Հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է գտել առաջին՝ ամենաբարձր խմբում:
Անցյալ տարի Հայաստանը աշխարհում միակ երկիրն էր, որն անցավ առաջին խումբ: ՀՀ կառավարության արդյունավետ ու շարունակական ջանքերի շնորհիվ, որոնք առաջնորդում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ գործող Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խորհուրդը, Հայաստանը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ աշխարհում ամենահաջող պայքար իրականացնող երկրների շարքում:
Մարդկանց թրաֆիքինգի մասին պետքարտուղարության զեկույցն այն հիմնական դիվանագիտական գործիքն է, որով Միացյալ Նահանգների կառավարությունը ներգրավում է օտարերկրյա պետություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Զեկույցը ներկայացնում է նորովի ու համընդհանուր վերլուծություն մարդկանց թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ողջ աշխարհում և պետությունների կողմից ձեռնարկվող գործողությունների լայն շրջանակը, որն ուղղված է խնդրի վերացմանն ու դրա դեմ պայքարին: Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի միջոցով ԱՄՆ կառավարությունը երկխոսություն է ծավալում տարբեր պետությունների հետ հակաթրաֆիքինգային բարեփոխումների իրականացման, թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև կանխարգելման, պաշտպանության և քրեական հետապնդման ծրագրերին ռեսուրսներ ուղղելու վերաբերյալ: Այս զեկույցն օգտագործվում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կառավարությունների և հասարակական կազմակերպությունների կողմից որպես մի գործիք, որ թույլ է տալիս վերհանել այն ոլորտները, որտեղ ռեսուրսներ ուղղելու անհրաժեշտություն կա: Այս զեկույցի և Միացյալ Նահանգների հակաթրաֆիքինգային քաղաքականության անմիջական նպատակն է զոհերին ազատելն ու նրանց հասարակությանը վերաինտեգրվելու հարցում օգնելը, թրաֆիքինգը կանխարգելելը, հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնելը, թրաֆիքինգ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելը և սահմաններից այն կողմ գործընկերություններ ձևավորելը:
Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում պետքարտուղարությունը իրականացնում է երկրների դասակարգում երեք խմբերում՝ դիտարկելով տվյալ պետության ջանքերը «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտների» ապահովման մասով: Արդեն վեց տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ԶԼՄ-ների և տարածաշրջանային գործընկերների հետ:
Թեպետ առաջին խումբը ամենաբարձր վարկանիշն է, սակայն դա չի նշանակում, որ երկրում թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ պետությունն ընդունում է, որ խնդիրը կա, նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և բավարարում է որոշակի ստանդարտների: Ամեն տարի պետությունները պետք է կարողանան ի ցույց դնել որոշակի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ասպարեզում, որպեսզի պահպանեն դասակարգման սանդղակում իրենց առաջատար դիրքը: Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները երբեք ոչ մի երկրում չի կարելի ավարտված համարել:
Հայաստանի վերաբերյալ ամբողջական զեկույցը կարող եք գտնել հաշվետվությունների “ԱՄՆ պետքարտուղարության հաշվետվություններ” բաժնում։
About the author