Աղքատություն, գործազրկություն, պարտք, թերի կրթություն. թրաֆիքինգի պատճառները՝ Հայաստանում

ByAAVR

Աղքատություն, գործազրկություն, պարտք, թերի կրթություն. թրաֆիքինգի պատճառները՝ Հայաստանում

Թրաֆիքինգը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ծանր հանցագործություն, շարունակում է մնալ աշխարհի առջև ծառացած լրջագույն խնդիրներից։ Հայաստանը ևս զերծ չէ համաշխարհային այդ չարիքից։ Չնայած դրա մասին իրազեկվածության աճին՝ շատ դեպքեր շարունակում են մնալ ստվերում։

Թրաֆիքինգը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ծանր հանցագործություն, շարունակում է մնալ աշխարհի առջև ծառացած լրջագույն խնդիրներից։ Հայաստանը ևս զերծ չէ համաշխարհային այդ չարիքից։ Չնայած դրա մասին իրազեկվածության աճին՝ շատ դեպքեր շարունակում են մնալ ստվերում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է թրաֆիքինգի պատճառների, հետևանքների և հանցագործության այս տեսակի դեմ պայքարի միջոցների մասին։

– Պարոն Վարդանյան, կխնդրեմ գնահատեք թրաֆիքինգի ներկա իրավիճակը Հայաստանում, տարեկան մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման քանի դեպք է բացահայտվում։

 – Համաձայն Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում առկա տվյալների` 2025 թվականի ընթացքում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում նախաձեռնված քրեական վարույթների թիվը 36-ն է։

– Հիմնականում, ինչ տարիքի և սեռի են շահագործվողները, ինչ թիվ են կազմում անչափահասները։

– 2025 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով ներկայացվել է 18 միջնորդություն, որպես զոհ է ճանաչվել 31 անձ, որից 18-ը՝ Հայաստանի Հանրապետության, 13-ը՝ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նրանցից 20-ը՝ արական, 11-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ 7-ը հատուկ կատեգորիայի զոհ, որից 2-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող։ Ընդ որում, 31 անձանցից 5-ն անչափահաս են՝ 1-ն արական, 4-ը իգական սեռի երեխաներ։

2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ հանձնաժողովի նիստի արդյունքում 10 միջնորդություն է քննվել, 25 անձ նույնացվել են որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, որոնցից 11-ն՝ արական, 14-ն՝ իգական սեռի ներկայացուցիչներ են։ Ընդ որում, 25-ից 9-ը անչափահասներ են՝ 6-ը արական սեռի, 3-ը իգական սեռի երեխաներ։

Նշեմ, որ նույնականացման հանձնաժողովի նիստում որոշվում է՝ տուժողը զոհ է, թե ոչ։

– Այսինքն, հնարավորէ, որտուժողը չճանաչվի՞ որպես զոհ։

– Այո, հնարավոր է։ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշմամբ կարող է չճանաչվել զոհ կամ կարող է թողնվել նախանույնացման փուլում:

– Կարելի՞ է ենթադրել, որ որպես զոհ չճանաչվելու պատճառներից մեկը հանցավորի կողմից ճնշման հետևանքով դատարանում ցուցմունքից հրաժարվելն է։

– Ցավոք՝ այո։ Այդ իսկ պատճառով մենք առաջնահերթ առանձնացնում ենք հանցավորին զոհից, ցուցաբերում ենք պետականորեն նախատեսված աջակցություն՝ տրամադրվում է կացարան, հագուստ, սնունդ, իրավաբանական աջակցություն և այլն։ Այդ ամենը հնարավորություն է տալիս, որպեսզի զոհը չհաղորդակցվի հանցավորի հետ ու նախաքննությունը չխոչընդոտվի։

– Ըստ վիճակագրության՝ թրաֆիքինգը հանրապետության որ շրջաններում է առավել տարածված։

– 2025 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնված 27 քրեական վարույթից 6-ի դեպքում շահագործման վայրը հանդիսացել է Երևան քաղաքը, 9 դեպք գրանցվել է Գեղարքունիքի, 2-ական՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, 1-ական՝ Արարատի և Սյունիքի մարզերում, ևս 2-ը արտերկրում՝ Թուրքիայի Հանրապետությունում։

