Մարդկանց թրաֆիքինգ. ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին երեք տարիներին

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգ. ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին երեք տարիներին

Որքանո՞վ է արդյունավետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում։ Ի՞նչ է փոխվել, ի՞նչ խնդիրներ են լուծվել, և ինչո՞ւ են որոշ խնդիրներ շարունակում մնալ չլուծված։

Այս հարցերի պատասխանները փնտրելու նպատակով Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիան (ԱՎԼԱ) antitrafficking.am կայքում սկսում է անկախ լրագրողական հետազոտությունների շարք։

Մեր ուշադրության կենտրոնում կլինեն մարդկանց թրաֆիքինգի կանխարգելումը, հանցագործությունների բացահայտումն ու քրեական հետապնդումը, զոհերի պաշտպանությունը, նրանց իրավունքների վերականգնումը և հասարակություն վերաինտեգրումը։

Հետազոտությունների մեկնակետը Հայաստանի 2023–2025 թվականների պետական հաշվետվություններն են, Եվրոպայի խորհրդի GRETA փորձագիտական խմբի գնահատականները, ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցները, ինչպես նաև մեր նախաձեռնությամբ անցկացվելիք հանրային առցանց հարցման արդյունքները, որոնք կօգնեն պարզել, թե որքանով են մասնակիցները ճանաչում մարդկանց թրաֆիքինգի վտանգները և գիտեն պաշտպանվելու հնարավորությունները։

Մենք կհամադրենք փաստերն ու թվերը, կբացահայտենք հակասություններն ու չպարզաբանված հարցերը, կլսենք պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և անկախ մասնագետների տեսակետները։

Առանձին ուշադրություն կդարձնենք աշխատանքային շահագործմանը, միգրացիոն ռիսկերին և մարդկանց թրաֆիքինգի նոր դրսևորումներին՝ ներառյալ թվային տեխնոլոգիաների հնարավոր չարաշահումները։

Մեր նպատակն է ոչ միայն բացահայտել խնդիրներն ու դրանց պատճառները, այլև պարզել պատասխանատվության շրջանակը և նպաստել արդյունավետ լուծումների հանրային քննարկմանը։

Մեր նպատակն է նաև մարդկանց փոխանցել պարզ, հասկանալի և կայուն գիտելիքներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուրը կկարողանա ինքնանույնացման միջոցով հասկանալ՝ արդյոք հայտնվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման իրավիճակում, և ամենակարևորը՝ ինչպես գործել նման իրավիճակում։

Մարդկանց թրաֆիքինգ. բացահայտել պատճառները, պաշտպանել մարդուն։

Share

About the author

AAVR administrator