«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԱՎԼԱ) և նրա կողմից գործարկվող antitrafficking.am մասնագիտացված տեղեկատվական կայքը միացել են ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը։ Նախաձեռնությանն անդամակցելու համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ԱՎԼԱ-ի նախագահ Արզուման Հարությունյանը՝ վերահաստատելով կազմակերպության հավատարմությունը լրագրողական մասնագիտական էթիկայի, խմբագրական անկախության և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներին։
Նախաձեռնությանը միանալը կազմակերպության համար ոչ միայն մասնագիտական համերաշխության դրսևորում է, այլև սեփական տեղեկատվական և մեդիա գործունեության որակի, թափանցիկության ու հանրային վստահության ամրապնդմանն ուղղված քայլ։
Այս շրջանակում ԱՎԼԱ-ն մշակել է «Տեղեկատվական և մեդիա գործունեության խմբագրական քաղաքականության և մասնագիտական էթիկայի ներքին կանոնակարգը», որը սահմանում է տեղեկատվության հավաստիության, փաստերի ստուգման, աղբյուրների պաշտպանության, խմբագրական անկախության և հանրային պատասխանատվության սկզբունքները։
Կանոնակարգն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում antitrafficking.am կայքի լրագրողական գործունեությանը։ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմաների լուսաբանման ընթացքում առաջնահերթ են տուժողների իրավունքների, արժանապատվության և անվտանգության պաշտպանությունը, անձնական տվյալների գաղտնիության պահպանումը և խարանավորող մոտեցումների բացառումը։
ԱՎԼԱ-ն կարևորում է նաև սոցիալական գովազդի, փաստագրական և այլ մեդիա արտադրանքի ստեղծման ու տարածման էթիկական չափանիշների պահպանումը։
Կազմակերպության համոզմամբ՝ մեդիայի ինքնակարգավորումը ոչ միայն մասնագիտական սկզբունքների հռչակում է, այլև դրանց հետևողական կիրառման և սեփական աշխատանքի համար հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։
Կանոնակարգը հրապարակվում է audio-visual.am և antitrafficking.am կայքերի «Մեր մասին» բաժիններում։
About the author