2024 թվականին նախաձեռնված 36 քրեական վարույթներով 24 դեպքը կատարվել է մայրաքաղաք Երևանում, 3-ական՝ Շիրակի, Կոտայքի, 2-ական՝ Արագածոտնի, Արմավիրի, 1-ական՝ Լոռու և Արարատի մարզերում։

– Վերլուծություն, վիճակագրություն կա՞, թե մարդիկ ինչի հետևանքով են հայտնվում շահագործող ներիթիրախում, որո՞նք են խոցելիության գործոնները։

– Պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի ենթարկողների կողմից չարաշահվող ամենատարածված խոցելիության գործոններն են աղքատությունը, վատ բնակարանային պայմանները, գործազրկությունը, կրթական ցածր մակարդակը, պարտքի վիճակով պայմանավորված խոցելի վիճակը:

Խնամքից դուրս մնացած երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև հաշմանդամություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք խոցելի են շահագործման տարբեր ձևերի, հատկապես՝ մուրացկանության դրսևորմամբ կատարվող մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ։

Ասեմ, որ թրաֆիքինգի ենթարկվելու տեսանկյունից առավել խոցելի խմբերից են հատկապես կանայք և երեխաները։

– Կառանձնացնե՞ք՝ որոնք են թրաֆիքինգի ամենատարածված ձևերը Հայաստանում:

– Առավել շատ տարածված են աշխատանքային և սեռական շահագործման դեպքերը։ Հայաստանում սեռական շահագործման զոհ լինելու տեսանկյունից ռիսկային են համարվում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, մուրացկանության շահագործման տեսանկյունից՝ անչափահասները, իսկ աշխատանքային շահագործման առումով՝ թե տղամարդիկ, թե՛ կանայք։

Աշխատանքային շահագործման դեպքերի մի մասն արձանագրվել է գյուղատնտեսության՝ անասնաֆերմաներ, շինարարության, իսկ մյուս մասը՝ սպասարկման ոլորտում:

Գաղտնիք չէ, որ երեխաներին մի փոքր խոստումով էլ հնարավոր է շահագրգռել ու շահագործել։ Երեխաների աշխատանքային շահագործումը հիմնականում իրականացվում է մուրացկանության եղանակով, անասնապահության, գյուղատնտեսության և ծառայությունների մատուցման ոլորտներում․այստեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:

– Պարոն Վարդանյան, կմտաբերե՞ք որևէ դեպք, որը Ձեր գործունեության ընթացքում Ձեզ համար ամենաէմոցիոնալն է եղել։

– Անուն չեմ տա ու կոնկրետ դեպքից մանրամասներ չեմ հայտնի, բայց կար դեպք, երբ տուժողը ոչ միայն անչափահաս էր, այլ՝ մանկահասակ․․․ Ընդհանրապես, երեխաների շահագործման դեպքերն ամենազգայունն են։

– Ի՞նչ տվյալներ կարող եք տրամադրել արտերկրում թրաֆիքինգի ենթարկվող Հայաստանի քաղաքացիների մասին։

– Պետք է փաստեմ, որ այս առումով վերջին տարիներին դեպքերի կտրուկ նվազում է գրանցվել։ 2025 թվականի ընթացքում արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու հատկանիշներով հաշվառվել է 3 քրեական վարույթ, որոնցից 1-ը վերաբերել է սեռական (Թուրքիա), 2-ն՝ աշխատանքային շահագործմանը (Թուրքիա, ՌԴ)։

2024 թվականին նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ՝ սեռական շահագործման դեպք Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում։ Նշեմ, որ այդ վարույթը նախկին տարիների կատարված դեպք է։

– Քանի որ թեման բավական նուրբ է, մարդիկ հաճախ խուսափում են բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցածի մասին, ինչպե՞ս է իրականացվում թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը։

