընթացների մասնակից Արմեն Եզեկյանը վստահեցնում է, որ այս ծրագրին մասնակցելով ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել, այլև մի կարևոր իրողություն է արձանագրվել․ «Այս ամենի շնորհիվ հնարավոր եղավ մասնագիտական համայնքը համախմբել, ինչը նշանակում է նաև մասնագիտական փորձի փոխանակում, քննարկումներ և աշխատանքային համագործակցութուն, ինչը ևս կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանն ու արդյունավետությանը»։
Երևանի և ՀՀ 10 մարզերի սոցիալական աշխատողների համար անցկացված վերապատրաստման դասընթացների ամփոփումը և մասնակիցների ավարտական վկայականների հանձնումը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին։

«Մի քանի տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ սոցիալական պաշտպանության ոլորտում այսպես ակտիվ կսկսենք խոսել և աշխատել այնպիսի լատենտ երևույթի շուրջ, ինչպիսին մարդկանց թրաֆիքինգն է։ Այս ոլորտում շատ կարևոր է սոցիալական աշխատողի դերը։ Ինչքան շատ ու բազմակոմպոնենտ է նրանց գիտելիքը, այնքան ավելի հեշտ կլինի կանխարգելումը, իսկ դա սոցիալական աշխատանքում գործի 90%-ն է»,- ամփոփիչ միջոցառման ընթացքում խոսելով ծրագրի կարևորության մասին՝ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և վստահեցրեց, որ առաջիկայում սոցիալական աշխատողները վերապատրաստվելու և գիտելիքները հարստացնելու բազմաթիվ նոր առիթներ կունենան։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն էլ հավելեց, որ վերջին տարիներին առավել արդյունավետ է դարձել համագործակցությունը պետական կառույցների, հատկապես նախարարությունների հետ, ինչը հույս է ներշնչում, որ այսպիսի ծրագրերն իրապես կնպաստեն ոլորտի զարգացմանը։

Share

About the author

AAVR administrator