Նիգերիացի բարձրաստիճան քաղաքական գործիչը, նրա կինը և միջնորդի դեր կատարող բուժաշխատողը մեղավոր են ճանաչվել օրգանների թրաֆիքինգի համար. նրանք Լագոսից 21-ամյա մի երիտասարդի բերել են Մեծ Բրիտանիա՝ երիկամի փոխպատվաստման: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
60-ամյա սենատոր Այք Էկվերմադուն, նրա 56-ամյա կին Բեատրիսը և 50-ամյա բժիշկ Օբիննա Օբետան երիտասարդի երիկամը ցանկացել են փոխպատվաստել զույգի 25-ամյա դստերը՝ Սոնյային: Վերջինս ազատվել է նույն մեղադրանքներից:
Լագոսի փողոցային մանրավաճառ երիտասարդին Մեծ Բրիտանիա են տարել անցյալ տարի: Նա պետք է իր երիկամը տրամադրեր Լոնդոնի Royal Free Hospital հիվանդանոցում. փոխպատվաստումն արժենալու էր 80 հազար ֆունտ ստեռլինգ:
Երիտասարդը նշել է, որ իր օգնության դիմաց իրեն խոստացել են հնարավորություններ տրամադրել Մեծ Բրիտանիայում, սակայն ինքը հասկացել է, թե ինչ է տեղի ունենում միայն այն ժամանակ, երբ հիվանդանոցում հանդիպել է բժիշկներին:
BBC-ն միևնույն ժամանակ նշում է, որ երիկամ տրամադրելն անօրինական չէ, սակայն դա քրեորեն պատժելի է դառնում, երբ դրա դիմաց կա պարգևատրում կամ այլ նյութական օգուտ: Երբ պարզվել է, որ երիտասարդը չի համապատասխանում որպես դոնոր, Էկվերմադուները սկսել են Թուրքիայում փնտրել մեկ այլ դոնորի:
Սենատորը և նրա կինը հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները:
About the author