Ավելի քան 5 տարի 47-ամյա տղամարդը տարեց մոր հետ աշխատել է անասնաֆերմայում, պնդում է՝ այդ 5 տարում ստացել է ընդամենը 25 հազար դրամ, կերել դաժան ծեծ, կուլ տվել հայհոյանքների անվերջանալի շարաններ, նույն կերպ շահագործել են մորը ու թքել երեսին։
Քննչական կոմիտեի թրաֆիքինգի հանցագործություններով զբաղվող վարչությունն է քննել քրեական այս պատմությունը։ Նախաքննությունն ավարտվել է։ Տարիներով աշխատանքային շահագործման ենթարկված ընտանիքին գտանք Արարատի մարզի գյուղերից մեկում, տղամարդը պատմեց՝ 2018-ին ընտանիքը պահելու համար ընդունել է երևանցի Բագրատ Մարտիրոսյանի անասնապահությամբ զբաղվելու առաջարկը։ Հայանիստում Մարտիրոսյանը նրանց համար տուն է գտել ու խոզեր գնել, պայմանավորվել են աշխատավարձ:
«Նախապես ասաց, որ 80 հազար ա լինելու աշխատավարձը, եթե մայրերը շատանան, կդարձնեմ 150 հազար: Նորմալ, ջան-ջիգյար, հետո խոզը սկսեց հիվանդանալ և այլն, բժշկին կանչում էր, նայում էր, բայց սատկում էին», – պատմեց նա:
4 սատկած խոզն է, ըստ տղամարդու, ճակատագրական դարձել։ Ֆերմայի տերը պահանջել է կա՛մ երկու միլիոն տալ, կա՛մ ձրի աշխատել, ստիպել են թուղթ ստորագրել. – «Գրեցի, հետո կնոջս նույն բաները գրել տվեց ու ստիպեց, որ նշի՝ ոչ մի ոստիկանություն չխառնվի»:
Կնոջն ու երկու տարեկան երեխային ուղարկել է տուն, մոր հետ տեղափոխվել հիմա էլ Նոր Գեղիում անասուն պահելու, ապրել են գոմին կից գոմից չտարբերվող մի տարածքում, փողի երես չեն տեսել, ֆերմայի տերը ուտելիք է բերել:
Տղամարդու պնդմամբ՝ Ներ Գեղիում աշխատելու տարիներին 4 սատկած խոզի գումարը ոչ մի կերպ չի մարվել, ավելացել ու մոտ 15 միլիոն դրամ է դարձել։ Շահագործմանը զուգահեռ բռնությունն անընդհատ է եղել։
«Եթե իրան չենթարկվեի, ինչ-որ բան հրամայում ա, միանգամից հարձակվում, հայհոյում ու հարվածում ա, ասում ա, իմ մեջքը պինդ ա, ով ուզում ա գա, քեզ չի փրկի, ես լավ տղա եմ: Իրանց տունն էլ եղել ա, որ ավտոմատը ցույց ա տվել՝ ես պատրաստ եմ, ով ուզում ա գա», – նշեց տղամարդը:
Ասում է՝ մի քանի անգամ փորձել է ջրանցքը նետվել, մայրն է պահել։ Փախուստ ծրագրել, բայց վախեցել են երկուսն էլ: 75-ամյա կինը պնդում է՝ աշխատավարձ, պարզ է, չի ստացել, բայց թոշակի երես էլ չի տեսել, Բագրատ Մարտիրոսյանն ասել է՝ հաշվի ծերանոցում ես:
«Չկա նման բան, ես թոշակից տեսել եմ մի հատ 20 հազար դրամ, մի հատ 50 հազար, որ մեքենաներից մեկին ավազի փողը տվեցին ճանապարհեցին, մի հատ 25 թե 27 հազար, որ տարել են ցեմենտի փողն են տվել», – Բագրատ Մարտիրոսյանը, որ թրաֆիքինգի քրեական այս պատմության միակ մեղադրյալն է, հերքում է մոր ու որդու գրեթե բոլոր մեղադրանքները։
Տատիկի թոշակից ինչ-որ ծախսեր արել է, բայց ամբողջ գումարը չի վերցրել։ Աշխատավարձ ասում է, այո, չեմ տվել, իրենք են այդպես ուզել՝ միայն ուտելիք:
Մարտիրոսյանն ու կինը պնդում են՝ նորմալ սնունդ են տարել՝ մեղրը ներառյալ, հաճախ միասին ճաշակել, ինչ թրաֆիքինգ, ինչ ստրկացնել:
Այս քրեական պատմության մեջ մեկ այլ քրեական պատմություն կա. Մարտիրոսյանի աշխատողներից մեկը դաշտում խոտ հավաքելիս անհետացել է, չկա… Ֆերմայի տերն ասում է՝ միասին էին, հիմա ասում է՝ չգիտեմ ուր է, չծեծե՞մ. – «Որ Վարդանը կորել ա, ասել եմ, Համո մարդ ա կորել, ասել ա՝ ինչ անեմ, ես իրա պահակը չեմ, բայց իրա կողքից ա կորել»:
Հայհոյանք, չի հերքում եղել է, որովհետև մայր ու որդի անասնապահությունից ոչինչ չէին հասկանում:
Տարեց կնոջ դեմքին թքե՞լ է, թուհ, բարկանում է Մարտիրոսյանը:
Քննության ընթացքից էլ է դժգոհ՝ բոլոր վկաներին չեն լսել, խանութպաններին թող հարցնեն, թե ինչքան սնունդ է տարել մայր ու որդուն։ Բագրատ Մարտիրոսյանը անտեղի, սխալ, դաժան է համարում իրեն թրաֆիքինգի հոդվածով մեղադրելը. անկազմակերպ ընտանիք էին, ուտելիք է տվել փողի փոխարեն, սատկած խոզերի դիմաց միլիոններ վստահեցնում է՝ չի ուզել:
Քրեական այս գործը մեկ շաբաթ առաջ դատարան է ուղարկվել։
Այս տարվա առաջին վեց ամիսներին մարդկանց շահագործման հոդվածով 16 քրեական գործ է հարուցվել։ Դատախազության տվյալով՝ նախորդ տարի 27 դեպք է եղել։ Եվրոպայի խորհրդի ու պետդեպարտամենտի փորձագետները Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ իրենց զեկույցներում գրում են՝ Հայաստանի կառավարությունն այս պայքարում դիրքերը բարելավել է, բայց անելիք դեռ շատ կա. թրաֆիքինգ իրականացնողները պետք է համարժեք պատիժ ստանան՝ ազատազրկվեն, ոչ թե պատիժը փորձաշրջանով փոխարինվի։ Թրաֆիքինգի ենթարկված խոցելի մարդկանց աջակցության ծրագրերը նույնպես լիարժեք չեն։ Նրանք այդպես էլ փոխհատուցում չեն ստանում իրենց շահագործած մարդկանցից։
5 տարի անփող աշխատած տղամարդն այժմ օրավարձով մի գործ է գտել շինարարությունում, երեխայիս շոր ու պաղպաղակ եմ հասցնում, բավարարում է։ Վախն ու անհանգստությունը մայր ու որդի դեռ չեն հաղթահարել:
Տարեց կինը անընդհատ ուզում է շնորհակալություն հայտնել։ Ասում է՝ «չգիտեմ՝ օրենքի, թե Հիսուսի ջանին մեռնեմ»։
About the author