Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն՝ 2024-ին ներկայացված Տպագիր և էլեկտրոնային նյութեր – Արմենպրես, Գայանե Գաբոյան – «Մարդկանց շահագործելը՝ եկամտի աղբյուր, լռությունը՝ չարիք դարձած թրաֆիքինգի տարածման հիմնական գործոն»
https://armenpress.am/hy/article/1197047
Հոդվածն ամբողջությամբ՝
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց թրաֆիքինգը բոլոր ժամանակներում և ամբողջ աշխարհում առկա ամենատարածված խնդիրներից է: Ոչ պակաս մտահոգիչ է նաև այս խնդրի շուրջ հասարակության լռությունը:
Աշխարհում մոտ 27 միլիոն մարդ շահագործման է ենթարկվում
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության տվյալների՝ աշխարհում մոտ 27 միլիոն մարդ շահագործման է ենթարկվում: Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization, ILO) տվյալներով՝ նրանց 39.4 տոկոսը կանայք և աղջիկներ են, իսկ 12 տոկոսը՝ երեխաներ։ Կազմակերպության տվյալներով մարդկանց թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի հետևանքով ստացված շահույթը տարեկան կազմում է 150 միլիարդ դոլար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մի քանի այլ աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ում և մի շարք երկրներում մարդկանց թրաֆիքինգը երկրորդ ամենաեկամտաբեր անօրինական գործունեությունն է համարվում:
Մարդկանց թրաֆիքինգը կարելի է համարել «լուռ համաճարակ», որը տարիներ շարունակ մշտապես եղել և շարունակում է տարածվել աշխարհի տարբեր երկրներում, համայնքներում՝ նպաստելով հանցագործության, մարդկանց շահագործման և բռնության տարածմանը, խախտելով նրանց ազատ լինելու հիմնարար իրավունքը։
Ուժի, խարդախության և հարկադրանքի միջոցով մարդկանց ստիպում են աշխատել տարբեր ոլորտներում: Շատ հաճախ մարդիկ ենթարկվում են թրաֆիքինգի սեռական շահագործման նպատակով: Մարդկանց շահագործման մշտապես առկա տեսակներին վերջին տարիներին ավելացել է նաև շահագործումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Կարելի է ասել՝ թվային գործիքները մեծացրել են թրաֆիքինգի հասանելիությունը, մասշտաբը և արագությունը: Հանցագործներն օգտագործում են տեխնոլոգիական տարբեր հարթակներն ու հնարավորությունները զոհեր հավաքագրելու համար:
Ամբողջ աշխարհում գնալով մտահոգիչ է դառնում երեխաների ներգրավմամբ թրաֆիքինգի դեպքերի աճը: Մարդկանց թրաֆիքինգի բացահայտված յուրաքանչյուր երրորդ զոհը երեխա է: Հատկապես մտահոգիչ են երեխաների թրաֆիքինգի արագ զարգացող միտումները, ինչպիսիք են հանցավոր գործունեության համար շահագործումը, հարկադիր մուրացկանությունը, և, իհարկե, տեխնոլոգիաների միջոցով երեխաների առցանց սեռական շահագործումը:
ՀՀ-ում հիմնականում հանդիպում են թրաֆիքինգի սեռական և աշխատանքային դեպքեր
Դատախազության տվյալներով՝ վերջին տարիներին կա այս դեպքերի բացահայտման թվի աճ, որը պայմանավորված է դատախազության, իրավապահ մարմինների հետևողական աշխատանքի և այս խնդրի շուրջ հասարակության իրազեկվածության բարձրացմամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տիգրան Պողոսյանն ընդգծեց՝ վերջին տարիներին մարդկանց իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացված բազմաթիվ արշավներից և գործողություններից հետո անձը ինքն է իրեն իդենտիֆիկացնում որպես թրաֆիքինգի, շահագործման զոհ և դիմում իրավապահ մարմիններին։
