Թրաֆիքինգ․ նույնացնում, ինքնանույնացում․ հերթը ՀՀ մարզերին է

ByAAVR

Թրաֆիքինգ․ նույնացնում, ինքնանույնացում․ հերթը ՀՀ մարզերին է

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» (TATiP) ծրագրի թիմն ավարտեց տեղեկատվական այցերը ՄՍԾ մարզային կենտրոններ։

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը վեց մարզերում (Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Լոռի, Շիրակ և Վայոց ձոր) ծրագրի ներկայացուցիչները Միասնական սոցիալական ծառայության անձնակազմերին ներկայացրին թրաֆիքինգի վերաբերյալ իրենց կողմից մշակված տեղեկատվական նյութերն ու մանրամասն ծանոթացրին դրանց բովանդակությանը։

Մշակված պաստառի օգնությամբ քաղաքացիները կարող են իմանալ՝ ինչ է մարդկանց թրաֆիքինգը, իսկ ինքնանույնացման թեստի միջոցով կողմնորոշվել՝ արդյոք իրենք կամ իրենց մերձավորները թրաֆիքինգի և շահագործման զոհ են, թե ոչ։ Առցանց հարթակում էլ ինքնանույնացումը հնարավոր է կատարել հատուկ առցանց թեստի միջոցով։ Տպագիր նյութերում ներկայացված են նաև պետության կողմից թրաֆիքինգի զոհերին տրամադրվող ծառայությունները։

«Այսպիսի հանդիպումները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ինքներս էլ, մխրճվելով սոցիալական ոլորտի ամենօրյա խնդիրների մեջ, հաճախ ունենում ենք իրազեկվածության պակաս այնպիսի կարևոր թեմաներից, ինչպիսին թրաֆիքինգն է։ Զուտ ստացած գիտելիքից բացի, այժմ ունենք նաև գործընկեր, որին կարող ենք դիմել այս թեմայով ցանկացած խնդրի առնչվելիս։ Մարզերում չկան համապատասխան կառույցներ, ուր կարող ենք ուղղորդել զոհերին կամ ահազանգել, և շատ կարևոր է իմանալ, թե հանրապետության տարածքում առհասարակ ինչ կառույցներ են գործում»,- հանդիպման արդյունքներն է ամփոփում ՄՍԾ Եղեգնաձորի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Անի Առաքելյանը։

Հանդիպումների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկումից բացի, TATiP թիմի անդամները զրույցների ու փոքրիկ հարցումների միջոցով փորձել են դուրս բերել այն խնդիրները, որոնք առկա են մարզաբնակ ազգաբնակչության համար՝ հանրային իրազեկման տեսանկյունից։

«Այցերի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ մենք ֆիքսեցինք հասարակության ամեն մի անդամի ինքնանույնացման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին խուսափելու թրաֆիքինգից։ Ինչպես նաև հետադարձ կապի միջոցով շատ կարևոր տեղեկություն հավաքեցինք մեր սոցիալական առաջնագծում աշխատող մասնագետներից՝ ինչպես և ինչ միջոցներով առավել արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկումը»։

Նմանաբնույթ հանդիպումներ թիմի անդամներն անցկացրել են նաև 2021 թվականին։ «Համեմատելով այն ժամանակ իրականացրած այցերի հետ՝ ուզում եմ առանձնահատուկ նշել, որ ոչ միայն բարելավվել են ծառայությունների շենքային պայմանները, այլև նկատելի էր անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և նոր գիտելիքներ ձեռք բերելու, դրանք կիրառելու պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է թրաֆիքինգի խնդրի լիարժեք տիրապետմանը, ինչ խոսք անելիքներ դեռ կան։ Մասնավորապես`զգացվում է իրավիճակային վերապատրաստումների կարիք,- ասում է «Աուդիո–վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունը։

Վերապատրաստումների վերաբերյալ նրա միտքը կիսում է նաև Անի Առաքելյանը․ «Թեև մեր մասնագետները որոշակի վերապատրաստման դասընթացների մասնակցում են, բայց, կարծում եմ, առավել արդյունավետ կլինի, եթե այդ դասընթացների ժամանակ ներկայացվի օրենսդրական կարգավորումների և կոնկրետ իրական դեպքերի համադրությունը։ Այսինքն՝ մասնակիցներին կոնկրետ օրինակով ցույց տան, թե դեպքն ինչպես են բացահայտել, ինչպես են գլխի ընկել, որ թրաֆիքինգ կա, ինչպես են ուղղորդել զոհին կամ աշխատել նրա հետ և այլն»։

Հիշեցնենք, որ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021 թ․-ին։ Դրա նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, նույնացումն ու աջակցությունը, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու բարելավմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող և անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագիրն իրականացվում է «World Vision» Հայաստան բարեգործական կազմակերպության, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։

Share

About the author

AAVR administrator