ArmRadio.am: Երբ հանդիպում են քննիչն ու դպրոցականը․ «Դասը վարում է քննիչը». «Դպրություն»

ByAAVR

ArmRadio.am: Երբ հանդիպում են քննիչն ու դպրոցականը․ «Դասը վարում է քննիչը». «Դպրություն»

Անչափահասների և դեռահասների հետ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2023թ․ ապրիլից մեկնարկել է «Դասը վարում է քննիչը» ծրագիրը։ Ծրագիրը գործարկվել է որպես դեռահասների իրավագիտակցության բարձրացման, օրինապաշտ վարքագծի խրախուսման, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրման կառուցակարգ։

Դասընթացների հիմնական թեմաներն են եղել հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը և դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը և դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան և դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը և դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը և այլն։

Դասընթացներն ունեն հաջող ընթացք և շարունակական են։ 2023 թվականից մինչ օրս ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները ընդհանուր 229 դասաժամ են վարել մայրաքաղաքում և բոլոր մարզերում գործող հանրակրթական 81 ուսումնական հաստատություններում։

Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվել է փորձառություն, գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող, լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին։

«Ծրագիրը ներդրվել է դեռևս 2023 թվականին՝ քննչական կոմիտեի նախագահի հրամանի համաձայն։ Ծրագրի ներդրման հիմնական նպատակն էր անչափահասների իրավագիտակցության ձևավորմանը և զարգացմանը նպաստելը։ Իրավագիտակցությունը գաղափարների, հայացքների համակցությունն է, որն արտահայտում է մարդկանց վերաբերմունքը հասարակական կյանքի իրավական երևույթների նկատմամբ։

«Դասը վարում է քննիչը» խորագրով առարկայական ծրագրի դասավանդումը իրավագիտակցության ձևավորումից և զարգացումից բացի, ուներ նաև՝ ինչպես անչափահասների կողմից կատարվող, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման նպատակ»,– ասում է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական–վերլուծական և քրեագիտական վարչության (ՀԿԳ) հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հարություն Սրեյանը։

«Դասը վարում է քննիչը» ծրագիրը 3 բաղադրիչ է իր մեջ պարունակում։ Առաջինը՝ անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունների մասով ինչպես լուսաբանել, թե ինչպիսի հանցանքներ կարող են անչափահասներին թիրախ դարձնել, որպես հասարակության ավելի խոցելի մաս։ Երկրորդ՝ այս դասընթացն ունի նախականխիչ իմաստ։ Անչափահասին պետք է պարզ լինի չիկարելիներից որտեղ է ավարտվում պարզապես «չի կարելին» և սկսվում «չի կարելի» իրավախախտումը, առավել ևս՝ հանցավոր իրավախախտումը։ Երրորդ բաղադրիչը միտված է դպրոցական տարիքում սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշում ձևավորելու դիրքորոշմանը»,– ասում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ քննիչ Արամ Այվազյանը։

Ես «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասավանդել եմ Վանաձոր քաղաքում, հիմնական դպրոցներում։ Կարող եմ փաստել այն հանգամանքը, որ դասընթացները ոչ միայն նպաստեցին նրան, որ աշակերտների մոտ ձևավորվի որոշակի կայուն իրավագիտակցություն թե՛ իրենց իրավունքների, թե՛ հանցագործությունների վերաբերյալ, որոնց զոհ կարող են լինել իրենք, այլ նաև՝ վստահությանը իրավապահ մարմինների նկատմամբ»,– ասում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Արփինե Դավթյանը։

Link: https://hy.armradio.am/archives/664320

Share

About the author

AAVR administrator