ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի (TATiP) շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի հետ դեռևս նախորդ տարի մայիսի 18-ին կնքված Համագործակցության մասին հուշագրի հիմքով և վերջիններիս գործուն ներգրավվածությամբ ս․թ․ մարտի 17-18-ին կայացավ ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի շուրջ 30 փաստաբանի մասնագիտական կարողությունների և գիտելիքների կատարելագործմանը միտված երկօրյա վերապատրաստում։
Առանձնահատուկ կարևորելով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածությունը և զոհակենտրոն մոտեցումների երաշխավորման անհրաժեշտությունը քրեական վարույթներով, ինչպես նաև գործող իրավակարգավորումներով պայմանավորված, հաշվի առնելով հանրային պաշտպանի կարևոր առաքելությունն ու դերը Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցում՝ Ծրագրի շրջանակներում մշակվել է «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» վերապատրաստման հատուկ մոդուլ-դասընթաց, որի հիմքով էլ անցկացվել է միջոցառումը։
Վերապատրաստման ընթացքում կազմակերպվել են նաև գործնական սիմուլյացիոն վարժություններ, մասնավորապես՝ առանձնահատուկ դեպքերով մասնակիցների ներգրավմամբ սիմուլացիոն խորհրդատվություն և հարցաքննություններ, մասնավոր դեպքերի/խնդիրների քննարկումներ՝ նախապես սույն միջոցառման համար մշակված մասնագիտական նյութով նախատեսված ուղղորդմամբ։
Վերապատրաստումները լինելու են շարունակական և ընդգրկելու են ինչպես ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, այնպես էլ այլ փաստաբանների ևս։
About the author