ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն փետրվարի 16-ին հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ներկայացրել է մինչդատական վարույթի վերաբերյալ տարեկան ցուցանիշների հավաքագրման և ամփոփման տվյալները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար` հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
About the author