«Վերջին շրջանում նաև քաղաքացիներն են սկսել ահազանգել որոշակի դեպքերի մասին՝ տեղեկացնելով, որ որևէ տեղ մարդկանց աշխատավարձ չեն տրամադրում, մեկ այլ տեղում ապօրինի միգրանտներ են պահվում, և, հնարավոր է, այնտեղ նրանք աշխատանքային շահագործման են ենթարկվում, բնակարաններում ապրում են կասկածելի վարքագծով հայտնի կանայք, տեսնում են երիտասարդ կնոջ, որը երեխայի հետ գումար է հավաքում։ Այս և բազմաթիվ այլ դեպքերով արդեն քաղաքացիներն են ահազանգում ոստիկանություն։ Կարելի է ասել՝ այստեղ հասարակությունից են գալիս համապատասխան ազդակները»,- նշեց Տիգրան Պողոսյանը։
Դատախազի խոսքով՝ շահագործման ենթարկվելու ռիսկը պայմանավորված է տարիքով, սեռով, հաշմանդամությամբ, կրթության և փաստաթղթերի բացակայությամբ:
«Վերջին տարիներին Հայաստանում թրաֆիքինգի տարածված հանդիպող դեպքերից է գյուղական համայնքների անասնաֆերմաներում աշխատանքը և տարբեր գյուղերում հողագործական աշխատանքներում մարդկանց ներգրավելը, ինչպես նաև մուրացկանության դեպքերը, որոնց զոհ են դառնում հիմնականում հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք և անչափահասները։ Իսկ սեռական շահագործման առումով՝ հիմնական ռիսկային խումբը մարմնավաճառներն են, որոնց սպառնալիքի, ուժի գործադրման, խաբեության և վերջիններիս խոցելի վիճակը օգտագործելով՝ ենթարկում են շահագործման»,-ասաց նա։
Ըստ դատախազի՝ վերջին տարիներին տարածված է նաև այսպես կոչված «պարտքային փոսի» մեջ գցելու եղանակով անձանց շահագործման ենթարկելը։ Ուռճացված և ոչ տեղին պարտքերի, որոշ դեպքերում կացարան տրամադրելու պատճառով անձը հայտնվում է կախվածության մեջ իրեն գումարներ կամ կացարան տրամադրողից և ստիպված իր ամբողջ վաստակած գումարները փոխանցում է իրեն շահագործողին։
Պողոսյանը հավելեց՝ այս դեպքերի բացահայտումը շատ ավելի դժվար է, քանի որ տուժող քաղաքացիները շատ հաճախ չեն գիտակցում, որ իրենց թրաֆիքինգի են ենթարկում՝ մտածելով, որ իրենց շահագործողները դժվար պահին աջակցել են իրենց՝ գումար կամ կացարան տրամադրելով։
Հայաստանում վերջին տարիներին բացահայտված դեպքերի թիվը
Իրավապահ մարմինների հետևողական աշխատանքը արտացոլվում է նաև թվային տվյալներով. 2019-ից 2021 թվականներին տարեկան գրանցվում էր մինչև 16 դեպք:
«2022 թվականին բացահայտվել է 8 դեպք, իսկ արդեն 2023 թվականի տվյալներով՝ մենք ունեցել ենք 27 նախաձեռնված վարույթ, որոնցից 23-ը վերաբերում էին աշխատանքային, իսկ 4-ը՝ սեռական շահագործման դեպքերին։ 2023 թվականի տվյալներով փաստացի ունենք շուրջ 42 տուժող, որոնցից 36-ն աշխատանքային, իսկ 6-ը՝ սեռական շահագործման դեպքերով»,-նշեց Պողոսյանը։
Թվային տեխնոլագիաների զարգացումը հանգեցրել է թրաֆիքինգի դեպքերի աճի
Խոսելով սեռական շահագործման ենթարկելու արդի խնդիրներից՝ դատախազը առանձնացրեց համացանցի հետևանքները՝ նշելով, որ դրանք տարեցտարի աշխարհով մեկ տարածվող երևույթ են:
«Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց աճում են համացանցի միջոցով իրականացվող թրաֆիքինգի դեպքերը՝ օնլայն սեռական ծառայություններ մատուցելը, պոռնոգրաֆիական և էրոտիկ բնույթի տեսանյութերի նկարահանումը և գումար աշխատելու համար դրանք համացանցում տեղադրելը»,- ասաց դատախազը։
Քրեական օրենսդրության մոտեցումն այս հանցակազմին բավականին խիստ է
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Թամարա Բաղդասարյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում բազմիցս առնչվել է թրաֆիքինգի տարբեր դեպքերի: Նա ընդգծեց՝ ցավոք, վերջին տարիներին աճ են գրանցել երեխաների սեռական թրաֆիքինգի դեպքերը:
«Քրեական օրենսդրության մոտեցումն այս հանցակազմին բավականին խիստ է, քանի որ մարդկային թրաֆիքինգը ծանր հանցագործությունների թվին է դասվում։ Հոդվածի առաջին մասը հենց ծանր հանցագործություն է համարվում, որով պատիժ է նախատեսում 5-ից 10 տարի ժամկետով։ Մենք նաև ունենք երեխաների թրաֆիքինգի հոդված, որն առավել ծանր պատիժ է նախատեսում՝ 7-ից մինչև 12 տարի ժամկետով։
Այս մոտեցումը պայմանավորված է նրանով, որ հնարավորինս կանխվեն նման դեպքերը, այսինքն՝ սպասվող խիստ պատժի միջոցով հնարավոր լինի կանխել թրաֆիքինգի՝ օրեցօր ավելացող դեպքերը։ Ցավալի է, որ մեր պետությունում հատկապես ներպետական թրաֆիքինգն է սկսել արդեն մեծ աճ ունենալ ու առավելապես երեխաների նկատմամբ կիրառվող դեպքերը»,-արձանագրեց փաստաբանը։
Նա ցավով նշեց, որ բոլորովին վերջերս արձանագրվել են սեփական ծնողների կողմից երեխաների թրաֆիքինգի դեպքեր։
Զոհերին տրամադրվող աջակցություն
Թրաֆիքինգի ենթարկված անձինք հնարավորություն ունեն օգտվել պետության կողմից տրամադրվող մի շարք աջակցության ծրագրերից: Պետական միջոցներով 2024 թվականից նրանց խնամքով զբաղվում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տնօրեն Տաթևիկ Աղաբեկյան նշեց, որ 2024 թվականից սկսած՝ կենտրոնն աշխատում է ավելի քան 20 անձանց հետ, որոնք այս և նախորդ տարվա բացահայտված դեպքերի տուժածներն են։
«Շահառուները թրաֆիքինգի շատ տարբեր տեսակների ենթարկված անձինք են։ ՀՀ-ում բավականին տարածում ունի աշխատանքային թրաֆիքինգը։ Հիմնականում շահառուները կանայք են, սակայն եղել են դեպքեր, ներգրավված են եղել նրանց երեխաները։ Հիմնականում եղել են հողագործության և անասնապահության աշխատանքներ։ Դեպք ունենք, երբ շահագործման մեջ ներգրավված է եղել ամբողջ ընտանիքը, նույնիսկ 9 տարեկան երեխան, ով իրականացրել է տարբեր աշխատանքներ՝ ընդհուպ մինչև անասունն արոտ տանել և այլն»,- պատմեց կենտրոնի տնօրենը։
Աղաբեկյանի խոսքով՝ կենտրոնը թրաֆիքինգի ենթարկված անձանց տրամադրում է կացարան, ապահովում կենցաղային կարիքները՝ սնունդ, հագուստ անհրաժեշտության դեպքում նաև դեղորայք, հոգեբանական, սոցիալական փաստաբանական և բժշկական աջակցություն։ Շահառուներին աջակցում են նաև փաստաթղթերի վերականգնման գործում: Նույնը տրամադրում են նաև տուժած այն անձանց, որոնք կենտրոնի կողմից նախատեսված կացարաններում չեն բնակվում:
Հեղ. Գայանե Գաբոյան
Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան
About the author