«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանն է։
Վիճակագրություն 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 73 կին, որոնցից 27-ը դատապարտյալ, իսկ 46-ը՝ կալանավորված անձ։ Ինչպիսին է ընթացիկ տարվա վիճակագրությունը։
Ազատազրկման պատճառները Հայաստանում կանայք հիմնականում դատապարտվել են խարդախության, գողության, թրաֆիքինգի և մի շարք այլ հանցագործությունների համար։ Վերջին տարիների դատական և քրեաիրավական պրակտիկան արդյո՞ք վկայում է պատճառների շրջանակի ընդլայնման մասին։
Գենդերային հավասարություն փակ հաստատություններում Գենդերային քաղաքականությունը, որպես պետական ուղղություն, փոխել է գենդերային հավասարության ապահովման ընդհանուր պատկերը Հայաստանում։ Բայց արդյո՞ք նույն փոփոխությունները նկատվում են նաև ազատազրկված տղամարդկանց և կանանց իրավահավասարության ոլորտում։
ՄԱԿ-ի Բանգկոկյան կանոնները ՄԱԿ-ի Բանգկոկյան կանոնները սահմանում են կին բանտարկյալների հետ վարվելու սկզբունքները՝ խտրականության արգելք, բժշկական ծառայությունների մատչելիություն, գենդերային և հոգեկան առողջության հետ կապված ծառայությունների հասանելիություն, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություններ։ Արդյո՞ք այս կանոնները ամբողջությամբ տեղայնացված են և կիրառվում են Հայաստանում։
Իրավունքների խախտումներ Ազատազրկված կանանց ո՞ր իրավունքներն են առավել հաճախ խախտվում Հայաստանում։ Ի՞նչ խնդիրներ են առկա նրանց պաշտպանվածության, իրազեկվածության և արդար դատաքննության իրավունքի իրացման հարցում։
Իրազեկվածություն և իրավագիտակցություն Ազատազրկված կանայք տարբեր ժամկետներով են դատապարտված։ Նրանց մեղքի աստիճանը տարբեր է, տարբեր են նաև ճակատագրերը։ Բայց որքանո՞վ են նրանք տեղեկացված իրենց իրավունքների մասին և ցանկություն ունեն դրանք իրացնելու։ Ինչպիսի՞ է այսօր նրանց իրավագիտակցության մակարդակը։
Պահման պայմաններ Կանանց պահման պայմանների հետ կապված պետք է ապահովվեն տարրական նվազագույն չափորոշիչներ։ Այնուամենայնիվ, ըստ բաց աղբյուրների, «Աբովյան» ՔԿՀ-ում առկա են խնդիրներ՝ կապված տաք ջրի, մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների հետ։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ և ի՞նչ պետք է արվի՝ իրավիճակը բարելավելու համար։
About the author