– Հիմնականում, դեպքերը բացահայտվում են օպերատիվ հետախուզական աշխատանքի շնորհիվ։ Մեր կողմից իրականացված իրազեկման արշավներն էլ այս հացում օգտակար են լինում, պատահում է՝ հենց տուժողներն են դիմում։ Բայց ասեմ, որ ճիշտ եք՝ շահագործվողները երբեմն վախի զգացում են ունենում, քանի որ շահագործողը սպառնում է, կամ՝ տուժողն այս կամ այն հարցով շանտաժի է ենթարկվում։

Պատահում է, որ գործընկեր ՀԿ-ներն են ահազանգում, իրավապահներն են տեղեկություններ տրամադրում․․․ Եղանակները տարբեր են, թեև բացահայտման հիմնական գործառույթն իրավապահներինն է։

– Ներքին գործերի նախարարությունը ինչ միջոցներ է ձեռնարկում թրաֆիքինգի դեպքերը նվազեցնելու և կանխարգելելու ուղղությամբ։

– Կանխարգելումը կարևորագույն նշանակություն ունի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարում: Այդ նպատակով Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է վերլուծել սպասարկվող վարչական տարածքներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված օպերատիվ իրավիճակը, պարզել նպաստավոր վայրեր հանդիսացող ռիսկային օբյեկտները՝ անասնաֆերմաներ, մուրացկանությամբ զբաղվելու հարմար վայրեր, հյուրատներ, ռեստորաններ և այլն, նշված վայրերում պարբերաբար իրականացնել հանդիպումներ, անլուր (խմբ․՝ առանց զգուշացնելու) այցելություններ, պարզել ինչպես գրանցված, այնպես էլ հնարավոր առանց գրանցման աշխատող անձանց, մուրացկանությամբ զբաղվողներին, նրանց հետ անցկացնել զրույցներ։

Նաև արտագնա աշխատանքի մեկնող անձանց շրջանում են անցկացվում կանխարգելիչ զրույցներ, նշված հաստատությունները և վայրերը մշտապես պահվում են օպերատիվ տեսադաշտում։

Պետք է նաև նկատեմ, որ մշտադիտարկում է անցկացվում համացանցում, ինչի արդյունքում ի հայտ են գալիս կասկածելի աշխատանքային առաջարկություններով հանդես եկող օգտատերեր և կազմակերպություններ։ Ստուգվում են առաջարկվող աշխատանքների իրական բնույթը և գործատուների հնարավոր հանցավոր մտադրությունները։ Օրինակ, Հայաստանում կամ արտերկրում գայթակղիչ վարձատրությամբ «թեթև» աշխատանք են խոստանում մարդկանց, բայց հիմնականում հանցավոր մտադրություններ ունեն ու այլ աշխատանքի մեջ են ներգրավում։

Մեր կողմից մշակվել է հատուկ ուղեցույց Ոստիկանության այն ծառայողների համար, որոնք ամենօրյա աշխատանքի ընթացքում շփվում են հասարակության հետ։ Նրանք հնարավորություն են ունենում նախանույնացնել զոհին․ այսինքն, թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ նախնական տեղեկություն ստանալու դեպքում անմիջապես տեղյակ է պահվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ համաձայնեցնելով հետագա միջոցառումները: Միաժամանակ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, վերջիններիս կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները նախականխելու, նրանց շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով` ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների կրթական հաստատություններում պարբերաբար կազմակերպում և անցկացնում են հանդիպումներ, զրույցներ, որոնց ընթացքում բացատրվում են մարդկանց շահագործման և թրաֆիքինգի վտանգները և դրանցից խուսափելու ուղիները:

ՀՀՆԳՆ ոստիկանությունում գործում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով շուրջօրյա «թեժգիծ»՝ 0800-505-50 հեռախոսահամարով: Antitrafficking.am կայքում` թրաֆիքինգի դեմ պայքարի հայկական պլատֆորմում, որի հղումը տեղադրված է նաև ՀՀ դատախազության www.prosecutor.am կայքում, զետեղված են ՀՀ-ում անվճար զանգերի համար գործող թեժ գծերը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1247073

Share

About the author

AAVR administrator